«Սինեմատեքը» լինելու է ավելի քան թանգարան

 «Սինեմատեքը» լինելու է ավելի քան թանգարան

Այսօր Կինոյի տան կենտրոնական մասնաշենքում շնորհանդեսի ձեւաչափով ներկայացվեց «Ազգային Սինեմատեքի» նախագիծը, որի գաղափարն ու մտահղացումը պատկանում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին, ում խոսքերով՝ 2-3 տարում կարող ենք ունենալ այն, ինչ երազել ենք տարիներ։ «Սա իրականություն պետք է դառնա, որովհետեւ եթե երազանքն իրականություն չդարձնենք, բավականին տխուր կլինի։ Տեղում կանգնելու ցանկություն չկա, եթե կանգնեցինք, կհուսահատվենք»,- ասում է նա ու նկատում, որ «Սինեմատեքը» լինելու է կրթական, մշակութային եւ զբոսաշրջային կենտրոն։ 

Վերջերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Արա Խզմալյանն այցելել էին կինոմիություն եւ ծանոթացել նախագծին։ Այդ առիթով նախարարը նույնիսկ ոգեւորված գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ծանոթացել է «Սինեմատեքի» կոնցեպտին եւ, ինչպես նկատում է Հ․ Խաչատրյանը, եւս հիացած է ծրագրով։ Իսկ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է ոչ միայն մասնավորի, այլ նաեւ պետության աջակցությունը։ «Շատ կարեւոր էր կառավարության մասնակցությունն այս ծրագրին, որովհետեւ եթե այն չլիներ, մասնավոր սեկտորը չէր միանա այս ծրագրին»,-ասում է Խաչատրյանն ու հավելում, որ ԿԳՄՍ-ն նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ անել առաջին ներդրումը՝ 80 մլն դրամի չափով, ինչը հիմնականում կուղղվի կոմունիկացիոն խնդիրների լուծմանը՝ ջեռուցում, կաթսայատան կառուցում եւ այլն։ 

Ինչ վերաբերում է ընդհանուր ծրագրի արժեքին, ապա այն գնահատվում է մոտ 680 մլն դրամ։ Կինոմիությունն իր կողմից ներդնելու է ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ շենքն ու տարածքը, ինչպես նաեւ 200 մլն դրամ, կառավարությունից ակնկալելու են, ընդհանուր առմամբ՝ 280 մլն դրամ եւ մոտավորապես 200 մլն դրամ էլ՝ մասնավոր ներդրողներից, որոնց հետ այժմ բանակցություններ են վարում։ Ինչպես նկատում է միության նախագահը՝ մի շարք ճապոնական ֆոնդեր նույնպես հետաքրքրված են «Սինեմատեքով», բացի այդ՝ բանակցություններ են վարում Աննա եւ Հրայր Հովնանյանների եւ Քրք Քրքորյանի ֆոնդերի հետ։ Եթե անգամ այս պահին լինի ողջ ներդրումային գումարը՝ 680 մլն-ն, անհնար է այն կառուցել 2-3 ամսում։ Ծրագիրը մտածված է եւ իրականացվելու է փուլերով։ 

«Սինեմատեքի» կոնցեպտը մշակել է մշակութային փորձագետ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը՝ ճարտարապետ Անահիտ Հովհաննիսյանի հետ միասին։ «Ամբողջ կոնցեպտը մշակվել է մասնագիտական խորհրդատվությունների եւ տարածքներ այցելությունների ուսումնասիրությունների հիման վրա, այսինքն՝ Անահիտն այցելել է եվրոպական բոլոր կինոթանգարանները եւ բավականին լուրջ հետազոտություններ արել։ Շատ լուրջ խորհրդակցություն ենք ստացել Ամստերդամի կինոյի թանգարանի մասնագետներից, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի տնօրինությունից, ինչպես նաեւ Նիդերլանդներում գործող քաղաքային միջավայրի եւ հասարակական տարածքի ձեւավորման ինստիտուտի մասնագետներից»,- ասում է Մանուկյանն ու նշում, որ միությունը փորձ է անում կառավարության, մասնավոր հատվածի միջոցով ստեղծել կրթական-մշակութային, զբոսաշրջային միջավայր։ 

Կրթական բաղադրիչի մեջ Մանուկյանը կարեւորեց հատկապես երեխաների կրթությունն ու ժամանցը, հետազոտությունը եւ դասախոսությունները, բաց ցուցադրություններն ու քննարկումները։ «Մշակութային բաղադրիչի մեջ դիտարկվում են արդեն կինոյի թանգարանի ստեղծումը, կինոդիտումները, վիրտուալ իրականությունը, միջոցառումների մեջ՝ փառատոները, տարբեր միջոցառումների անցկացումը, իսկ հանգստի եւ ժամանցի գոտում նախատեսվում է ունենալ բար, սրճարան, ռեստորան, ինչպես նաեւ հասարակական այլ տարածքներ։ Այս մոտեցումը ենթադրում է, որ մարդը, առավոտից մտնելով «Սինեմատեքի» տարածք, պետք է ունենա հնարավորություն՝ այնտեղից դուրս գալ՝ առանց մտածելու նախաճաշելու, հանգստանալու եւ այլ բաների մասին։ Կլինի նաեւ գրախանութ, ինչպես նաեւ մասնագիտական գրախանութ, կինոխանութ։ Մենք չենք նախատեսում ունենալ մեմորիալ թանգարան կամ դասական թանգարանային ցուցադրություն, կլինեն ժամանակավոր եւ հիմնական ցուցադրություններ, բայց ցուցադրությունների շեշտը դրված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների վրա»,- ասում է նա ու հավելում, որ նախատեսված է ունենալ նաեւ տարբեր չափերի 5 կինոդահլիճ, որոնք լինելու են փոփոխվող կինոդահլիճներ, նաեւ մեծանալու են եւ փոքրանալու։ 

Ապագա «Սինեմատեքի» տարածքը շարունակություն է ունենալու եւ միանալու է Կինոյի տան 500 հոգանոց մեծ դահլիճին, որը նախորդ 2 տարիների ընթացքում վերանորոգվեց՝ պահպանելով իր ռետրո տեսքը։ «Սինեմատեքին» միանալու է նաեւ Մալյան թատրոնի դահլիճը, արդյունքում ստեղծվելու է թատերական եւ կինոմշակութային մի համալիր, որը կստեղծի հնարավորություն, որպեսզի «Սինեմատեքը» դառնա նաեւ փառատոնային կենտրոն Հայաստանի համար։ Սա էլ իր հերթին զգալի օգնություն է լինելու Հայաստանում գործող շուրջ 10 միջազգային կինոփառատոներին, որոնք իրենց միջոցառումները կանցկացնեն այդ տարածքում։ «Ամենակարեւորը՝ այն ստեղծելու է կինոմիջավայր։ Իսկ «Սինեմատեքը» լինելու է ավելի քան թանգարան»,- ասում է Մանուկյանն ու հավելում, որ «Սինեմատեքը» Հայաստանի համար կլինի 2-րդ բրենդային մոդուլը «Թումո»-ից հետո, որտեղ երեխաները կստանան համապատասխան կողմնորոշումային կրթություն։ Ստեղծարար կինոկրթական տեխնոլոգիական դասասենյակները պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն են տալու 5+ տարիքից անցնել կինոստեղծման ժամանակակից գործընթաց՝ սցենարի զարգացումից մինչեւ կինոնախագծի զարգացում, կինոնկարահանում եւ կինոցուցադրություն՝ որպես վերջնական արդյունք ունենալով սեփական ֆիլմերը։ 

Սոնա Ադամյան