Սիրուն չէ

Սիրուն չէ

Փաստորեն ԱԱԾ-ն էն գլխից է սատանաների որսով զբաղվել Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Միքայել Մինասյանի «ուղիղ միացումից» ես այդ տպավորությունն ստացա: Շշմելու բաներ պատմեց Մինասյանը: Լսում էի ու չգիտեի ինչ անել. համ լացս էր գալիս համ խնդալս: Մարդու ուղեղ ինչքա»ն պետք է թավշյա լինի, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանի փեսային առաջարկի մուծվել և հեռանալ քաղաքական ասպարեզից: Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը քո ի՞նչն է՝ մորքուրիդ տղա՞ն, որ նրա փեսային այդպիսի բան ես առաջարկում: Էն էլ ում միջոցով՝ ԱԱԾ տնօրենի: Մարդու հորը գործից հանեցիր, դատի ես տվել, ընկերներին քաշել ապօրինի դատական պրոցեսների մեջ, աներոջը նեղացնում ես, դիզվառելիքի գործ ես բացել վրան, քո չստացված պատգամավորների բերանով ամեն օր լուտանքներ ես թափում նրա հասցեին ու դեռ Միշիկից փող ես ուզում, որ այդ ամենը դադարեցնե՞ս: Էլի մարդիկ կա՞ն, որոնց նման առաջարկ ես արել, խոստովանիր, քանի ուշ չէ, որովհետև Միքայել Մինասյանի հայտարարություններին հաջորդելու են նրանց հայտարարությունները՝ մեկը մյուսից ավելի ցնցող ու ավելի սկանդալային:

Թե բա ես՝ քաղաքական և պետական գործիչ եմ... Իյա, իրո՞ք: Բա քաղաքական գործիչը իր պատիվը կտա մեկ այլ քաղաքական գործչի ձեռքը, թե տա՞ր: Սպասիր, սպասիր... Կարո՞ղ է Լֆիկն է քեզ այդպիսի բան հուշել՝ շեֆ ջան, դրանց ասա՝ իմ օրինակով մուծվեն ու հանգիստ աշխատեն: Դու էլ, քանի որ փող շատ ես սիրում, խայծը կուլ ես տվել: Խեղճ Արթուր Վանեցյան, պատկերացնում եմ, թե քանի՞ կիլո քաշ է գցել, մինչև կարողացել է այդքան բանն ասել Միքայել Մինասյանին՝ Վատիկանում ՀՀ դեսպանին:

Եթե ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես պատմում է Միքայել Մինասյանը, իսկ ես հիմքեր չունեմ նրան չհավատալու համար, ապա դա սովորական ռեկետ է՝ մուծվիր՝ քեզ տիրություն անեմ, դառնամ քո կրիշը տրամաբանությամբ: Կպավ՝ կպավ, չկպա՞վ՝ բոլոլա կանեմ, կվերջանա, կգնա: Միքայել Մինասնը ամուր կաղին դուրս եկավ: Կասկած չկա, որ նրա օրինակին շատերն են հետևելու, եթե չասեմ, որ արդեն հետևել են ու սպասում են իրենց պատմությունները ջրի երես հանելու հերթին: Եթե այդ մարդկանց մոտ էլ է Վանեցյանին ուղարկել՝ ապա վերջ, խայտառակությունը լիակատար է լինելու: Փաստորեն ճիշտ էր Արթուր Վանեցյանը, երբ ասում էր՝ շատ բան գիտի, բայց չի բարձաձայնում՝ խնայելով վարչապետին ու պետությանը:

Այսուհանդերձ, Միքայել Մինասյանը Սերգեյ Լավրովը չէ, և Փաշինյանը պարտավոր է խոսել, մի բան ասել, գոնե մի սուտ հորինել կոմունալները մուծել չկարողացող հպարտ քաղաքացիների համար: Այլապես շատ անհարմար բան է ստացվում՝ 3 միլիոն սոված պողոս, սպասում է հարուստներից խլված միլիոններին, իսկ իրենց սրտի վարչապետն զբաղված է այդ հարուստների հետ փողի շուրջ սեպարատ բանակցություններով:

Սիրուն չէ: