Ժոզեպ Բորելի հայրն իրավացի էր

Ժոզեպ Բորելի հայրն իրավացի էր

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և այդ համատեքստում Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին, ասել է. «Պատժամիջոցները ԵՄ-ի գործիքներից միայն մեկն են՝ խթանելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, և այս դեպքում չեն դիտարկվում…Եվրամիության ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այդ հարցում հայտնել են իրենց հանձնառությունը»:
Վերջին կանգառը, գյուղ Պոբլա դե Սեգուր (Իսպանիա), որտեղ 1947 թվականին, հայոց ցեղասպանության օրը, ծնվել է Բորելը: 

Պոբլա դե Սեգուրում նրա հայրն ուներ ոչ մեծ հացաթխման արտադրություն: Սովորելու ցանկությունը Ժոզեպին ներարկել է մայրը, իսկ հայրը, հակառակը, համարում էր, որ կրթությունը միայն վնասում է և որդին պետք է տիրապետի ընտանեկան արհեստին: Նա ստիպված էր արդեն հինգ տարեկանում իշուկի վրա հարևան բնակավայրեր տեղափոխել հոր թխած հացը: Բորելը ոչ միայն չէր ամաչում իր ծագումից, այլև դրանով հպարտանում էր, ինչն Իսպանիայի համար բնորոշ չէր: 

Նա նույնկերպ չի ամաչում իր ասածի համար, նույնիսկ հպարտանում է, որ դիվանագիտական խորամանկությամբ իրեն ուղղված հարցի պատասխանը նետում է շահառուների կողմը՝ «հանձնառություն» ուժեղ, բայց միաժամանակ տխմար բառի միջոցով: Այստեղ երևում է նաև, որ Ժոզեպի վրա ազդել է Իսրայելի կիբուցում 1969 թվականին անցկացրած ամառը…

Թեև Ժոզեպը տնտեսագիտության դոկտոր է և նրան անվանում են ամենակրթված իսպանացի սոցիալիստը, այնուամենայնիվ, Ժոզեպի հայրն իրավացի էր. կրթությունը նրան վնասել է, բայց հայրն այլևս չի իմանա, թե որքան...

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր