Ճիշտ չես հասկացել, տիկին կամ օրիորդ

Ճիշտ չես հասկացել, տիկին կամ օրիորդ
Սամվել Բաբայան

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Գրիգորյանը կիսվել է գրեթե քառորդդարյա վաղեմության իմ հոդվածով, որ գրվել է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի 30-ամյակի առթիվ:  Ասում է՝ եզրակացությունը թողնում է ընթերցողին՝ ի՞նչ էր ասում Վահրամ Աթանեսյանն այն ժամանակ, ի՞նչ է ասում հիմա: Այդ հոդվածը, եթե հիշողություն չի դավաճանում, տեղական թերթերից մեկն էլ արտատպել էր 1999 թվականին՝ դարձյալ նույն տրամաբանությամբ: Պարզություն մտցնելու համար ասեմ, որ հոդվածն իրոք ես եմ գրել, բայց՝ որպես բանակային «Մարտիկ»թերթի խմբագիր:

Ըստ էության, դա խմբագրական է, արտահայտում է բանակի պաշտոնաթերթի հավաքական տեսակետը: Երկրորդ, հոդվածը գրվել է 1995թ.-ին, հրադադարի հաստատումից ոչ լրիվ մեկ տարի անց: Եւ, բնականաբար, պաթետիկ շեշտադրումներ պիտի ունենար: Երրորդ, այդ ժամանակ Սամվել Բաբայանը քաղաքական որեւէ հավակնություն չէր դրսեւորում: 1994թ. դեկտեմբերին նա հանդես էր եկել ԼՂՀ Գերագույն խորհրդում, երբ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունների երկամյա ժամկետով նախագահ էր ընտրվում եւ հայտարարել, որ ենթարկվում է քաղաքական ղեկավարությանը եւ մտադիր է զբաղվել բացառապես բանակաշինության եւ պաշտպանունակության ամրապնդման ու բարձրացման հարցերով:

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ չորս-հինգ տարի հետո նա կտրուկ հետքայլ կկատարի, կդրսեւորի կառավարությունը գլխավորելու, ընդ որում՝ ՊԲ հրամանատարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնների պահպանմամբ, հավակնություններ, ինչի հետեւանքով Արցախում ներքաղաքական ճգնաժամ կհասունանա՝ հանգուցալուծվելով 2000 թ. մարտի 22-ին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձով: Չորրորդ, իմ հեղինակած հոդվածում Սամվել Բաբայանին տրված է «հավասարների մեջ առաջինը»բնութագրումը: Ի՞նչ է դա նշանակում՝ կարծում եմ՝ հասկանալի է նույնիսկ ոզնուն՝ ինչպես ռուսներն են ասում: Հոդվածի բանալի բնորոշումը դա է: Մանրամասնելու հարկ չկա: Մնում է դիմել օգտատիրոջը եւ ասել. «Ճիշտ չես հասկացել, տիկին կամ օրիորդ»: Ես ինձ իրավունք չեմ վերապահում Մելինե Գրիգորյանին, Սամվել Բաբայանի որեւէ համակրի տարհամոզել, բայց նրանք էլ պիտի հարգեն այլ կարծիք ունենալու իմ իրավունքը, որ ձեւակերպել եմ 24 տարի առաջ՝ Սամվել Բաբայանը հավասարների մեջ առաջինն էր: