Փորձության ժամանակը

Փորձության ժամանակը

Ընդդիմությանը մեր երկրում հազվադեպ են լուրջ վերաբերվել։ Իսկ իշխանություններին, անգամ կոնկրետ պաշտոնյաներին, ուղղված հրաժարականների պահանջները, որպես կանոն, չեն բավարարվել։ Ժամանակին Վազգեն Սարգսյանին քննադատողների բերանը փակելու համար ՀՀ առաջին նախագահն ընդդիմախոսներին հանդիմանեց, թե՝ Վազգենի ճկույթը չարժեք։ Իսկ իր պատուհանների տակ «Լե-ւոն, հե-ռա-ցիր» կոչերին ի պատասխան ասում էին, թե Լեւոն Զուրաբյանին կատակով ասել էր․ «Լեւոն, չե՞ս լսում՝ քո հեռացումն են պահանջում»։ Ավելի ուշ արդեն ոչ թե կատակ էին անում, այլ ջրցաններ ու մահակներ կիրառում հրաժարական պահանջողների նկատմամբ։

Ռոբերտ Քոչարյանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ ընտրությունն ուղեկցվեց զանգվածային հանրահավաքներով, իսկ 2004-ին արդեն, երբ մարդիկ պահանջում էին իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնել, մայրաքաղաքը պատվեց փշալարերով, ու ջրցան մեքենաները ցրեցին Բաղրամյան 26-ի միտինգը։ 2008-ին արդեն ընդվզող մարդկանց բազմությունը բախվեց ոստիկանության եւ բանակի կուռ շարքերին, ու մենք 10 զոհ ունեցանք։

Բայց հանուն արդարության պետք է ասել, որ 2008-ից հետո սկսվեց քաղաքացիական հասարակության կայացման շրջանը, երբ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ոչ միայն չէին խեղդում «արյան մեջ», այլեւ երբեմն անգամ ընդառաջում էին հանրային պահանջներին։ Դրա օրինակներից էին Մաշտոցի պուրակի համար պայքարը, «Էլեկտրիկ Երեւան» շարժումը, եւ վերջապես՝ 2018 թվականի իշխանափոխությունն էլ գործող իշխանությունների արագ ու առանց դիմադրության նահանջելու արդյունքում իրականացավ։ Այսօր եկել է նոր իշխանությունների փորձության ժամանակը՝ կանսա՞ արդյոք այս իշխանությունը հանրային պահանջին, եւ կհեռանա՞ արդյոք Արայիկ Հարությունյանը։