Ամենամեծ վտանգը բաց ռեժիմով պահվող դատապարտյալներն են

Ամենամեծ վտանգը բաց ռեժիմով պահվող դատապարտյալներն են


Քրեակատարողական ծառայությունը կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակել է ազատազրկվածների հարազատների այցելությունները կալանավայրեր: «Հակահամաճարակային իրավիճակը կալանավայրերում վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել»,- երեկ հայտնեց արդարադատության նախարարությունը, նշելով նաեւ, որ կալանավայրերում կանխարգելիչ եւ պաշտպանիչ միջոցառումներ են իրականացնում` բուժզննում, խորացված ստուգում, ախտորոշիչ հետազոտություններ, իրազեկում: «Քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան»,- հավաստիացնում են քրեակատարողական ծառայությունից։   
Իսկ կալանավայրերի բնակիչներն ակտիվորեն քննարկում են Իրանից ու Իտալիայից եկող լուրերը: Իրանում, ինչպես հայտնի է, 70 հազար դատապարտյալ են բաց թողել, իսկ Իտալիայի բերդերում կալանավորները ներքնակներ են այրում՝ ի նշան բողոքի, համաներում են պահանջում կորոնավիրուսի պանդեմիայի հիմքով: Մոդեն քաղաքում 5 տասնյակ կալանավորներ փախուստի են դիմել: «Հեռուստատեսությամբ լսեցինք, որ Իրանը 70 հազար կալանավոր ազատեց: Դրա համար ստեղ էլ մի երկու հոգի խոսել են։ Ստից խոսակցություն է։ Իրանը 250 հազար կալանավոր ունի, ու այնտեղ ամեն մի առիթի վախտ նման ազատումներ են անում: Այնտեղ նաեւ Հայրիկի տոն կա: Այդ օրվա առիթով 5-ական տարիներ են թափում կալանավորների սռոկից: Մեզ մոտ ռեալ չի, որ տենց բաներ անեն»,- իր փաստաբանի միջոցով փոխանցեց «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկվածներից մեկը: 
«Երեկ ասեցին, իբր, ստուգողներ կան, կորոնավիրուսի հետ կապված, բայց օբշի խաղաղ վիճակ ա: Վախեցող չկա: Դեռ հիվանդության հետ կապված ոչ մի դեպք չի գրանցվել»,- այս պատասխանը հարազատների միջոցով ստացանք կալանավորված աձից: 
ՔԿԾ-ին մոտ պաշտոնյայից էլ տեղեկացանք, որ արդարադատության նախարարությունը քննարկել է բաց ռեժիմի դատապարտյալներին երկարատեւ արձակուրդ ուղարկելու հարցը: «Բաց ռեժիմը գիտեք, չէ՞, առավոտյան 9-ին թողնում են, երեկոյան գալիս են կալանավայր: Եթե հանկարծ մի դեպք լինի, նրանց բոլորին երկար ժամանակով ուղարկելու են տուն, քանի որ ամենամեծ վտանգը կալանավայրի համար բաց ռեժիմն է: Գաղութն էլ է վտանգ ներկայացնում, որովհետեւ մարդիկ ամեն օր իրար հետ շփվում են»,- ասաց մեր աղբյուրը: Արդարադատության նախարարության խոսնակը հերքում է, ասելով. «Նման հարց չի քննարկվել»: