Արցախի բոլոր պատգամավորները հարցաքննվելու են՝ սահմանադրական կարգի տապալման գործով 

Արցախի բոլոր պատգամավորները հարցաքննվելու են՝ սահմանադրական կարգի տապալման գործով 

Ինչպես տեղակացանք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու․ Արցախի դատախազությունը տեղեկացրել է, որ Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Այսինքն՝ խոսքը վերաբերում է Սահմանադրական կարգի տապալմանը։ 

Այնուամենայնիվ, Արցախի մեր աղբյուրները հայտնում են, թե քանի որ գործը հարուցված է այսպես ասենք՝ փաստով, ապա քրեական գործում չկա ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ այլոց անունները։ Պարզապես նա այդ թեմայով հարցաքննվելու է ու վերջ, ինչպես Արցախի խորհրդարանի բոլոր պատգամավորները։

Հիշեցնենք, թե խոսքն ինչի մասին է․ փետրվար ամսին Արցախի խորհրդարանի ընդդդիմադիր «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ Գլխավոր դատախազի ընտրության ժամանակ մեջբերել էր Արայիկ Հարությունյանի հետպատերազմական հայտնի ուղերձից մի հատված, որն էլ քրեական գործի հարուցման համար հիմք էր դարձել։ Խոսքը ԱՀ նախագահի դեկտեմբերի 15-ին հրապարակած ուղերձի հետեւյալ հատվածի մասին է. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, եւ թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում:Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ՝ նպաստ բերելու հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնեական ու ոչ պաշտոնեական լիազորություններից ու հնարավորություններից»:

«Սա  սահմանադրական կարգի տապալում է, քանի որ, ըստ իր հայտարարության, կան որոշ ուժեր, որոնք իրեն խոչընդոտել են սահմանադրական լիազորությունները կատարելու հարցում»,- Հարությունյանի ուղերձն ընթերցելուց հայտարարել էր Մետաքսե Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ «այդ ուժը եւ անձը Նիկոլ Փաշինյանն է»։ 

«Հրապարակը» հարց ուղղեց Մետաքսյա Հակոբյանին՝ ինչ ակնկալիքներ ունի Արցախի Դատախազությունից, մանավանդ որ Արցախում բոլորը գիտեն, որ Արայիկ Հարությունյանը պարզապես հարցաքննվելու է։

Զրուցեցինք նաև «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ ակնկալիք ունի դատախազության գործողությունների մասով։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է․ «Իհարկե, մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այս իշխանություններից արդարության հետ կապված ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ։ Բայց ամեն դեպքում, երկրի առաջին դեմքը կանգնեց, հայտարարոթյուն արեց, որ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել։ Եթե ասաց՝ «գաղտնիք չէ ձեզ համար, թե ովքեր են եղել, ինքը դրանով, բնականաբար, նաև ուզեց ասի, որ դա հենց Հայաստանի իշխանություններ են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Պարզ ասաց և, բնակաբար, էդ ամենը արեց իր սեփական կաշին փրկելու համար։ Ովքեր իրեն ճանաչում են, շատ լավ գիտեն, թե ինքն ինչի է ընդունակ։ Բայց ասեմ, որ զարմանալի էր, որ հաղորդումն ընդունվեց ու քրեական գործը բացվեց, ու դա քիչ բան չէր»։

Հաջորդը, որ Մետաքսյա Հակոբյանի մոտ զարմանք է առաջացրել այն է, որ ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանը կհարցաքննվի որպես վկա։ «Ուզում եմ լիահույս լինել, որ դատախազն, այնուամենայնիվ, անկախ կլինի, չի գնա իշխանությունների ճնշմանն ու մինչև վերջ գործը կտանի։ Որովհետև եթե էս քննությունը ճիշտ ձևով տարվի, ապա բացահայտվելու է»,- ավելացնում է Մետաքսյա Հակոբյանը։ Նրա որոշակի լավատեսությունն ավելացնում է այն, որ հարցաննքվելու են Արցախի բոլոր պատգամավորները, որոնցից «շատ-շատերը» շատ բաների ականատես են եղել»։

Հարց ուղղեցինք «Արդարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի այս գործի հետագա ընթացքից, ասաց․«Ունենք մեր քաղաքական օրակարգը, մենք շարժվում ենք մեր կուսակցության ծրագրային դրույթներով և՛ մեր նպատակները և՛ մեր ամբողջ գործողությունները պլանավորված են և բխում են մեր  կուսակցության ծրագրային դրույթներից»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Այսինքն՝ հեռացնել Արայիկ Հարոթյունյանին իշխանությունի՞ց։ «Հեռացնել, չհեռացնել, մենք որպես քաղաքական կուսակցություն գտնում ենք, որ ներկայիս իրավիճակը իրենց ուսերին չի համապատասխանում։ Իրենք չեն կարող այս ամբողջ ողբերգությունից հետո Արցախի կյանքը արդյունավետ կառուցել և կառավարել»,- ասում է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը։

Նկատեցինք, որ, այնուամենայնիվ, Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի այնպիսի բազմաձայն պահանջ չեղավ, ինչպես մեզ մոտ՝ Փաշինյանի։ Կարեն Հովհաննիսյանն ասում ՝ իսկ մենք, ի՞նչ, սիամական քույրեր ե՞նք։« Մենք մեր պահանջը հստակ ձևակերպել ենք, մեր պահանջը հստակ է, յուրաքանչյուր խոսափող օգտագործվում է՝ շեշտելու, որ էս քաղաքական ծանրագույն ժամանակաշրջանում ներկայումս գործող վարչակարգը  ի զորու չէ կատարելու էն առաքելությունը, որ կոչված է պետությունն էս ծանր վիճակից դուրս բերելուն»։ 

Այնուամենայնիվ, դե յուրե գեներալ Վիտալի Բալասանյանին, ում անունը կապվում է այս կուսակցության հետ, ֆորմալ կամ դե յուրե նշանակել է Արայիկ Հարությունյանը, «բա ինչպես է լինում»։ 

Կարեն Հովհաննիսյանն աւսաց․ «Վիտալի Բալասանյանը «Արդարություն» կուսակցության անդամ չէ։  «Ադարություն» կուսակցությունը Վիտալի Բալասանյանի հետ համատեղ գնացել է նախագահական ընտրությունների, մենք պաշտպանել ենք իր թեկնածությունը»։
Այսինքն՝ կաշկանդված են դրանով, մանավանդ, որ «ցայտուն ընդդիմադիր կեցվածք ունենք»։