Մի կարեւոր ուղղում

Մի կարեւոր ուղղում

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերջին մամուլի ասուլիսն է անցկացրել, անդրադառնալով արտաքին գործերի նախարար նշանակվելու մասին լուրերին, դա բացատրել է գործադիր իշխանության մեջ նախկինում իր զբաղեցրած դիրքով, որ «երկուսուկես տարի եղել է ԱԳ նախարար»: Հարկ է մի կարեւոր ուղղում անել. Աշոտ Ղուլյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2002 թ. հոկտեմբերին, ընդ որում՝ կառավարություն ձեւավորելու շրջանակներում նախագահ Արկադի Ղուկասյանի վերջին հրամանագրով եւ զբաղեցրած պաշտոնից ազատվել 2004թ. դեկտեմբերին ու նշանակվել կրթության եւ գիտության նախարար: Ստացվում է, որ երկուսուկես տարի նա արտաքին գործերի նախարար չի պաշտոնավարել:

Թե ինչու՞ է նա այսօր «մոռանում» ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու հանգամանքը՝ մնում է ենթադրել: Աշոտ Ղուլյանը տպավորություն է ստեղծում, թե ինքն Ազգային ժողովի նախագահ է ընտրվել՝ թողնելով արտգործնախարարի պաշտոնը: Այդ դեպքում նրա վերադարձն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնին միանգամայն տրամաբանական, նույնիսկ օրինաչափ է պատկերվում: Եւ բոլորովին այլ պատկեր է ստացվում, երբ պարզվում է, որ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել, նշանակվել է ԿԳ նախարար եւ միայն դրանից հետո ընտրվել ԱԺ նախագահ: Քաղաքական կենսագրության այս « սպիտակ էջը»հարցերի տեղիք է տալիս:

Մասնավորապես, ինչու՞ նշանակումից հազիվ երկու տարի անց Արկադի Ղուկասյանը որոշեց Աշոտ Ղուլյանին փոխարինել Արման Մելիքյանով: Դա Աշոտ Ղուլյանի քաղաքական ձախողու՞մն էր, թե՞ ընդհանուր իրավիճակն էր թելադրում նրան 15 տարով «մշտական գործուղման» ուղարկել Ազգային ժողով: Եւ եթե այսօր Աշոտ Ղուլյանը «սրբագրում է» իր քաղաքական կենսագրությունը, դրանից չի՞ հետեւում, որ նա, իրոք, արտգործնախարարի պաշտոնի հավակնություն ունի: Բայց դիվանագիտական աշխատանքը համատեղելի՞ է կուսակցական գործունեության հետ: Թե Աշոտ Ղուլյանը պատրաստվում է ԱԺԿ «անառագաստ նավի» ղեկը փոխանցել ուրիշի՞: