Լուկաշենկոն գոյություն չունի առանց բռնության գործիքների

Լուկաշենկոն գոյություն չունի առանց բռնության գործիքների

Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ա․ Լուկաշենկոն միանձնյա հեծնում է Բելառուսի Հանրապետությունը՝ դառնալով սեփականատերը պետության և տնօրինողը մարդկային ճակատագրերի։ Նա ինքն իրեն նույնացրել է Բելառուսի հետ՝ հիմքում դնելով անփոխարինելիության այն հայտնի միֆը, որի համաձայն Բելառուսի գոյությունը առկախված է իր գոյությունից։ Այսինքն, եթե կա Լուկաշենկոն, ապա կա նաև պետությունը, եթե Լուկաշենկոն բացակայում է, ապա Բելառուսի գոյությունն ընդհանրապես անիմաստ է։ 

Հենց այս միֆի սպասարկման և լեգիտիմության ապահովման համար է նախատեսված բռնությունների այն զորեղ ալիքը, որը վերջին շաբաթներին կիրառվեց Բելառուսում։ Այս պարագայում այլընտրանք չկա, քանի որ անհանգիստ երիտասարդությունն այլևս չի հավատում Բածկայի անփոխարինելիության միֆին։ Նրանք թքած ունեն այն հոինված ավանդույթի վրա, իբրև թե Բելառուսը անպայման պետք է միահեծան և ինքնակալ դիկտատորի անհրաժեշտություն ունենա, որի իշխանությունը խորհդանիշն է անքննելի արդարության։ 

Եթե միֆին այլևս սկսում են չհավատալ, ապա պետք է գործի անցնի բռնությունը։ Այսինքն, Մինսկի փողոցներում մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրում Բածկայի անփոխարինելիության միֆը՝ իհարկե ուժայինների մարմնավորմամբ։ Իսկ բռնության ընթացքում միֆը դառնում է այն, ինչ-որ իրականում կա։ Այդ պահին առաջնային պլան է մղվում դրա դատարկ էությունը, ինչի հետևանքով էլ մերկացվում և կազմաքանդվում են բոլոր այն հեքիաթները, որոնց ներգործությամբ ռեժիմը տարիներ շարունակ լվացել է քաղաքացիների գլուխները։ 

Ի դեպ արժե նկատել, որ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, բայց այն ինչ կատարվում է Բելառուսում, չի կարելի ներկայացնել որպես շարքային բախում։ Դա սադիստական հաշվեհարդար է, բռնության միջոցով մարդկանց ոչնչացնելու և հպատակեցնելու ակցիա։ Այլ խոսքով ասած իշխանությունը բռնի ուժով փորձում է քաղաքացիներին դարձնել իր հանցագործ էության ջատագովը։ 

Ասվածի համատեքստում գալիս ենք այն եզրակացությանը, որ Մինսկի փողոցներում իրականացվող բռնությունը Եվրոպայի վերջին դիկտատորի միֆի առարկայական ու գործնական դրսևորումն է։ Այս իմաստով բռնությունը դոկտրինի կարգավիճակ է ձեռք բերում, այն Լուկաշենկոյի գոյության կոնցեպտուալ գործիքն է, որի միջոցով իմաստավորվում և արժևորվում է ռեժիմի շարունակականությունը։ Պատկերացրեք եթե նա զրկվի բռնության գործիքներից, ապա ի՞նչ կլինի նրա հետ։ Վստահաբար 5 րոպե էլ չի դիմանա, քանի որ առանց բռնության գործիքների նա ընդամենը դատարկ տարածություն է, և նրան անմիջապես կոչնչացնեն։ Եվ իսկապես այս  հարցադրումը չափազանց կարևոր է․ ո՞վ է Լուկաշենկոն առանց բռնության գործիքի, թերևս՝ ոչ ոք։ Օրինակ մենք կարող ենք ասել, թե ովքեր են Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը, քանի որ Մակրոնի և Մերկելի գոյությունը որևէ կերպ պայմանավորված չէ բռնության գործիքներով։ Ահա, սա է պատճառը, թե ինչու է Լուկաշենկոն ատում աշխարհին և արհամարհում ժողովրդավարական երկրներին։ Նրան անհասկանալի են առանց ֆիզիկական բռնության ձևավորվող և կազմավորվող ներհանրային փոխհարաբերությունները։ Այս պարագայում չափազանց կարևոր է շեշտադրել երևույթի ֆիզիկական բաղադրիչը, քանի որ պետությունը ինքնին կամավոր բռնության միջոց է, բայց այս պարագայում խոսքը ֆիզիկական, հալածող ու հպատակեցնող բռնության մասին է, որը որոշակի ազատություններ սահմանափակող պետական համակարգը վերածում է կտտանքների մեխանիզմի։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ արդի Բելառուսը սեփական քաղաքացիներին կտտանքների ենթարկող համակարգ է։ 

Լուկաշենկոն պետք է հեռանա, քանի որ նրա հեռացումով է պայմանավորված պետության և հանրության զարգացման հետագա ընթացքը։