ՆԱՏՕ-ի սպասվող տրանսֆորմացիան Մադրիդում 

 ՆԱՏՕ-ի սպասվող տրանսֆորմացիան Մադրիդում 

Այսօր Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը ոչ միայն դիվանագետների, լրագրողների, փորձագետների եւ այլոց կողմից է կոչվել բեկումնային ու պատմական, իսկ երեկ Բրյուսելում, գագաթնաժողովին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն անձամբ հայտարարել է, որ մադրիդյան գագաթնաժողովը լինելու է տրանսֆորմացիոն: Եվ այս փոխակերպման հիմնական մեխը, ծանրության կենտրոնն այն է, որ Մադրիդում հաստատման ներկայացվող ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգում (Strategic Concept) Ռուսաստանը հռչակված է «ամենանշանակալից եւ ուղիղ սպառնալիք ՆԱՏՕ-ի անվտանգությանը»:

Հետագա քայլերն արդեն մշակվում են այդ հստակեցված սպառնալիքին դիմակայելու տրամաբանությամբ: Պատկերացնելու համար, թե ինչ քայլերի, ինչ կարգի տեղաշարժի մասին է խոսքը, բավական է մեկ թվային ցուցանիշ: Երբ 2014-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի սանձազերծումից եւ Ղրիմի բռնակցումից հետո, Արեւելյան Եվրոպայի երկրները, հատկապես Մերձբալթիկան եւ Լեհաստանը սկսեցին բարձրաձայնել ռուսական ագրեսիայի հաջորդ զոհ դառնալու երկյուղների մասին, դրան ի պատասխան որոշվեց ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորախմբեր ձեւավորել եւ ռոտացիոն սկզբունքով տեղակայել Բալթյան երկրներում ու Լեհաստանում: Այդ արագ արձագանքման ստորաբաժանումներում (NATO Spearhead Task Force) ընդգրկված զինվորականների ընդհանուր թիվը 2016-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սահմանվեց մի քանի հազար, հետագայում հասավ մինչեւ 8 հազարի: 

Ուկրաինայի դեմ 2022-ի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումից հետո Spearhead Task Force զորախմբերում ընդգրկված զինվորականների քանակը հասցվեց 40 հազարի: Այժմ Մադրիդում հաստատման ներկայացվող նոր հայեցակարգով Ռուսաստանին սահմանակից Արեւելյան Եվրոպայի երկրներում գտնվող ութ զորախմբերի անձնակազմի քանակը հասցվում է 300.000-ի` միասնական հրամանատարությամբ, համակարգմամբ, փոխգործակցությամբ եւ այլն: 

300.000 անձնակազմով, վերջին սպառազինությամբ հագեցած ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորախմբերի ու բազաների տեղակայումը Ռուսաստանի սահմանին մի իրականություն է, որ ամենամղձավանջային երազում Ռուսաստանը չէր կարող պատկերացնել: Կրեմլում իբր ՆԱՏՕ-ի առաջխաղացման հնարավորությունից էին անհանգստանում, դե հիմա այնպիսի քանակությամբ, զինվածությամբ ու մերձակա տեղակայմամբ ՆԱՏՕ-ական զորք են ստանում իրենց սահմանին, որ brain-storming վարժություններում էլ չէին պատկերացնի: 

Երկրորդ ուշագրավ ակնկալիքը մադրիդյան գագաթնաժողովից այն է, որ ՆԱՏՕ-ն ըստ էության հայտարարելու է Ուկրաինայի եւ Մոլդովայի ինտեսիվ ինտեգրման մասին, քանի որ հանձնառություն է ստանձնում Ուկրաինային եւ Մոլդովային մատակարարելու այնքան ՆԱՏՕ-ական զենք, որ նրանք կարիք չունենան եւ ազատվեն խորհրդային, նաեւ ռուսական բանակում օգտագործվող դարն ապրած զենքերից: Իսկ եթե փոխվում է երկրի ողջ զինանոցն ու ռազմական արսենալը, բնականաբար փոխվում եւ ՆԱՏՕ-ին է ինտեգրվում նաեւ բանակը:    

Այսպիսով Մադրիդյան գագաթնաժողովին ընդառաջ Ռուսաստանին պարտության մատնելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը այլեւս բաց ռազմավարություն է եւ այնպիսի մասշտաբներով, որ Ռուսաստանի բոլոր սպասելիքներն անգամ կգերազանցի: