Ոստիկանը մե՞րն է

Ոստիկանը մե՞րն է

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը երբեք չի փայլել օրինավորությամբ: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երկիրը, օտարների բնորոշմամբ, հարավկովկասյան տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակն» էր: Կամ նույնիսկ հիմա, երբ այն Նիկոլի շնորհիվ տարածաշրջանում վերածվել է «ժողովրդավարության փայլուն աստղի»: Եվ դա բնական է, քանի որ օրինավոր լինելու համար պետք է փոխվեր իրավապահ համակարգի աշխատակիցների մեկ-երկու տասնյակ սերունդ:

Այն էլ՝ օրենքի վրա հիմնված նորմալ պետության եւ ոչ թե օտարածին անհիմն բնութագրումներով երկրի պայմաններում: Եվ բացի դրանից, որպեսզի նշված համակարգն օրինավոր լինի, անհրաժեշտ է, որ հասարակությունն իր ամբողջության մեջ լինի օրինապահ: Ասենք, եթե մենք շվեյցարական իրավակարգ ենք ցանկանում ունենալ, ապա հասարակությունն էլ պետք է լինի շվեյցարական տիպի: Այնպես որ, եթե ես ասում եմ 5-10 սերունդ, ապա չի բացառվում, որ ցանկալին ունենալու համար պահանջվի եւս մի այդքան ժամանակ: 

Սակայն հասարակությունը, որքան էլ այսօր այն թվայնացված լինի, ինքնին թվային աշխարհ չէ: Ինչը նշանակում է, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող կյանքի այդ ոլորտում երկու անգամ երկուսը միշտ չէ, որ հավասար է չորսի: Երբեմն այն կարող է հավասար լինել երկուսի, իսկ երբեմն՝ նույնիսկ ութի: Դա կախված է հասարակության եւ նրա առաջընթացի որակից եւ տեսակից: Եթե, իհարկե, կոնկրետ որեւէ հասարակություն չի բռնել ինքնաոչնչացման ճանապարհը:

Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա հայաստանյան իրականությունն է: Այնուամենայնիվ, վերադառնանք նորմալ եւ զարգացող պետություններին: Նման երկրներում հասարակության առաջընթացն արագացնողը իշխանությունն է: Այն կարող է ձեւավորվել էվոլյուցիոն կամ ռեւոլյուցիոն (հեղափոխական) ճանապարհով: Կամ էլ հեղափոխական «պայթյունից» հետո աստիճանաբար անցում կատարել էվոլյուցիոն (ուշ լատիներենով՝ շրջադարձ, շրջապտույտ, վերափոխում, փոխակերպում) ընթացքին: Էվոլյուցիոն ընթացքի դեպքում, որքան էլ իշխանությունը ձգտի արագացնել գործընթացը, այն չի կարող ապահովել թռիչքաձեւ զարգացում: Թռիչքաձեւ զարգացումը բնությունը վերապահել է ռեւոլյուցիոն ընթացքին: Այն տեղի է ունենում, երբ ռեւոլյուցիոն ընթացքի սկիզբը, այսինքն՝ բուն հեղափոխությունը, իրականացնում է գործունյա, գործին նվիրյալ, ազնիվ ու արդարամիտ գործիչների համախումբը՝ համապատասխան ղեկավարով: Եվ այդ թիմն էլ առաջ է տանում հետհեղափոխական ծանր աշխատանքը՝ ապահովելով հասարակության, բնության կամ գիտելիքի թռիչքաձեւ զարգացումը։

Հենց վերը նշված թիմի առկայության դեպքում կարող է ապահովվել դրական զարգացում: Սակայն, ինչպես վկայում են հեղափոխությունների պատմությունները, հազվադեպ է պատահում կամ ընդհանրապես չի պատահում, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումներն իրականացվեն վերը նշված թիմով: Եթե առկա չի լինում նման թիմ, ապա ռեւոլյուցիոն ընթացքը երկիրը կարող է տանել ակնհայտ կործանման՝ բախվելով անտեսանելի թվացող ստորջրյա խութերին: Կամ էլ, որպես դրա տարատեսակի՝ հանգեցնելով ներքին բախումների տեսքով երկարատեւ արյունահեղության: Ինչը պակաս վտանգավոր չէ, եթե արտաքին թշնամին ատամները սրած սպասում է դրան: Կամ էլ ռեւոլյուցիոն ընթացքը տեղապտույտ է տալիս (դա՝ լավագույն դեպքում), տեղի է ունենում հետընթաց:

Հենց այդ փորձառության հիման վրա է ծագել այն միտքը (հեղինակը բրիտանացի հրապարակախոս, գրող, պատմաբան եւ փիլիսոփա Թոմաս Քարլայլն է՝ 1795-1881), որ «Յուրաքանչյուր հեղափոխություն ծրագրում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են անուղղելի սրիկաները»: Կամ նույն հեղինակի մեկ այլ ձեւակերպմամբ՝ «Յուրաքանչյուր հեղափոխություն պատրաստում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, օգտվում են սրիկաները»: 

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ընթացքում մենք խուսափեցինք ներքին բախումներից: Բայց խաղաղ, ոչ բռնի կամ թավշյա կոչված հեղափոխության (իրականում՝ հեղաշրջման) խաղաղ բնույթը պայմանավորված էր ոչ թե բողոքավորների վեր պարզած բաց ձեռքերով, այլ Սերժ Սարգսյանի հանդուրժողականությամբ: Սակայն մեզանում հեղափոխության իրականացումը եւ օգտվելը համատեղվեց: Ծրագրման մասին դեռ ոչինչ ասել հնարավոր չէ՝ դա ավելի ուշ կբացահայտվի: Եվ ինչպես խոստովանեց հեղափոխականնների առաջնորդը, ինքը բարձր պաշտոններ զբաղեցնողներին պարգեւավճարների հատկացման գաղտնի հանձնարարական էր տվել, որպեսզի թիմի անդամները հեռու մնան պետական բյուջեից: Իսկ թիմի անդամներից մեկն էլ հայտնել էր, որ իրենք նվիրյալների թիմ չեն, որպեսզի հրաժարվեն լրացուցիչ գումարներից: Արդյունքում մեզանում ռեւոլյուցիոն ընթացքն ինչ-որ ոլորտներում տեղապտույտ է կատարում, իսկ այլ ոլորտներում նույնիսկ տեղի է ունենում հետընթաց:

Իրավապահ համակարգն էլ հենց այն ոլորտն է, որտեղ տեղի է ունենում նշված հետընթացը: Իսկ 2018-ի մայիսին ես կարծում էի, որ այն բռնելու է իրական ժողովրդավարացման ճանապարհը: Հատկապես երբ բարձրաձայնվեց «Ոստիկանը մերն է» կարգախոսը: Սակայն մեզանում հեղափոխություն կոչվածը, ինչպես շատ արագ բացահայտվեց, ոչ թե արժեքային բնույթ ուներ, այլ լուծում էր զուտ Արցախը հանձնելուն կոչված իշխանափոխության խնդիր: Եվ նշված համակարգին էլ հատկացված էր իշխանության եւ ոչ թե օրինականության պահպանման դերակատարում: Ինչպես ժամանակին արտահայտվել էր ոստիկանության բարձր պաշտոնյա Հովհաննես Թամամյանը, իրենք կոչված են պահպանելու իշխանությունը, ինչպիսին էլ այն լինի, եւ ով էլ կանգնած լինի դրա գլխին:

Նման պայմաններում տեղի է ունենում ոչ թե ողջ համակարգի (այդ թվում ոստիկանության) ժողովրդավարացում, այլ՝ հետընթաց: Այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող իրականության վերականգնում ավելի կոպիտ տարբերակով: Ինչին, բնականաբար, նպաստում է շարքային քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու պրակտիկան: Եվ այդ հարցում պետք է իր դերն ունենար առաջին հերթին հենց ոստիկանությունը, այնուհետեւ՝ դատախազությունը եւ, վերջապես՝ դատավորները: Ինչը տեղի չունեցավ, եւ անօրինականության այդ շքահանդեսը հատկապես բացահայտվեց տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքային ավագանիների) ընտրություններում: Այդ իրավիճակի վրա որեւէ բարեփոխիչ ազդեցություն չթողեցին եւ տեսականորեն չէին էլ կարող թողնել արտերկրյա դրամաշնորհներով ոլորտի կառուցվածքային կամ այլ տեխնիկական վերակառուցումները: