Նոր ընդդիմության շրջադարձում

Նոր ընդդիմության շրջադարձում

Հայաստանում իշխանության փոփոխության եւ նոր իշխանության ձեւավորման խնդիրը միշտ բարդ է եղել. այն բարդ է մնում նաեւ այժմ: Հայաստանում բարդ է եղել ոչ միայն իշխանության փոփոխության, այլեւ ընդդիմության ձեւավորման խնդիրը: Տասնամյակներ շարունակ ներհայաստանյան զարգացումներն ընթացել են իշխանության նախագծած ուղիով ոչ միայն նաեւ այն պատճառով, որ իշխանության զավթման եւ պահպանման մեթոդները կոշտ են եղել, այլեւ այն պատճառով, որ ընդդիմությունն այլ ճանապարհ չի առաջարկել՝ կամա թե ակամա ընթանալով իշխանության կեռմաններով:

Ներքաղաքական պայքարը Հայաստանում գրեթե միշտ բախվել է ապագաղափարականության պատին, երբ պայքարի միակ նպատակը եղել է իշխանափոխությունը եւ իշխանություն վերցնելը՝ առանց քաղաքական ծրագրերի եւ գաղափարական սկզբունքների: Հայաստանյան կոշտ ընտրապայքարը մնացյալ հարցադրումները, որպես կանոն, ջնջել է ժամանակի քաղաքական օրակարգից՝ հանրության եւ ընդդիմության ողջ ներուժը համախմբել-կենտրոնացնելով իշխանափոխության իրականացման վրա, ինչը հռչակվել է որպես գերագույն նպատակ, առանց որի Հայաստանում ոչ մի քաղաքական փոփոխություն հնարավոր չէր իրականացնել:

Ներքաղաքական պայքարի վայրիվերումներում միշտ անտեսվել-մոռացվել է պետական կառավարման մոդելի եւ քաղաքական համակարգի փոփոխության, երկրի քաղաքական ուղղության վերանայման կարեւորությունը: 1996թ. ի վեր Հայաստանում ընդդիմության եւ ոչ մի առաջնորդ չի կարողացել վերցնել իշխանությունը, իսկ պարտված տարանուն ընդդիմությունը կա՛մ հեռացել է քաղաքական ասպարեզից, կա՛մ ծվարել է իշխանության նախասրահում: 

1996թ. Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված ընդդիմությունը, ըստ էության, հայաստանյան քաղաքական պայքարի հարահոսում առաջին եւ ցայժմ միակ գաղափարական ընդդիմությունն էր, որն առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանն ու քաղաքական ուղեգծին հակադրվող՝ այլ քաղաքական ուղղություն: Թեպետ դա բնավ չխանգարեց, որ Վազգեն Մանուկյանը հետագայում կտրուկ փոխի իր քաղաքական աշխարհայացքն ու դավանանքը: 

1999-ից ի վեր հայաստանյան ընդդիմությունը միայն մեկ քաղաքական բաղադրիչ ուներ, եւ այդ բաղադրիչը Հայաստանի ռուսականացման պահպանումն էր: 1996-ից հետո ընդդիմության բոլոր առաջնորդները եղել են Հայաստանում ռուսական ուղեգծի աջակիցներ՝ դրանով իսկ ջնջելով գաղափարական տարբերություններն իշխանության եւ ընդդիմության միջեւ: 

1999թ. ի վեր ներքաղաքական պայքարը Հայաստանում երբեւէ չի բախվել իշխանության եւ ընդդիմության աշխարհայացքային տարբերություններին, Հայաստանի քաղաքական ապագայի կերտման ուղղություններին, չի նախանշել Հայաստանի դերն արտաքին աշխարհում, անհաղորդ է եղել նաեւ ազգային խնդիրներին ու նպատակներին: Հայաստանյան ընդդիմությունը չի առաջարկել քաղաքակրթական, հասարակական արժեքների եւ մտածողության փոփոխություններ: 
Ընդդիմության պայքարի ծրագիրը, լավագույն դեպքում, եղել է «Հայաստանի փրկության» անկեղծ ձգտումը՝ առանց քաղաքական աշխարհայացքի եւ գաղափարախոսության: 

1995-96թթ. կեղծված ընտրություններից եւ ձախողված հասարակական ընդվզումից հետո հայաստանյան ընդդիմությունն իշխանության եկավ միայն քսաներեք տարի անց՝ 2018թ. մայիսին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ապրիլյան հեղափոխության արդյունքում: Շուրջ երկուսուկես տասնամյակի շրջափուլում, շարունակական պարտություններից հետո, սա ընդդիմության միակ հաղթանակն էր, սակայն՝ անծրագիր եւ անգաղափար: Ներհայաստանյան հետագա զարգացումներն ավելիով ապացուցեցին, որ Փաշինյանի՝ անգամ մի քանի քաղաքական՝ սուպերվարչապետական համակարգի ապամոնտաժման, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման սկզբունքները արագորեն եւ կտրուկ վերանայվել են, եւ ներկաները շարունակել են ընթանալ նախկինների ոտնահետքերով:

Բացի այդ, փոքրաքանակ ընդդիմությունից իշխանության եկած Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը», սեփական կադրային սնանկության պայմաններում, Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունը հեղեղեցին նույնքան ապագաղափարական, ապաքաղաքական կադրերով: Մարտնչող ապաքաղաքականությամբ ու գաղափարազրկությամբ, քաղաքական տեսակետների ու քաղաքացիական դիրքորոշումների բացակայությամբ նոր Հայաստանի կառուցումը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի միակ քաղաքական ծրագիրն էր: Եվ ինչպեսի ընդդիմություն էր նա՝ անծրագիր եւ անգաղափար, այնպիսին էլ նրա իշխանությունն է: 
Այսպես սկսվեցին նոր Հայաստանի կառուցման եւ պետականաշինության ձախողումը, քաղաքական փոփոխությունների իրականացման վայրիվերումները եւ իշխանության յուրացման հաջողությունը: Այդպես սկսվեց նաեւ նոր իշխանության, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի անկումը:
Անկման այս ընթացքն օրինաչափորեն պետք է ուղեկցվեր իշխանության նոր հայտերի մասին հայտարարություններով: Թեպետ քաղաքական պայքարի տրամաբանությունը, առավել եւս՝ հայկական իրականությունը հուշում են, որ նման վաղաժամ հայտերն արագորեն դառնում են ժամկետանց, մանավանդ երբ բախվում են իշխանության պահպանման հայկական ձգտումներին եւ ընդդիմության հավերժական անծրագրայնությանը: Իշխանության այս հայտերը երկու տարբեր քաղաքական բաղադրիչ ունեն՝ կա՛մ ձգտում են կառուցել ազգային դիկտատուրա, կա՛մ ամրացնել ռուսական ֆորպոստը: 

Հետհեղափոխական այս երկու տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը վերջնականապես փոշիացրեց քաղաքական միտքը, հասարակական եւ կուսակցական կյանքը Հայաստանում, որոնց բացակայության եւ հին քաղաքական համակարգի առկայության պայմաններում իշխանության համար պայքարը դառնում է նույնքան վտանգավոր, որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը:

Նիկոլն ամեն ինչ արեց, որ Հայաստանում քաղաքական պայքարը պարփակվի կա՛մ նախկինների ու ներկաների տիրույթում, որտեղ իր ընդգծված առավելությունը պահպանվի, կա՛մ քաղաքական կյանքում, մի կողմից՝ իրենց սպառած, պարտված, մյուս կողմից՝ այդպես էլ անհայտ մնացած կուսակցությունների տիրույթում, որտեղ ՔՊ-ն եւ մյուս կուսակցությունները նույնական են: 
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերադարձրել է այնտեղ, որտեղից վերցրեց իշխանությունը Սերժ Սարգսյանից: 

Քաղաքականության եւ քաղաքագիտության օրենքների համաձայն՝ իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական համակարգի հիմնասյուներն են, նրանք են ձեւավորում քաղաքական ավանդույթները, մտածողությունը, առաջարկում ծրագրեր եւ հակադրվում ու քննադատում միմյանց: Այդ քաղաքական համակարգը հենվում է Սահմանադրության եւ քաղաքական ընտրությունների արդյունքների վրա: 

Աշխարհի եւ ոչ մի քաղաքական իշխանություն չի երազում ուժեղ, ազդեցիկ եւ գաղափարական ընդդիմության մասին, սակայն այդ ընդդիմությունը ձեւավորվում-կայանում-զարգանում, ի վերջո, իշխանության է գալիս անկախ իշխանության ցանկությունից: 

Հայաստանին նոր շրջադարձ է պետք՝ նոր՝ գաղափարական, ծրագրային, սկզբունքային ընդդիմությամբ: Ընդդիմություն, որի կայացումն առաջնային է, ընդդիմություն, որի խնդիրը ոչ թե ազգային դիկտատուրայի ձեւավորումը կամ ռուսական ֆորպոստի ամրապնդումն է, այլ ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանի կայացումը: