Ուկրաինան վերջին պահին հրաժարվել է ՌԴ-ի հետ գործարքից․ Reuters

Ուկրաինան վերջին պահին հրաժարվել է ՌԴ-ի հետ գործարքից․ Reuters

Ռուսաստանն ու Ուկրաինան Թուրքիայի միջնորդությամբ գրեթե համաձայնության են եկել Սև ծովում նավարկության անվտանգության մասին համաձայնագրի շուրջ, սակայն Կիևը վերջին պահին փոխել է իր որոշումը և հրաժարվել համաձայնություն տալուց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։

Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագրի մասին պետք է հայտարարեր մարտի 30-ին, իսկ մինչ այդ բանակցությունները շարունակվել են երկու ամիս։

Միաժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՄԱԿ-ն, ի թիվս այլնի, կոչ է արել նավարկության անվտանգության վերաբերյալ համաձայնագիր կնքել։ 

Սև ծովը շարունակում է մնալ ուկրաինական և ռուսական սննդամթերքի՝ համաշխարհային շուկաներ մատակարարելու կարևորագույն ուղին։

Reuters-ի զրուցակիցները պնդում են, որ կողմերն արդեն համաձայնեցրել էին պայմանագրի տեքստը, որը «ապահովում է Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգությունը»։

Չնայած Ուկրաինան չի ցանկացել պաշտոնապես ստորագրել փաստաթուղթը, այդուհանդերձ համաձայնել է հաստատել այն, ինչի մասին Էրդողանը պետք է հայտարարեր, ասվում է զեկույցում։

«Վերջին պահին Ուկրաինան անսպասելիորեն մտափոխվել է, իսկ համաձայնագիրը տապալվել է», - Reuters-ը մեջբերում է իր աղբյուրներից մեկի խոսքերը:

Պատճառները, թե ինչու Կիևը հրաժարվեց համաձայնության գալ, հայտնի չեն Reuters-ի աղբյուրներին։
Գործակալության լրագրողները վերանայել են չկնքված համաձայնագրի տեքստը. այնտեղ ասվում է, որ Մոսկվան և Կիևը անվտանգության երաշխիքներ են տալիս Սև ծովում գտնվող առևտրային նավերին և պարտավորվում են չհարձակվել նրանց վրա, չբռնել կամ խուզարկել, եթե դրանք դատարկ են կամ ոչ ռազմական բեռներ են տեղափոխում: