Ինչպես պարզել Հայաստանի հետագա անելիքների վեկտորի ուղղությունը

Ինչպես պարզել Հայաստանի հետագա անելիքների վեկտորի ուղղությունը

Ինչպես գտնել Հայաստանի հետագա անելիքների վեկտորի օպտիմալ ուղղությունը, որպեսզի հայոց պետականությունը եւ հայկական երկու պետությունները չփլվեն: Կարճ ճանապարհը, իմ կարծիքով, հետեւյալն է. պետք է Հայաստանով մեկ՝ տուն առ տուն մտնել եւ բնակիչներին գրավոր ներկայացնել հետեւյալ հարցադրումները՝ 3 առանձին հարցաթերթիկներով.

1. Ցանկանո՞ւմ եք, որ Հայաստանում իշխանությունը փոխվի.
Այո 
Ոչ 
Չգիտեմ
Չեմ պատասխանում
2․. Ցանկանո՞ւմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում.
Այո
Ոչ
Չգիտեմ
Չեմ պատասխանում
3. Եթե Ադրբեջանը հարձակվի, պատրա՞ստ եք արդյոք մասնակցել պատերազմին եւ պաշտպանել հայրենիքը.
Այո 
Ոչ
Չգիտեմ
Չեմ պատասխանում
Անուն, ազգանուն, հայրանուն --- ստորագրություն ---
Օր, ամիս, տարի։ 

Այս հարցերը շատ որոշիչ նշանակություն ունեն իրականացվող հանրաքվեի հետ կապված, քանզի հենց այդ ձեւակերպումները պետք է առաջադրվեն, որպեսզի մեկընդմիշտ լուծում ստանան հանրությանն այսօր հուզող՝ Արցախի եւ Հայաստանի հետ կապված հիմնական հարցերը, որից էլ կախված կլինի, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա մեր երկիրը: Այլ խոսքով, միայն ժողովուրդն իրավունք ունի որոշելու երկրի հետագա ճակատագիրը, քանզի նա է երկրի եւ նրա ճակատագրի միակ տերը: Ահա, այս հարցերի պատասխանների արդյունքից է կախված մեր երկրի հետագա ընթացքի վեկտորի ուղղությունը: Եթե հարցվածների մեծամասնությունը հարցերին պատասխանի հետեւյալ համամասնությամբ. 1) Այո, 2) Ոչ, 3) Այո, ապա պարզ կդառնա, որ մեր ժողովուրդը պատրաստակամ է՝ փրկել ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, եւ կմնա, որ նա իր խոսքը գործի վերածի:

Եթե հարցվածների մեծամասնությունը հարցերին պատասխանի ցանկացած այլ համամասնությամբ, ապա շատ տխուր պատկեր կունենանք, որը կլինի ոչ այլ ինչ, քան Արցախի եւ Հայաստանի կործանումը: Իհարկե, այս ամենի տեխնիկապես իրագործումը չափազանց դժվար աշխատանք է, բայց եթե կշեռքի նժարին դրված է երկու հայկական պետությունների լինել-չլինելու հարցը, ոչ մի դժվարության առջեւ չպետք է կանգնել, քանզի դրա հաղթահարումը համեմատության եզր չունի Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների գոյության հետ: Այդ հարցումները, կարծում եմ, պետք է իրականացնել դիմադրության շարժման մասնակիցների ուժերով եւ արդյունքը համարել որպես իրականացված հանրաքվեի արդյունք, որը կդառնա ժողովրդի մեծամասնության կարծիքը, որով էլ կառաջնորդվի ժողովուրդը: Այս մոտեցումով կճշտվի ժողովրդի մոտեցումը, որը միաժամանակ կդառնա նաեւ դիմադրության շարժման պայքարի պատասխանը: 

Քանի որ ժամանակն ի վնաս Արցախի եւ Հայաստանի է աշխատում, ապա հարկավոր է րոպե առաջ սկսել վերը նշված հարցումների իրականացումը, որի արդյունքում էլ րոպե առաջ պարզ կդառնա Հայաստանի հետագա անելիքների վեկտորը: Եթե սպասենք իշխանությունների կոնկրետ քայլերին կամ դիմադրության շարժման վերջնական արդյունքին, ապա շատ հավանական է, որ բանը բանից անցած լինի, եւ կատարվածն էլ ետ պտտելու որեւէ հնար չլինի, ու այդպես հայտնվենք անդունդում...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ