Ճիշտ չէր նախաքննության գործառույթը ոստիկանությունից Քննչական կոմիտե տեղափոխելը

Ճիշտ չէր նախաքննության գործառույթը ոստիկանությունից Քննչական կոմիտե տեղափոխելը

ՀՀ կառավարությունը նախորդ ամիս կայացած նիստերից մեկում հաստատեց արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, որով Հայաստանում 2-3 տարվա ընթացքում պետք է ձեւավորվի ներքին գործերի կամ այլ անվանումով նախարարություն, որը կհամակարգի ոստիկանության գործունեությունը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՆԳ նախարարության ձեւավորման անհրաժեշտությունը կա այսօր, քանի որ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին, հանցավորությանը, որովհետեւ չունի այն գործիքակազմն ու լիազորությունը, որոնք անհրաժեշտ են իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար։

«Երբեմն ներքին գործերի նախարարություն ասելով՝ մենք համեմատում ենք նախկին ՆԳ նախարարության հետ, որովհետեւ նախարարության անունը նույնն է, սակայն բովանդակությամբ լրիվ տարբեր են լինելու։ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ կունենա ե՛ւ ոստիկանություն, ե՛ւ մի շարք այլ ծառայություններ, որոնք ոստիկանության հետ կապ չեն ունենա եւ կհանվեն ոստիկանությունից, օրինակ՝ ներկայիս Անձնագրերի եւ վիզաների վարչությունը կհանվի, կարծում եմ՝ Հաշվառման քննական ստորաբաժանումները կհանվեն, կլինեն առանձին ծառայություններ եւ դեպարտամենտներ, եւ ներքին գործերի նախարարության ստեղծմամբ, կարծում եմ, մենք կունենանք ավելի արդյունավետ ոստիկանություն։ Քաղաքական պաշտոն է լինելու նախարարը, եւ, այս առումով, քաղաքական պատասխանատվությունն ավելի է մեծանալու»,- ասաց նա։

- Այս կառուցվածքային փոփոխության քաղաքական նշանակությունը ո՞րն է, իշխանությունն ի՞նչ խնդիր է ուզում լուծել դրանով։

- Գործող իշխանության թիվ 1 խնդիրը, իհարկե, բոլոր այն ծառայությունները, որ այսօր կան ոստիկանության կազմում եւ ոչ ոստիկանության կազմում, դրանց որակի բարձրացումն է, բացի այդ, հասարակական եւ քաղաքական հաշվետվողականությունն է բարձրանալու։ Կոնկրետ օրինակ բերեմ․ նախարարն արդեն հաշվետու է լինելու Ազգային ժողովին, եւ մենք մեր հարցադրումներն ուղղելու ենք իրեն։ Իսկ այսօր նման հնարավորություն չունենք, որպեսզի ոստիկանապետը քաղաքական պատասխանատվություն կրի եւ հաշվետու լինի խորհրդարանի առջեւ։

- Նույնը նաեւ Էդմոն Մարուքյանն էր առաջարկում, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնան նախարարություն, որ քաղաքական պատասխանատվություն կրեն։ Հետո դա քննարկվեց, քննադատվեց, բայց չընդունվեց, հիմա, փաստորեն, նույն ճանապարհով եք գնում։

- Էդմոն Մարուքյանի առաջարկը մի փոքր այլ էր, նա առաջարկում էր, որպեսզի հանվի ցենզը՝ այդ պարտադիր պայմանը, որ ոստիկանապետը պետք է լինի ոստիկանության ծառայող, ունենա գնդապետի կոչում, այլ հնարավորություն ստեղծվի ոստիկանապետ նշանակել ցանկացած այլ անձի։ Իսկ այս փոփոխություններով մի քիչ այլ բան է ստացվելու՝ ստեղծվելու է նախարարություն, նշանակվելու է նախարար, եւ քաղաքական պատասխանատվություն է կրելու նախարարը։

- Այսինքն՝ ոստիկանության ուժային հատվածն ու գործառույթները մնալու են, մյուս ծառայությունները լինելու են նոր ստեղծվող նախարարության կազմո՞ւմ։

- Այո, ոչ ոստիկանական ստորաբաժանումներ են լինելու։

- Տեսակետ կա, որ այսօրինակ դիվերսիֆիկացիայի միջոցով վարչապետը մտադիր է ավելի անմիջական ձեւով իր ենթակայության ներքո կենտրոնացնել ուժային կառույցները, որ ավելի հեշտ ենթարկվեն իրեն։

- Ավելի հեշտ ենթարկվելու խնդիր չկա, ավելի շատ հաշվետվողականության որակի եւ մակարդակի բարձրացումն է, եւ, իհարկե, բոլոր իշխանությունները պետք է մտածեն, որ պետական կառույցները պետք է լինեն շատ ավելի լավ, էֆեկտիվ կառավարելի։

- Բացի կառավարելիից՝ նաեւ ավելի ենթարկվող լինելու խնդիր չկա՞, որ վաղը կոնկրետ իրավիճակներում հանկարծ գործող իշխանության «տակից չփախչեն»։

- Բացարձակ կապ չունի ենթարկվելիության  հետ, որովհետեւ այդ ծառայությունները երբեւէ այդպիսի խնդիր չի եղել եւ չի էլ կարող լինել, որ չենթարկվեն, նրանք հրաման կատարող են։ Ուղղակի կան գործառույթներ, որոնք ոստիկանական գործառույթներ չեն, եւ, հետեւաբար, այդ ծառայությունները չպետք է լինեն ոստիկանության կազմում, եւ չպետք է ծանրաբեռնենք ոստիկանությանը ոչ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար։

- Հիմա այս փոփոխությունների արդյունքում, երբ ոստիկանությունը չծանրաբեռնվի այլ գործառույթներով, աշխատանքի էֆեկտիվությունը կբարձրանա՞։

- Իհարկե, ոստիկանությունն արդեն իր ուժերն ու միջոցները կկենտրոնացնի կոնկրետ ուղղություններով, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման ուղղությունները կլինեն, նաեւ որոշակի առումով քննություն իրականացնելու լիազորություն է ունենալու, որ այսօր մենք չունենք, եւ դեռեւս մեկ տարի առաջ ես ասում էի, որ ոստիկանությունը պետք է նախաքննություն իրականացնելու իրավասություն ունենա, ինչն ավելի է բարձրացնում արդյունավետությունը, իհարկե, ոչ բոլոր գործերով, սակայն որոշակի հանցագործություններ կան, որոնցով, կարծում եմ, ոստիկանությունը պետք է իրականացնի քննությունը, եւ մինչեւ դատարան քրեական գործն ուղարկելը դա պետք է լինի ոստիկանության պատասխանատվության ներքո։

- Հիմա Քննչական կոմիտեի ներքո է, այդպես դարձավ նախորդ իշխանությունների օրոք, համարում եք, որ ճի՞շտ չէր այդ փոփոխությունը։

- Այո, համարում եմ, որ դա ճիշտ չէր, ես բազմիցս նշել եմ այդ մասին դեռեւս մեկ տարի առաջ, որ դա բավականին թուլացրեց ոստիկանությանը, բայց ամենակարեւորը՝ էֆեկտիվությունը բավականաչափ նվազեց, երբ ոստիկանությունից այդ նախաքննության գործառույթը հանվեց։ Եթե ոստիկանությունը քննություն իրականացնելու իրավասություն ունենա, կստացվի, որ հանցագործության բացահայտման եւ դատական հեռանկարի համար պատասխանատու կլինի մեկ հիմնարկ, եւ սա կտա այն արդյունքը, որ թե՛ ոստիկանության քննիչը, թե՛ օպերատիվ կազմն արդեն միահամուռ կաշխատեն, պատասխան կտան մեկ ղեկավարի առջեւ, հետեւաբար, դրանով կբարձրանա նաեւ այդ հանցագործությունների քննության արդյունավետությունը։

- Դուք հիմա գո՞հ եք ոստիկանության եւ ոստիկանապետի աշխատանքից՝ հաշվի առնելով նաեւ վերջին դեպքերը եւ ոստիկանությանն ուղղված քննադատությունները։

- Ասեմ, որ ոստիկանության՝ ներկայում իր առջեւ դրված խնդիրների լուծումը կգնահատեմ բավարար, ուսումնասիրելով նաեւ այսօր ոստիկանության ծանրաբեռնվածությունը՝ կտամ հետեւյալ գնահատականը, որ ոստիկանությունն այսօր աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, եւ եթե համադրենք առկա ուժերն ու միջոցները եւ իրենց առջեւ դրված խնդիրները, ապա, այո՝ ոստիկանության աշխատանքը գնահատում եմ բավարար։ Իհարկե, սրանով չի կարելի բավարարվել։