Երեւանի քաղաքային կառավարումն իսպառ ձախողված է

Երեւանի քաղաքային կառավարումն իսպառ ձախողված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ տեւական տարաձայնությունները կարծես թե հարթվել են։ Մինչդեռ ամիսներ առաջ Մարությանը ՔՊ-ից դուրս գալու դիմում գրեց, չմասնակցեց նախընտրական քարոզարշավին, արժանացավ իր երբեմնի կուսակիցների թթու խոսքերին եւ անգամ պաշտոնանկության մասին ակնարկների։ Սակայն հետո կառավարությունում հավանաբար հասկացան, որ Երեւանի ավագանու մի նոր արտահերթ ընտրությանը չեն կարող հաղթել, իսկ ավագանու ՔՊ խմբակցությունում հարմար քաղաքապետացու չունեն, եւ վատին վատթարով փոխարինել չարժե։

Ուշագրավ էր, որ ավագանու նիստերին անգամ իշխանական խմբակցությունն էր ընդդիմախոսում սեփական ղեկավարին։ Բայց Հայկ Մարությանին, իր կամքից անկախ, հաջողվեց ճեղքել մեկուսացումն ու դարձյալ դառնալ իշխանության համար ընդունելի կամ գոնե տանելի կերպար։
Մինչդեռ վարչապետի եւ քաղաքապետի տեւական հակադրությունը հրաշալի առիթ է՝ հիշեցնելու, որ Երեւանի քաղաքապետը, ինչպեսեւ, ի դեպ, որեւէ այլ համայնքի ղեկավար, չունի վերադաս։ Մայրաքաղաքի ղեկավարը կառավարության անդամ չէ, եւ որեւէ մեկն իրավունք ու պարտավորություն չունի նրան ցուցումներ տալու, թե ինչպես ղեկավարի քաղաքը։ Մինչդեռ ստացվում է, որ փոխվարչապետերից մեկն իրեն համայնքների ընտրված ղեկավարների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի անմիջական վերադաս է համարում, վարչապետն էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրան ստիպել պաշտոնանկ լինել։

Սեւ-սպիտակ չարաղետ բաժանման հեղինակ եւ տեւական ժամանակ իշխանության քաղաքային հենասյուն Հայկ Մարությանը ՏԻՄ ընտրված ղեկավար է։ Ճիշտ է, 2018-ի սեպտեմբերի այդ ընտրություններն արդյունք էին մի կողմից Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ անթաքույց եւ անթույլատրելի ճնշումների հետեւանքով նրա պաշտոնանկության, մյուս կողմից՝ խայտառակ քարոզարշավի, երբ թաղային հանդիպումները վերածվում էին ոչ թե քաղաքային զարգացման ծրագրերի քննարկման, այլ Փաշինյանի հիստերիկ նոպաների։

Այսօր քչերն են հիշում, որ հենց ավագանու քարոզարշավի նախընտրական հանդիպումներում էր, որ Փաշինյանը, բանուգործը թողած՝ հոգեխանգարմունքի մեջ, իրավապահներին առաջին անգամ բացեիբաց հրահանգեց նախկիններին «պառկեցնել ասֆալտներին» եւ «ծեփել պատերին»։ Մարությանը քաղաքապետ կարգվեց նման անընդունելի պայմաններում՝ կողմնակի ուժի միջամտությամբ, եւ պարզ է, որ իրեն ոչ թե ՏԻՄ ինքնուրույն ղեկավար էր կարծելու, այլ ընդամենը՝ կառավարության որոշումների տեղական կատարածու։

Իսկ երբ պետք էր արդեն ինքնուրույնություն խաղալ, ասես Մարությանը սեփական ուժերով է քաղաքապետ դարձել, նա փորձեց հեղինակություն ձեռք բերել Երեւանում ապօրինի շինությունների դեմ պայքարով։ Մարությանը փորձում էր սկզբունքային խաղալ (ինչ-ինչ, խաղալը նրա մոտ միշտ լավ է ստացվել)՝ խոսելով այդ ապօրինի կառույցներում որոշակի իշխանական շրջանակների ներգրավումից եւ փաստացի կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելով կառավարությանը։ Բնականաբար, դրանք մնացին անպատասխան, Մարությանն էլ արագորեն մոռացավ իր այդ ահազանգերի մասին։

Քանի որ մեր հանրությունը տեսարանների սիրահար է, դժվար չէ մի քանի տասնյակ կրպակ ապամոնտաժելով՝ աշխատանքի իմիտացիա ցույց տալը։ Կառավարությունում դա կհանդուրժեն, բայց երբեք թույլ չեն տա ամենամեծ ընտրազանգված ունեցող համայնքի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ոչ յուրայինի ընտրությունը։ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Դիլիջանում եւ այլ քաղաքներում իշխանության կենաց-մահու պայքարի տրամադրվածությունը տեսնելով՝ պարզ է, թե ինչպես են նրանք ամեն գնով իրենց կուսակիցներին տեղերում համայնքապետեր կարգելու։
Իսկ ի՞նչ էր խոստանում Հայկ Մարությանն ավելի քան երեք տարի առաջ՝ գազելների իսպառ բացառում, ամբողջապես նոր տրանսպորտային ցանց, մետրոյի նոր կայարան, Նոր Նորքից դեպի քաղաքի կենտրոն ճոպանուղու կառուցում, կանաչապատ տարածքների ավելացում՝ ոռոգման նոր ցանցով, աղբավերամշակման գործարան եւ աղբի տեսակավորում, հազարավոր նոր վերելակներ, բնակֆոնդի թարմացում։ Բացի այս ուղղություններով խորհրդանշական եւ ֆիկտիվ քայլերից՝ ի՞նչ է արվել։

Դավիթ Սարգսյան