Սերժ Սարգսյանին անպայման հրավիրելու ենք

Սերժ Սարգսյանին անպայման հրավիրելու ենք

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է։ Այն ստեղծվել էր 6 ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրեր ու համապատասխան քննություն անցկացներ ապրիլյան քառօրյայի վերաբերյալ։ Հանձնաժողովը ստեղծվեց մայիսի 31-ին, սակայն իշխանությունը մտադիր է եւս վեց ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը․ հարցն ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։ Թե ինչ սենսացիոն բացահայտումներ է արել այդ հանձնաժողովը, որ մի հատ էլ երկարացնում է հանձնաժողովի ժամկետը, առայժմ չեն ասում։ Հանձնաժողովի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, վստահեցնում է, որ արել են բացահայտումներ։ Զրուցել ենք Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, ԱԺ-ին եք դիմել հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարացնելու առաջարկով, ներկայացրել եք զեկույց ձեր արած-չարածի վերաբերյալ եւ պետք է հիմնավորեք, թե ինչու եք առաջարկում ժամկետը երկարաձգել։ Ինչպիսի՞ սենսացիոն բացահայտումներ եք արել այս ընթացքում։

- Քանի որ աշխատանքները բազմաբովանդակ են ու լայնածավալ, եւ այս ժամանակահատվածում հնարավոր չի եղել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ուսումնասիրություններն ավարտին հասցնել, ուստի, այո, առաջարկել ենք վեց ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Աշխատել ենք ինտենսիվ, իհարկե, արդյունքները չեն ներկայացվել հանրությանը, հանրային ամփոփումներ չեն եղել, կարծում եմ նաեւ, որ առաջիկա վեց ամսում գուցե ավելի շուտ կավարտենք մեր աշխատանքները եւ ամփոփ տեղեկատվություն կներկայացնենք։

- Երկարաձգելու հիմնավորումն այն է, որ չե՞ք հասցրել։

- Կան նաեւ անձեր, նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որոնք իրենց դիրքորոշումները, բացատրությունները, տեղեկատվությունը պետք է տրամադրեն հանձնաժողովին, նրանց շրջանակը բավականին լայն է, հիմնականում սրանով պայմանավորված է, որ ցանկանում ենք երկարաձգել։

- Բայց վեց ամիսը քիչ ժամանակ չէ, ինչ-որ բան պետք է հասցրած լինեիք։ Կասե՞ք, թե ինչպիսի բացահայտում եք արել, եթե չեք ասում, մարդիկ կարող են, չէ՞, կասկածել, որ ձեր գոյությամբ ընդամենը որպես քաղաքական մահակ եք ծառայելու։

- Ես բազմիցս եմ ասել, որ քաղաքական կոմպոնենտը բացառվում է, իսկ որ մենք հսկայական աշխատանք ենք արել, դա կարող եմ վստահեցնել, պարզապես վեց ամսվա ընթացքում հնարավոր չէ այդ ամենն ի մի բերել, մեկ աղբյուրից ստացված տեղեկատվությունը պետք է հիմնավորվի մի քանի աղբյուրից ստացած տեղեկությունների հետ։ Մենք համապատասխան հիմնավորում ենք կազմել, թե ինչու պետք է երկարացնել։ Իսկ քանի չենք ավարտել, չենք հրապարակում արդյունքները, որովհետեւ հանձնաժողովի գործունեությունը գաղտնի է, բայց որ ահռելի աշխատանքներ են արվել, փաստ է։

- Պարոն Խաչատրյան, հանձնաժողովին դեռեւս չի հաջողվել, այսպես կոչված, «խոշոր ձկների» բերման ենթարկել։

- Մենք հրավիրել ենք մարդկանց, ովքեր կարող են տեղեկատվություն տրամադրել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել։ Մենք նույնիսկ շարքային զինվորների ենք հրավիրել, որոնց հայտնած տեղեկատվությունը գուցե ավելի արժեքավոր է եղել, քան ավելի բարձր պաշտոններ զբաղեցնողներինը։ Ինչ վերաբերում է նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց, կարող եմ վստահեցնել, որ նրանց էլ ենք անպայման հրավիրվելու։ 

 - Հանձնաժողովի նախագահը խոստանում էր, որ մինչեւ տարեվերջ Սերժ Սարգսյանը կներկայանա հանձնաժողովին, որ  դա անխուսափելի է։ Ծանուցում ուղարկե՞լ եք ՀՀ երրորդ նախագահին, եւ առհասարակ՝ կա՞ն մարդիկ, որոնց ծանուցել եք, բայց չեն եկել, կամ՝ ո՞ր նախկիններին ու ներկաներին եք պատրաստվում առաջիկայում ծանուցել։

- Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանին անպայման հրավիրելու ենք, պաշտպանության նախկին նախարարին՝ եւս, ինչպես նաեւ այլ նախկին բարձրաստիճանների։ Չի եղել մեկը, որ ծանուցենք, ու չգա։

- Իսկ գործող նախարար Դավիթ Տոնոյանին ինչո՞ւ չեք հրավիրում, այդ դեպքերի ժամանակ էլ նա համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում։

- Առայժմ մենք այդպիսի ծրագիր չունենք, որ ներկա նախարարին հրավիրենք, բայց որեւէ բան չի բացառվում։ Եթե կանչվածներն  այնպիսի տեղեկություն կհայտնեն, որոնց ճշգրտությունը հաստատելու համար անհրաժեշտ կլինի նախարարի խոսքը լսել, անշուշտ, կհրավիրենք։

- Դավիթ Տոնոյանը վերջերս անդրադարձավ այս հանձնաժողովին, նրա մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ լուրջ չի վերաբերվում, ամեն դեպքում՝ ասել է, որ բացառում է, թե ապրիլյան պատերազմի ընթացքում հայաստանյան կողմից դավադիր գործողություններ են եղել, ինչպիսի պնդումներ որ կան։

- Ես տեղյակ չեմ գործող նախարարի դիրքորոշմանը, բայց չեմ կարծում, թե որեւէ մեկն այս երկրում անլուրջ վերաբերվի այս հանձնաժողովին, վստահ կարող եմ ասել, որ հանձնաժողովն ամենածանրակշիռ կառույցներից մեկն է, եւ նրա աշխատանքներից են կախված մեր երկրի հետագա պաշտպանության ունակությունները։

- Չասացիք՝ ե՞րբ եք Սերժ Սարգսյանին հրավիրելու։

- Դեռեւս օրվա եւ ժամի մասին տեղեկություն չկա, թե երբ պիտի հրավիրվի, բայց մոտակա ժամանակում հաստատ կլինի։

- Մինչեւ տարեվե՞րջ։

- Հնարավոր է։ Ավելին, չեմ կարծում, որ երկրի նախկին նախագահը հրաժարվի ներկայանալ, որովհետեւ այսօր տեղեկություններ հայտնել, ամփոփել, վերլուծելը միտված է հետագայում պատերազմական վիճակների բացառմանը կամ նվազագույն կորուստներով դուրս գալուն։ Չներկայանալը կնշանակի այդ միտումներին խոչընդոտել։