ՏԻՄ ընտրություններում իշխանությունն ունեցավ կայուն հեղինակության սահուն անկում

ՏԻՄ ընտրություններում իշխանությունն ունեցավ կայուն հեղինակության սահուն անկում

Կիրակի օրն անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել Մեղրիում ու Գորիսում: Մեղրիում հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքը:

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրություններն ու մասնավորապես Գորիսի գրանցած արդյունքը։ «Զարմանալու ոչինչ չկա, հենց այդպես էլ սպասում էինք, որովհետեւ Առուշանյանի հեղինակությունը բավական բարձր էր, հատկապես այն հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունի եւ մեծ հարգանք է վայելում՝ անկախ նրա դավանած քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելությունից։ Ժողովուրդը նրան ընդունում էր եւ ըստ արժանվույն էլ գնահատեց։

Այս ընտրությունը նաեւ յուրակերպ քննություն էր՝ երախտագիտության եւ գնահատանքի քննություն, որը պետք է պարզեր մեր հասարակության հոգեբանական եւ բարոյական դիմագիծը։ Փաստորեն, հասարակությունը բռնեց այդ քննությունը եւ ռացիոնալ իր որոշումով ցույց տվեց, որ գնահատում է իսկական հայրենասերին, նվիրյալին, որը հայրենիքի շահը բարձր է դասում իր անձնական շահից։ Հետո՝ մեր հասարակությունն այնքան էլ ապահովված հասարակություն չէ, եւ կարիքի մեջ գտնվող բազում մարդիկ կան, ինքն էլ ճակատագրի բերումով իր արդար աշխատանքի արդյունքում կարողացել է միջոցներ ունենալ եւ այդ միջոցներից միշտ բաժին է հանել իր ընկերներին, մերձավորներին, հարեւաններին, իսկ համայնքապետ դառնալով՝ նաեւ ցանկացած մեկին, ով կարիքի մեջ է եւ աջակցության կարիք ունի։ Մի խոսքով, բավական բարձր ռեյտինգ ուներ Առուշ Առուշանյանը, թեպետ ոմանք կասկածի տակ էին դրել, բայց տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար՝ ժողովուրդն ըստ արժանվույն գնահատեց նրա գործունեությունը»,- ասում է զրուցակիցս։

Գորիսում ընդդիմադիր ղեկավարի այս հաղթանակն անձնավորված էր եւ պայմանավորված էր Ա․ Առուշանյանի գործոնո՞վ, թե՞ ժողովուրդը դրանով մերժեց գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին։ «Անկախ կուսակցական գործոնից՝ Առուշանյանի հեղինակությունը բարձր էր, եւ եթե ոմանց վարկը, հեղինակությունը պետք է բարձրանար որեւէ կուսակցության պատկանելու կամ աջակցելու արդյունքում, ապա ինքն իր հեղինակությամբ բարձրացնում է ցանկացած կուսակցության հեղինակությունն ու վարկը։

Նաեւ համազգային ընտրությունների ժամանակ նրա բարձր ռեյտինգն օգտագործվեց, իսկ պատերազմից հետո այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ էր ստեղծվել, որ բոլորն էին ելքեր փնտրում եւ համոզված, որ անպայման պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որովհետեւ տեղի էր ունեցել համազգային աղետ, եւ այդ աղետի ընթացքում իշխանությունը վարող ուժերը ռացիոնալ եւ բանական կլիներ, որ հեռանային, բայց նախկին իշխանությունների հանդեպ մեր հասարակության հակակրանքն այնքան մեծ էր, որ ժողովուրդը նորից ընտրեց ներկա իշխանություններին»,- ասում է Վարդան Սարգսյանն ու նկատում, որ մեր այսօրվա բարդ, խտացված իրադարձություններն ու զարգացումները շատ կարճ ժամանակում կարող են քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշը բարձրացնել կամ իջեցնել, իսկ կոնկրետ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ իշխանություններն ունեն կայուն հեղինակության սահուն անկում․

«Եվ իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ, քանի որ մենք արդեն խորհրդարանական պետություն ենք, պետք է համակերպվեն այդ իրողությունների հետ եւ փորձեն աշխատել ստեղծված իրավիճակի պայմաններում, որպես ընդդիմություն, ուրիշ տարբերակ չկա։ Իշխանությունները պետք է համագործակցեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, եւ չպետք է թույլ տալ առճակատում, իրավիճակի սրում, որը մեր այս վտանգավոր օրերում շատ խնդրահարույց է»։

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն հաղթեց Սյունիքում, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ չափով պարտվեց։ Հնարավո՞ր է այս պատկերն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կրկնվի նաեւ այլ համայնքներում։ «Էլի պետք է նշեմ, որ անձնական գործոնն այստեղ շատ բարձր էր, եւ կոնկրետ Առուշանյանի ու համայնքային այլ գործիչների հեղինակությունն ավելի գործուն ազդեցություն ունեցավ, ու երկրորդ պլան մղվեց կուսակցական պատկանելությունը։ Ժողովուրդը գնահատեց նրանց անձնական որակները, ավելին՝ այս ՏԻՄ ընտրությունները ժողովուրդն այլ կերպ է ընկալում եւ, հավանաբար, ճիշտ է ընկալում, որովհետեւ այդ մարդիկ միշտ նրա կողքին են։

Սա էլ, մեծ հաշվով, գործող իշխանությունների վարկի սահուն անկման նշան է։ Իշխանությունները ստեղծված նոր իրավիճակին համահունչ պետք է կարողանան գործել, որպեսզի համայնքներն ունենան կայուն զարգացում, լարվածություն չլինի, գիտեք, այս տարածաշրջանը հատկապես աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում է, ժողովուրդն իր ընտրությունը կատարեց, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»։