Գեներալների պաշտոնանկությունները հարցի լուծում չեն

Գեներալների պաշտոնանկությունները հարցի լուծում չեն

Վերջին շրջանում բանակից անընդհատ տագնապալի նորություններ են հասնում։ 40 օրվա ընթացքում մեկ տասնյակից ավել դժբախտ պատահարներ՝ սպանություններ և ինքնասպանություններ։ Սա իհարկե չափազանց մտահոգիչ վիճակագրություն է, որը լրջագույն սպառնալիք ու մարտահրավեր է պետության ազգային անվտանգության համար: 

Արտաքին մարտահրավերները որպես կանոն կանխատեսելի են ու տեսանելի: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի հակառակորդն է և ուղղակիորեն սպառնում է Արցախի գոյությանը: Սա իհարկե նորություն չէ, և դրանից ելնելով ինչպես պետությունը, այնպես էլ հանրույթը պատրաստ են ամեն ինչի՝ սպասելով զարգացման ցանկացած տարբերակի:

Ներքին մարտահրավերների պարագայում գործում է լռիվ հակառակ տրամաբանությունը: Դրանք ո՛չ տեսանելի են և ո՛չ էլ կանխատեսելի:  Մարդիկ հաճախ չեն էլ կարողանում զգալ ներքին մարտահրավերի ծանր ներկայությունն ու այն վրա է հասնում է անսպասելի ու անակնկալ, ինչպես վերջին շաբաթների տարերային մահերը։ Իսկապես ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ընդամենը հաշված օրերի ընթացքում այդքան դժբախտ պատահարներ տեղի կունենան և ի՞նչ է սա, եթե ոչ ներքին մարտահրավեր։ 

Այսինքն, ՀՀ-ում և Արցախում կան այնպիսի զորամասեր, որոնք չափազանց ցածր կարգապահություն ունեն։ Փաստացի խնդիրը տևական ժամանակ շարունակվել է և հրամանատարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Եթե վաշտի հրամանատարը չի կարողանում կառավարել իր ստորաբաժանումը, ապա դա լուծելի խնդիր է, բայց երբ գնդի հրամանատարն ու նրա տեղակալները, կորպուսի հրամանատարը, ինչպես նաև ռազմական ոստիկանությունն են անկարողություն դրսևորում, ապա սա արդեն տասնապատկում է երևույթի վտանգավորությունը: 

Փաստորեն մինչև օրս բանակի հրամանատարությանը չի հաջողվել զինվորների միջավայրից արմատախիլ անել կրիմինալ մտածողությունը: Դեռևս ակտուալ են «յախշի, չաստ նայող, լավ տղա աֆիցեռ, գործ տվող» հասկացությունները, իսկ զինվորներն էլ շերտավորված են՝ ուժեղներն ու ճարպիկները ճնշում և շահագործում են թույլերին: 

Այս համատեքստում չափազանց կարևոր է պատասխանել հետևյալ հարցադրմանը․ Եթե վաղը պատերազմ սկսի, արդյոք համանման զորամասերը պատրաստ կլինե՞ն դիմագրավել հակառակորդին։ Լա՛վ, հայրենասիրությունն ու ընդհանրապես հարցի զգացմունքային կողմը դնենք մի կողմ։ Այսպիսի ցածր կարգապահությամբ զորամասերը ինչպե՞ս են մարտական առաջադրանք իրականացնելու։ Շարքային զինվորը ինչպե՞ս է կռվելու, երբ տեսնում է, որ իր կողքին արտոնյալներ են ծառայում, որոնք ո՛չ միայն չեն ծառայում, այլ նաև՝ զորամասը «զոնի» են վերածել։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց պատասխանները ամենևին էլ հեշտ չի գտնել, քանի որ խոսքը Հայաստանի ազգային անվտանգության մասին է։ 

Երևի թե շատերը կհամաձայնեն, որ կարգապահության բացակայությունը շատ ավելի վտանգավոր հակառակորդ է, քան՝ Ադրբեջանը։ Ահա, սա է մեր միակ մտահոգության առարկան, քանի որ կանոնադրությունից շեղված զինվորներն ու թույլ հրամանատարները պարզապես չեն կարող պետություն պաշտպանել, ընդհակառակը՝ նրանք ականներ են ու հենց երկրի սրտում տեղադրված՝ ամենաճակատագրական պահին պայթելու հեռանկարով։  

Քաղաքական ղեկավարությունից և բանակի հրամանատարությունից ակնկալում ենք համակարգային բարեփոխումներ և արատավոր միջավայրի առողջացմանը միտված քայլեր։ Չի կարելի բավարարվել միայն պաշտոնանկություններով։