Օսվենցիմին հաջորդում է Նյուրնբերգը

Օսվենցիմին հաջորդում է Նյուրնբերգը

Նիկոլն իրեն մեղավոր չի ճանաչում իր բանականության ու խղճի առաջ եւ, բնականաբար, չի գնում ինքնադատաստանի` ընթերցելով սեփական հրաժարականի տեքստը՝ ի լուր սպասող հանրության: Օրենքը նույնպես մեղավոր չի տեսնում նրան եւ չի հարուցում քրեական գործ` հեռացնելով զբաղեցրած աթոռից,  հակառակ այն պնդումներին, որ պատերազմի հենց սկզբից դադարեցրել է բանակի համալրումը եւ կանոնավոր բանակը վերածել ջոկատների: Այդ ռազմավարությունը մեզ հայտնի էր անցյալ դարի 90-ականների սկզբին` որպես ֆիդայական ջոկատներ, երբ դեռ չունեինք բանակ: 

Փոխարենը Նիկոլին մեղավոր է համարում հասարակության դատարանը, նա որտեղ էլ որ հայտնվում է ու երեւում մարդկանց, արժանանում է ժողովրդի դատին: Սյունեցիները փակեցին մայրուղին, եւ ընդհատվեց երկրի վարչապետի այցն այդ մարզ, պարզապես փախավ ուղղաթիռով իր ժողովրդից: Փակեցին, որովհետեւ Սյունիքը դիրք առ դիրք հանձնում է թշնամուն: Չափագրման սարքը ձեռքին՝ ադրբեջանցին որոշում է, թե որտեղով է անցնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Սյունիքի հատվածում: Նոր սահմանագծման հետեւանքով սյունեցին հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչի հետեւանքով էլ արդեն կան դեպքեր, որ մարդիկ վառում են տները, գյուղի դպրոցը եւ հեռանում: Իսկ Գորիս-Կապան մայրուղին տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի տարածքով: Բայց մեր երկրի վարչապետն ասում է, որ այդ արվում է սյունեցիների անվտանգության նկատառումով: Բան չասացի, գուցե գիժը մենք ենք, որ չենք հասկանում: 

Ինչեւէ, հիշո՞ւմ եք նման դեպք, որ երկրի վարչապետի, նախագահի կամ թագավորի ճանապարհը ժողովուրդը փակի եւ թույլ չտա այցելել մարզեր կամ գավառներ` մերժելով, համարելով նրան անարժան եւ իրենց ողբերգության ու հայրենիքի դժբախտության պատճառ:  Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ հոգեւորականը մերժի վարչապետին Աստծո տաճարում` պարզած ձեռքն օդում թողած, նզովելով, թե՝ սպասիր Աստծո դատաստանին: Մեզ հասել է պատմությունից մի դրվագ, երբ Ներսես Մեծն անհնազանդություն է ցուցաբերում Պապ թագավորի նկատմամբ` եկեղեցուն հալածելու համար: Բայց սա այդ դեպքը չէ, առավել եւս, որ Նիկոլը Պապ չէ, թեեւ Պապը Նիկոլի սիրած թագավորն է: Բայց պատմության առաջ մեղք գործած կլինենք, եթե Ներսես կաթողիկոսի ու Պապ թագավորի եւ Պարգեւ քահանայի ու Նիկոլ վարչապետի դիպվածների միջեւ համեմատություն անցկացնենք: Մենք մի դեպք հիշեցինք պատմությունից, բայց Նիկոլի հետ նույն դեպքը մեկ ամսում պատահեց երկու անգամ: Առաջինը Գյումրիում էր` դեկտեմբերի 7-ին, երբ սրբազանը պատարագ չմատուցեց նրա ներկայությամբ: Նիկոլն ընդամենը երկու եկեղեցի է մտել, թող փորձի երրորդն էլ մտնել, եւ կտեսնենք:  

Եվս մի դեպք․ հիշո՞ւմ եք, երբ երկրի վարչապետը գնա Եռաբլուր, իսկ զոհվածների հարազատները փակեն ճանապարհը` համարելով նրան անարժան ու սրբապիղծ, եւ թույլ չտան, որ մոտենա շիրիմներին: Այս տեսարաններն ավելի խայտառակ են, քան ստորագրած մեր պարտությունը, Արցախի կապիտուլյացիան: Մենք մեր պատմության ամենախայտառակ դրվագներին ենք ականատես լինում շնորհիվ Նիկոլի, եւ հենց նրա ձեռքն է, որ գրում է պատմության այդ էջերը: Բայց դրանից Նիկոլն իրեն հպարտ է զգում, համենայնդեպս՝ այդպես է ցույց տալիս: Մեսչյանը մի երգ ունի, որում հարցնում է` ե՞ս եմ խելագարվել, թե՞ աշխարհն է խելագար: Հիմա, Նիկոլ, դո՞ւ ես խելագարվել, թե՞ մենք ենք խելագար: Արցախը դարձավ հայկական Օսվենցիմ, Հոլոքոստ, բայց մենք ունենք մեր եզրույթը` ցեղասպանություն: Իսկ Օսվենցիմին հաջորդում է Նյուրնբերգը` առայժմ ժողովրդի դատով:

Հուսիկ Արա