Թալանը նույնն է, թալանչիների անուններն են փոխվել

Թալանը նույնն է, թալանչիների անուններն են փոխվել

«Իմ փեշերը վառված են, հենց մի բան ասեմ, ԿԳԲ-ն կգա հետեւիցս»,- «Հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություն եք տեսնում» հարցին այսպես պատասխանեց 60-65 տարեկան տղամարդը, որը, ինչպես պարզվեց, անցնում է «Իգլայի» գործով։ ԿԳԲ-ն, թե ԱԱԾ-ն՝ փորձեցինք ճշտել։ «Անունն են փոխել, բովանդակությունն ու էությունը նույնն են։ Նույն գործելաոճն է՝ 37 թվին հավատարիմ, նույն գարշահոտ պադվալներն են՝ բաց զուգարաններով… Շատ բան չեմ կարող ասել՝ անհարմար եմ զգում»։
Տղամարդու կարծիքով, եթե իրական հեղափոխություն լիներ,  «Իգլայի» գործը տեղից կշարժվեր։ «Մենք հանցանք չունենք արած․ մեր գլխին սարքեցին, անունն էլ դրեցին «Իգլա»։ Թավշյա իշխանավորները դա շատ լավ գիտեն, բայց էդ շինծու գործը չեն փակում, ինչո՞ւ․․․ Չէ՞ որ նախկին խունտայի դեմ ենք քյալլա տվել, ինչի՞ են անհեթեթ պատճառներով դատերը հետաձգում»։ 
Թե իր կյանքում, թե շուրջը նա փոփոխություն չի տեսնում։ «Մարդ պետք է իր կաշվի վրա զգա փոփոխությունը, ես չեմ զգում։ Թալանը նույնն է, թալանչիների անուններն են փոխվել։ Այ, էդ փոփոխությունը տեսնում եմ։ Նույնն է մնացել նաեւ համակարգը․ նախկինների ծրագրերով են աշխատում։ Դատարաններում էլ են այն մարդիկ, որոնք նախկինների հետ գործարքի մեջ են եղել։ Շատ ծիծաղելի է, երբ դատավորը գեներալին հարցնում է՝ դուք հա՞յ եք․․․ Սամվել Բաբայանին սաղ աշխարհն է ճանաչում՝ որպես հաղթած հրամանատար, բայց սա (նկատի ունի դատավորին) գեներալի ազգությունը կասկածի տակ է առնում»։
Զրուցակիցս ասում է՝ շատ կուզեր հավատալ հեղափոխությանը, բայց այն, ինչ կատարվում է շուրջը, հակառակն է ապացուցում։ «Նորերի կարծիքով, խորհրդարանի ու կառավարության կազմը փոխելով՝ հեղափոխություն արեցին։ Չէ, դա ընդամենը իշխանության թավշյա փոխանցում էր, որ թալանչիները նախկինների տաքուկ գրկից սահուն անցնեն ներկաների գիրկը։ Կան, չէ՞, օրինակներ…»։ Հիշեցրինք՝ նախկին թալանչիներից ոմանք թալանածը վերադարձրել են, բայց, օրինակ, Գագիկ Խաչատրյանն ինչ-որ գումարներ վերադարձրել է եւ դեռ բանտում է։ «Ինչի Գագիկ Խաչատրյանը միակ թալանչի՞ն էր, ուրիշ անուն չգիտե՞ն, թող հարցնեն ժողովրդին՝ կասեն։ Խաչատրյանի մասով էլ լսել եմ՝ բաց են թողնելու։ Թերթերը գրում են՝ Ռուսաստանի նոր վարչապետն է միջնորդել»։
Ըստ զրուցակցիս՝ իրական հեղափոխությունը ենթադրում է հեղափոխություն առաջին հերթին տնտեսության ոլորտում։ «Իներցիայով գալիս է․ ով բիզնես ուներ, հիմա էլ ունի, լավը նա է, որ փայ մտնող չկա։ Ով էլ փող ուներ, բայց նախկինների ժամանակ ռիսկ չէր անում բիզնես դներ, հիմա դրել-աշխատում է։ Պետության դերը ո՞րն է ստեղ, որ փայ չի՞ մտնում…»։