Կարող է վերադառնանք աշխատանքի

Կարող է վերադառնանք աշխատանքի

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը, ով ղեկավարում է  համայնքում «Այո»-ի նախընտրական շտաբը, մարտի 10-ից մինչև ապրիլի 3-ը արձակուրդ էր վերցրել եւ իր մամուլի խոսնակի հետ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում քաղաքում:
 Նրանք երեկ ողջ օրը շրջել են սննդի եւ առեւտրի օբյեկտներով, քաղաքային տրանսպորտում զրուցել հրազդանցիների հետ եւ տեղեկացրել, որ մարտի 13-ին այցելեն Սահմանադրական հրապարակ՝  հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ կորոնավիրուսի դեպքերի հետ կապված` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը դադարեցվեց: Թե ինչու էր Հրազդանի քաղաքապետը դռնեդուռ ընկած քարոզարշավ իրականացնում, թերեւս հասկանալի է․ եթե կայանար երեկվա հանդիպումը, քաղաքապետը պատվով դուրս կգար այս իրավիճակից:
Հիշեցնենք, որ Սեւակ Միքայելյանին քաղաքապետի պաշտոնին առաջադրումը վարչապետ Փաշինյանի սրտով չի եղել, նա անգամ ասել, է որ լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են ներդրվում:  
Փորձեցինք քաղաքապետից ճշտել` կվերադառնա՞ աշխատանքի, թե՞ կմնա արձակուրդում մինչեւ ապրիլի 3-ը, սակայն «խիստ զբաղված» քաղաքապետը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը, ով եւս արձակուրդ է վերցրել, մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետը շատ զբաղված է, դրա պատճառով էլ զանգերին չի պատասխանում: Նրանից հետաքրքրվեցինք՝ քաղաքապետարանի աշխատակազմից էլ ովքե՞ր են արձակուրդ վերցրել ու մասնակցում քարոզարշավին, եւ քաղաքապետը կմնա՞ արձակուրդում մինչեւ ապրիլի 3-ը։ Պողոսյանն ասաց. «Միայն ես ու քաղաքապետն ենք արձակուրդում այս պահին, շատ հնարավոր է արձակուրդը  դադարեցնենք եւ վերադառանք աշխատանքի․ երկուշաբթի օրը պարզ կլինի»:
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ