Չորրո՞րդ հանրապետություն

Չորրո՞րդ հանրապետություն

Մեկ տարի առաջ ներկայացրել էի չորրորդ հանրապետության կառավարման համակարգի իմ տեսլականը` իրանական կառավարման մոդելի նմանությամբ: Իրանի վերին իշխանությունը կրոնական ղեկավարների (այաթոլաների) խորհուրդն է գերագույն հոգևոր առաջնորդով: Պետական կառավարման մնացած կառույցները դասական նախագահական համակարգի մեջ են: Մեզանում կրոնավորների խորհրդի փոխարեն պետք է ստեղծել գործունեության տարբեր ոլորտներում նշանակալի արդյունքների հասած անձանց խորհուրդ: Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը նկատել էր, որ դա ժամանակին (հնագույն հիշատակումը վերաբերում է մ. թ. 14 թվականին) մեզանում կիրառվող Աշխարհաժողովի մոդելն է: Այն հրավիրվում էր տարին մեկ անգամ` բդեշխների, նախարարների, հոգևորականության վերնախավի, ազատների, երբեմն նաև շինականների ու ռամիկների մասնակցությամբ: Պատմական այդ կառույցի և առաջարկվածի տարբերությունը խորհրդի անդամների քանակի և դրա ղեկավարի՝ ընտրովի մեկի, թե թագավորի անձի մեջ է: 

Ինչևէ, այդ մոդելի ընդունման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը: Այս հարցում ես համաձայն եմ Նիկոլի հետ, որը ցանկանում է պատմության գիրկն ուղարկել երրորդ հանրապետությունը: Այն ծագեց Ղարաբաղյան շարժմամբ ու պետք է ավարտվի Արցախի հայաթափմամբ: Որովհետև Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը չշարունակվեց ներքաղաքական կյանքում ու այդ թվում տնտեսության մեջ արդարության կայացմամբ: Արցախի հարցում մեր հաղթանակն արդարության հաղթանակ էր արտաքին քաղաքական ասպարեզում: Ինչը չամրագրվեց ներսում նույնանման հաղթանակով: Հիշում եմ, որ այդ թվերին ՀՀՇ-ում քննարկումներ էին ընթանում, թե որ ձեռնարկության տնօրենն է գործունյա ու ազնիվ, որպեսզի սեփականաշնորհման ժամանակ նրան հատկացվի իր ղեկավարած գործարանը. դա հհշամերձ ընկերս է պատմել: Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ռոմանտիկ այդ գաղափարն այդպես էլ մնացել էր քննարկումների տիրույթում: Ինչը հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ կապիտալի նախնական կուտակման փուլում շահում են ոչ թե ազնիվները, այլ բոլորովին այլ տեսակի մարդիկ:

Ինչևէ, դրանով էլ ավարտվում է նախկին, ինչպես նաև գործող կարգը պատմության գիրկն ուղարկելու մեր համաձայնությունը: Քանի որ Նիկոլը փորձելու է փոխել Սահմանադրությունը թուրք-ադրբեջանական պահանջների բավարարման ու մանկուրտային պետություն սարքելու համար: Իսկ իմ առաջարկի իմաստը հասարակության բոլոր անդամների համագործակցության (հիշենք Չարենցի պատգամը) ձևավորումն է: Եվ ըստ այդմ՝ ինքնիշխան, հզոր, բարգավաճ ու զարգացած հայրենիքի կառուցումը: Նոր հասարակարգի հիմնական սկզբունքն էլ պետք է լինի իշխանության մեջ նիկոլանմանների /պոպուլիստների հայտնվելը բացառելը: Հասարակության մեջ էլ՝ «նիկոլիզմը» ձևավորող պայմանների վերացումը: Ինչը պետք է կատարվի ոչ թե այնպիսի կառավարման համակարգում, որը գործում է այսօր՝ ժառանգված նախկիններից: Որովհետև ինչպես տեսաբան ֆիզիկոս և հումանիստ Ալբերտ Էյնշտեյն (1879-1955) է ասել, «Հնարավոր չէ խնդիրը լուծել նույն մակարդակով, որում այն առաջացել է։ Անհրաժեշտ է բարձրանալ այդ խնդրից՝ բարձրանալով հաջորդ մակարդակ»։ Իսկ հասարակագիտական հաջորդ մակարդակն, իմ կարծիքով, վաղուց մոռացված մեր Աշխարհաժողովի մոդելն է: Ինչն էլ հենց կլինի չորրորդ հանրապետության հիմքը: