Լոսում խառն են

Լոսում խառն են
Լոս, Նիկոլ Փաշինյան

Իմ հարեւան Շմավոնը, որ նոր է տեղափոխվել Լոս Անջելես, Փաշինյանի ամերիկյան այցին ընդառաջ իրար է անցել: ՖԲ-ով նամակ է ուղարկել, թե մի երկու տող բան գրի, որ «Գրանդ Փարք»-ում տեղի ունենալիք հանդիպմանը կարդամ: Տես, նախազգուշացնում է Շմավոնը, շատ քաղաքական չլինի, կարճ լինի եւ արեւմտահայերեն:

- Արեւմտահայերե՞ն: Շմավոն, դիմիր որեւէ տեղացու, ես արեւմտահայերենին չեմ տիրապետում:

- Ոչինչ, Նիկոլն էլ չի տիրապետում: Դու մի թեթեւ նմանեցրու…
Էսպես է՞լ բան կլինի, Լոս Անջելես էլ գնաց, ես էդ Շմավոնից չազատվեցի: 
Ստիպված համացանցը փորփրեցի, գտա, կարդացի Փաշինյանի սփյուռքյան այցերի մասին եղած հոդվածները, դիտեցի տեսանյութերն ու այդ ամենի համատեքստում մի այսպիսի խոսք գրեցի Շմավոնի համար: 
«Ամա՛ն, Հայաստանի վարչապետը եկեր է... Մեր գլուխներուն վրայ տեղ ունի, պիտի սիրաշահինք, պահենք փայփայենք իրեն, քանի որ ան մայր Հայաստանը շինելէ ետք, Սփիւռքը պէտք է շինէ: Ոչինչ չխնայենք, գրպաններս լայն բանանք, տանք մեր ունեցած վերջին սենթը, հաստատ համոզուած, որ Հայաստանի հայութեան գլխուն իջած մանանան օր մըն ալ մեր գլխուն պիտի իջնէ՝ թավշեայ թեթեւութեամբ գրկելով մեր հոգիները…»:
Շմավոնի «բութը» չուշացավ, բայց քիչ հետո հարցրեց.

- Ամենասկզբում «ամա՛ն»-ը պե՞տք ա:

- Հա, պետք է, Շմավոն, լոսահայերն ամեն փոքր բանից հուզվող մարդիկ են, իսկ այս դեպքում բանը փոքր չէ, հասկանում ես…

Էլի «բութ» դրեց:

Ինչո՞ւ այս ամենը պատմեցի: Կասկած չկա, որ Փաշինյանի հանդիպումը լոսահայերի հետ հեռարձակվելու է ուղիղ, եւ իմ բոլոր ընթերցողները հիանալի հնարավորություն կունենան վերջապես տեսնելու մեր արդեն նախկին հարեւան Շմավոնին: Նրան ճանաչելը դժվար չի լինի, քանզի խոսքը, որ գրել եմ նրա համար, անկասկած, հնչելու է Քյավառա բարբառի գեղեցիկ ելեւէջներով: