Գաղտնալսել են Փաշինյանին և նրա անհայտ զրուցակցին

Գաղտնալսել են Փաշինյանին և նրա անհայտ զրուցակցին

Ձայներիզի առաջին րոպեներին զանազան ձայներ են լսվում Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակից: Թվում է՝ կահույքն է տեղաշարժում, հետո թուղթ ճղելու ձայն… հետո սկսում է ինքն իրեն խոսել՝ ինչ անեմ, ոնց անեմ, ձեւ չկա, պիտի կրենք հանրաքվեն….
Զանգում է կոմուտատորը։
- Հա, Աշխեն, ի՞նչ կա…
- Պարոն վարչապետ, Ձեզ մարդ է հարցնում:
- Ո՞վ է, ի՞նչ է ուզում:
- Պարոն Ֆունտն է, ուզում է Ձեզ անձամբ տեսնել:
- Ֆունտ, Ֆունտ, Ֆունտ, դու ճանաչո՞ւմ ես նրան, Աշխեն:
- Մի երկու անգամ տելեվիզրով եմ տեսել, պարոն վարչապետ:
- Լավ, թող ներս գա…
Լսվում է Փաշինյանի աշխատասենյակի մուտքի դռան ճռռոցը, հետո՝ քստքստոց: Այցելուն բավականին ուշացումով է բարեւում վարչապետին, հավանաբար, աշխատասենյակը զննելուց հետո…
- Լավ էլ տեղավորվել եք, պարոն Փաշինյան, բայց նախագահի նստավայրում ավելի լավ չէ՞ր: Ես այնտեղ հաճախ եմ եղել, բնությունն էլ ավելի փարթամ էր…
- Բարով եք եկել, քաղաքացի Ֆունտ, համեցեք, նստեք, լսում եմ Ձեզ, կներեք, հանդիպում կա, եթե կարելի է՝ արագ ավարտենք: Եվ, ուրեմն, ինչո՞ւ եք հասել ինձ մոտ:
- Պարոն վարչապետ, լսել եմ՝ հանրաքվե եք անելու: Կարո՞ղ է, արդյոք, Ֆունտը օգտակար լինել Ձեզ:
- Դուք երեւի ուզում եք «այո» ասել, հա՞: Շատ լավ, ապրիլի 5-ին կգնաք ընտրատեղամաս եւ կքվեարկեք «այո»:
- Դուք ինձ ճիշտ չհասկացաք, պարոն Փաշինյան: Ես չեմ գնում ընտրատեղամաս, ես Ֆունտն եմ, Ֆունտը… Կարող եք դուրս գալ փողոց եւ մարդկանց հարցնել, թե ով էր Ֆունտը հեղափոխությունից առաջ: Ձեզ կասեն, որ նա մեծ փրկարար էր ու երկրի ղեկավարների էր փրկում կատաղած ընդդիմությունից…
- Դուք ուզում եք ինձ փրկել ընդդիմությունի՞ց:
- Այո:
- Ես դրա կարիքը չունեմ, ժողովուրդն ինձ հետ է եւ ոչ թե ընդդիմության: Բայց սպասեք, սպասեք, ի՞նչ կապ ունի այստեղ հանրաքվեն…
- Ես կարող եմ այնպես անել, որ դուք հաղթեք, պարոն Փաշինյան: Ես կերպարվեստի լավ ձիրք ունեմ, նկարել սովորել եմ Լեւոն Անկախաբերի օրոք, գիտելիքներս խորացրել Ռոբերտ «Բռնակալի» օրոք… իսկ Սերժ Ազատարարի օրոք ես արդեն հեղինակային ցուցահանդեսներ ունեի, եւ, ինչպես տեսնում եք, ողջ ու առողջ են թե՛ նրանք, թե՛ ես…
- Պարոն Ֆունտ, Դուք ինչ-որ ակնարկներով եք խոսում… Ուզում եք ինձ համար ինչ-որ բա՞ն նկարել:
- Ոչ թե ինչ-որ բան, այլ շատ կոնկրետ բան, օրինակ՝ «650 հազար»:
- Ի՞նչ, հանրաքվե՞ նկարել:
- Ես կասեի՝ «այո»-ի հաղթանակ…
- Օ՛, ոչ…
- Չեմ հասկանում Ձեզ, պարոն Փաշինյան, Դուք, ինչ է, ուզում եք անձա՞մբ արժանանալ ընդդիմության քննադատությանն ու ինքնե՞րդ նստել: Դե այդպես էլ ասեիք, էլ ինչո՞ւ զբաղեցրիք իմ առանց այն էլ սուղ ժամանակը…
Ֆունտն աթոռը ղռռցնելով վեր է կենում: Լսվում է ոտքերի քստքստոցը, հետո՝ դռան ճռռոցը… Եվ այդ պահին Փաշինյանը ձայն է տալիս.
- Ֆունտ, պարոն Ֆունտ, սպասեք, հետ եկեք, ես հենց նոր մի բան մտածեցի… Աշխե՛ն, դու էլ արի: Աշխեն, Ավինյանին կասես՝ պարոն Ֆունտին ամեն ինչով ապահովի, կզանգես «Այո»-ի շտաբ, թող իրենց բոլոր հաշվարկներն ուղարկեն պարոն Ֆունտին: Որտե՞ղ է Ձեր գրասենյակը, պարոն Ֆունտ:
- Հին տեղում, պարոն վարչապետ:
- Շատ լավ, լսեցի՞ր, Աշխեն, հին տեղում: Ինձ համար ապահովեք համակարգչային ուղիղ կապ պարոն Ֆունտի համակարգչի հետ, ես պետք է տեսնեմ, թե ինչպես է նկարվում 650 հազարը:
- Պարոն վարչապե՞տ…
- Ի՞նչ, Աշխեն, ինչո՞ւ ես աչքերդ վրաս չռել, մի՞թե այս երկրում ժողովրդական վարչապետի աչքից ծածուկ բաներ կարող են տեղի ունենալ: Դե գնացեք, ես շտապում եմ հանդիպման, ցտեսություն, պարոն Ֆունտ, մենք դեռ կտեսնվենք:
Ձայներիզի ավարտը:

Վերծանեց 
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ