Վեց քրեական գործ կա հարուցված, բոլորը նախաքննության փուլում են. Վահագն Գևորգյան
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, ով Գագիկ Ծառուկյանի ընկերն ու թիմակիցն է, 2018-ից սկսած՝ խնդիրներ ուներ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Ռոմանոսի ցուցումով եւ ակտիվ ջանքերով՝ Վահագն Գեւորգյանի ու նրա ղեկավարած հիմնարկի դեմ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, մի մասը փակվեց, մյուս մասը հեռանկար չունեցավ։ Այս տարվա հուլիսին, սակայն, Ռոմանոս Պետրոսյանը, ով խնդիրներ ուներ մարզի գրեթե բոլոր համայնքապետերի հետ ու, մեղմ ասած՝ լավ համբավ չուներ մարզում եւ իր ծննդավայր Աբովյանում, ազատվեց պաշտոնից ու նշանակվեց շրջակա միջավայրի նախարար։
Կոտայքի մարզպետի՝ թափուր մնացած պաշտոնում նոյեմբերի 26-ին նշանակվեց Սասուն Միքայելյանի մերձավորներից մեկը՝ Մեսրոպ Մեսրոպյան անունով։ Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ արդեն հասցրե՞լ է առնչվել նորանշանակ մարզպետի հետ, ի՞նչ հարաբերություններ են ձեւավորվել։
«Դեռ չեմ հասցրել, բայց վստահ եմ, որ առաջիկա օրերին կհանդիպենք։ Ես մի քանի օր արձակուրդում եմ եղել եւ միան ներկայացման օրն եմ տեսել, հետո հանդիպման առիթ չի եղել»,-ասաց նա։
- Դրակա՞ն եք գնահատում նախկին մարզպետի հեռանալը, նորի գալը։
- Դե, համենայնդեպս, մեր աշխատանքները բնականոն հունով ընթանում են, ծրագրային որեւիցե քննարկում չի եղել, երբեւիցե նրան չեմ էլ ճանաչել, չեմ շփվել, որ կարծիք հայտնեմ։
- Ասում են՝ Սասուն Միքայելյանի մերձավորն է, Միքայելյանն էլ Ձեզ հետ կարծես վատ հարաբերություններ չունի, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս անգամ Աբովյանի քաղաքապետի ու Կոտայքի մարզպետի միջեւ լարվածություն չի առաջանա։
- Գիտե՞ք ինչ, մարզպետարան ու համայնքապետարան հարաբերությունները պայմանավորված չպիտի լինեն ինչ-որ մեկի բարեկամ կամ ծանոթ լինելու գործոնով։ Սա պետական լուրջ ինստիտուտ է՝ տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը։
- Բայց մենք տեսնում ենք, որ հաճախ հենց դրանով է պայմանավորված լինում, նախորդ մարզպետի հետ, օրինակ, անձնական խնդիրներ ունեիք։
- Դե, նախորդ մարզպետը՝ իր տեղը, նախորդ մարզպետի մասին շատ ենք խոսել, նաեւ՝ հարաբերությունների մասին, իր կարծիքը՝ Աբովյան համայնքի մասին, իր արածը՝ Աբովյանի հետ կապված, դա արդեն անցած էտապ է։
- Բայց ասում են՝ Ռոմանոս Պետրոսյանի ազդեցությունը մարզում դեռեւս զգալի է, Դուք նկատո՞ւմ եք նման բան։
- Ես, համենայնդեպս, չեմ նկատում։
- Դուք Փաշինյանի դեմ ակցիաներին մասնակցում եք երբեմն, ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը։
- Այն, ինչ որ կա, հրապարակային մենք մեր կարծիքն արտահայտել ենք։
- Աբովյան համայնքի ավագանու 15 անդամներից 12-ը պահանջում են Փաշինյանի հրաժարականը, այսինքն՝ նաեւ քաղաքապե՞տն է միացել այդ պահանջին։
- Քաղաքապետի կարծիքը Դուք բավականին երկար ժամանակ է՝ գիտեք։
- Իսկ քաղաքում տրամադրությունները, ընդհանուր, ինչպիսի՞ն են։
- Դե, չեմ կարող ասել, դրա համար պիտի վստահության հանրաքվե անցկացնես, ես կարող եմ ասել միայն իմ նեղ շրջապատի կարծիքը։ Տարբեր են կարծիքները, նույնիսկ կարծիքների բախում կա, բայց գոնե գերակշիռ մասն իր կարծիքն արտահայտել է։
- Ձեր դեմ հարուցված քրեական գործերից ի՞նչ նորություն կա, քանի՞ գործ կա այս պահին հարուցված, որն ի՞նչ ընթացքում է գտնվում։
- Վեց քրեական գործ կա հարուցված, բոլորը նախաքննության փուլում են, ու մի բոլ վարչական դատարաններում գործեր ունենք։ Իսկ անձամբ ինձ մի քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավել, խոսքը վերաբերում է Աբովյան քաղաքում «Մուլտի գրուպի» կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցմանը։ Բոլորը նախաքննության փուլում են։
- Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նմանատիպ քրեական գործերը հօ՞դս կցնդեն, համարում եք, որ սրանք բոլորը քաղաքական ենթատեքստո՞վ հարուցված քրգործեր են։
- Ախր քրեական գործեր ընդհանրապես չպիտի հարուցվեին՝ էդտեղից սկսեմ, որովհետեւ էդ բոլոր քրեական գործերը հարուցվել են մեկ մարդու խնդրանքով, ցուցումով, գրությամբ կամ ուղղորդմամբ։
- Ռոմանոս Պետրոսյա՞նն է այդ մեկ մարդը։
- Դե, ես բոլորին էլ բազմիցս ասել եմ, թե էդ մեկ մարդն ով է։ Այդ մեկ մարդու ցուցումով հարուցվել են քրեական գործեր, ինչի մասին ես ժամանակին ասել եմ, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական տիրույթում ես պատրաստ եմ պատասխան տալու։
- Դուք կարծում եք՝ նոր մարզպետը կթոթափի՞ լարվածությունը մարզում, համայնքապետերի հետ հարաբերություներում։
- Մինչեւ աշխատանքային փուլ չմտնի մարզպետը, մինչեւ չծանոթանա համայնքում եղած խնդիրներին, ես գոնե էս պահին գնահատական տալ չեմ կարող։
- Արդեն տեղեկություններ կան, որ որոշ համայնքապետերի ուղղությամբ արդեն որոշակի ճնշումներ գործադրվում են։
- Գոնե էս պահին, էլի եմ ասում, ինձ հետ հանդիպում չի եղել, որ ասեմ, ընթացիկ փաստաթղթաշրջանառություն է եղել միայն, դրանից զատ՝ ես որեւիցե խնդիր գոնե էս պահին չեմ տեսել, որ կարող եմ արձանագրել, բարձրաձայնել։
Կարծիքներ