Դատարանների գերզբաղվածության խնդրի արմատը

Դատարանների գերզբաղվածության խնդրի արմատը

Այսօր Հայաստանի դատարանները գերբեռնված են։ Ամեն մի դատավոր ու դատախազ 30֊ից ավելի, հաճախ մինչև 50 գործ ունեն իրենց սեղաններին։  Իրավունքի սկզբունքներից մեկն է արդարության վերականգնման «պատշաճ ժամանակամիջոցում» իրականացնելը։ Մեկ այլ կանոն, որին քիչ ենք անդրադառնում, միևնույն դատավորի կամ դատախազի կողմից նույն ժամանակահատվածում առավելագույնը 15 գործի ղեկավարումն է։ Այս երկորդը նորմատիվ հասկացություն է, որն ապահովում է հանրապետությունում հապշտապ և մակերեսային դատական պրոցեսների բացառումը։ Ինչո՞ւ Հայաստանում գոյություն ունի նման իրավիճակ։

Արդյո՞ք դատավորների ու դատախազների քանակն է փոքր, թե Հայաստանի քաղաքացիները հանցագործության համեմատական խիստ բարձր տոկոսներ են ներկայացնում։ Պարզ է, որ սույն երկու հարցերի պատասխանները «ոչ» են ։ Իր բնակչության համեմատ Հայաստանի դատավորների ու դատախազների քանակը նորմալ է կամ նորմալից մի քիչ էլ բարձր, իսկ Հայաստանի ազգաբնակչության շրջանակներում հանցագործությունների համեմատական քանակը եվրոպական միջինից աննշան բարձր է միայն։ Հետևաբար ո՞րն է դատավորների ու դատախազների նման գերզբաղվածության իսկական պատճառը, կամ պատճառները։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են հետևյալ երկու պատճառները `

ա) դատախազությունը, որպես կանոն, առանց երկար մտածելու, անվրեպ կերպով բողոքարկում է գրեթե ամեն դատական ակտ (վճիռ), որն ամբողջովին կամ մասնակիորեն հիմնավում է պաշտպանական կողմի (այսինքն ամբաստանյալի կամ դատապարտյալի) փաստարկումների վրա։ Քանի որ հեղափոխությունից հետո առաջին ատյանի դատավորներից շատերն են սկսել անկախ , ինքնուրույն,  արդար որոշոշումներ կայացնել, դատախազները այդ որոշումների դեմ այլ տարբերակ չունենալով, դիմում են վերաքննիչ դատարան, լավ իմանալով, որ վերաքննիչի դատավորների դեռևս մեծամասնությունը ամբողջությամբ ենթարկվում է հին համակարգին, այսինքն այն դատաիրավական մաֆիային, որը տասնամյակներ շարունակ այս ազգը պահել է անարդարությունների, պատեհականությունների, ու իրավունքի քաոսի մեջ։ Հաշվի առնելով , որ վերաքննիչում էլ կան քիչ սակայն նույպես ռեֆորմի կողմնակից դատավորներ, երբ դատախազը այդ ատյանում նույնպես պարտություն է կրում , այս անգամ դիմում է վճռաբեկ դատարան, լավ իմանալով որ այնտեղ արդեն «իր դեմ խաղ չկա»։ Այսպես, մի կողմից անկախանալ փորձող դատավորների ու մյուս կողմից դատախազ մաֆիոզների միջև տեղի է ունենում լուռ, պայքար, որի հետևանքով դատախազների կողմից արդեն մնայուն դարձած բողոքարկումները դատարաններում առաջացրել են խճողվածություն, որը խորապես ազդում է քաղաքացիների կողմից արդարադատության հետապնդման հնարավորության վրա։

Բ) Երկրորդ պատճառը դատախազների ու դրանց շրջանակներին ենթարկվող տարբեր փորձագետների ու մշտական հանձնաժողովների՝ դատական նիստերից բացակայելու, նիստերը այլևայլ հնարքներով հետաձգելու սովորությունն է։ Չկա դատական գործընթաց Հայաստանում, որը ամիսներ տևող հետաձգումների տարբեր փուլերով չի անցնում։ «Դատախազը արձակուրդ է գնացել», այսինքն դատական նիստին ներկայանում են բոլորը, ինչպես նաև հաճախ լրագրողները , տուժողի ու ամբաստանյալի հարազատները, ու հանկարծ պարզվում է, որ դատախազը արձակուրդ է վերցրել, կամ դատական գործին դեռևս չի ծանոթացել, կամ ցանկանում է միջնորդություն ներկայացնել հաջորդ նիստին, ու խնդրում է նիստը հետաձգել։ Այսպես, ամեն մի նիստ, որը (ներառյալ բոլոր ներկաների կողմից տրամադրվող ռեսուրսների) պետության վրա մոտ 200,000 դրամ է նստում, պարոնայք դատախազների կողմից մնայուն կերպով սաբոտաժի են ենթարկվում։  Ի՞նչ է մեզ ասում այս բոլորը։  Այս բոլորը նշանակում է, որ Հայաստանում արդարադատության հետապնդումը այնքան էլ հնարավոր չէ։ Իսկ դա տխուր պատմություն է, որի հետևանքով տուժում է թե իշխանությունը և թե քաղաքացին։ Հետաքրքիր է կռահել, թե ո՞ւմ է ձեռնատու քաղաքացուն ու իշխանություններին վատ կացության մեջ դնելը։ Ինքներդ եզրակացրեք ։

Ստեփան Գրիգորյան