Հայաստանն ինստիտուցիոնալ առումով հեռանում է Ռուսաստանից

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով հեռանում է Ռուսաստանից

ԱՊՀ գործադիր կոմիտեի նիստին, ըստ նախնական տեղեկատվության, պետք է ներկա գտնվեր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, սակայն նախօրեին տեղեկացանք, որ որոշվել է՝ Միրզոյանը չի մասնակցելու նիստին։ Նրա փոխարեն հոկտեմբերի 12-ին Բիշքեկ կմեկնի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Ի՞նչ է սա․ դեմա՞րշ՝ ի պատասխան Ալիեւի` Գրանադա չմեկնելու, թե՞ հակառուսական հերթական քայլը, որով ՀՀ իշխանությունը ցուցադրում է Արեւմուտք գնալու իր որոշումը:

Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանը բոլոր ինդիկատորներով ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ առումով հեռանում է Ռուսաստանից։
«Այս քայլերով Հայաստանը պատրաստակամություն է ցուցադրում եւ հեռանում է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների մակարդակով, այլ նաեւ բազմակողմանի հարթակներից, որոնք ստեղծել է Ռուսաստանը։ Բոլորը հասկանում են, որ ԱՊՀ-ն ինստիտուցիոնալ աշխատող կառույց չէ՝ իր ակտիվությամբ, բայց նույնիսկ այսպիսի դեմարշային քայլերն ընկալվում են Մոսկվայում, Վաշինգտոնում»,- ասաց Մելքոնյանը։

Հետաքրքիր է, որ նույնիսկ Ադրբեջանը նման կտրուկ դեմարշային քայլեր չի անում, որովհետեւ Ադրբեջանն ունի իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը, եւ նրա բոլոր քայլերը՝ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հանդեպ, հիմնված են այդ ռազմավարության վրա։ Այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մասին խոսելն անիմաստ է` դրանք բոլորը սիտուացիոն քայլեր են: Հայաստանն ամեն կերպ փորձում է մտերմանալ հավաքական Արեւմուտքի հետ եւ այսպիսով ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ կտրուկ քայլերի, որոնք կարող են նույնիսկ մեր շահերի դեմ լինել, բայց բխել Արեւմուտքի շահերից։

«Իսկ Ադրբեջանը դրա կարիքը չունի, Ադրբեջանը կարիք ունի սպասարկել իր օրակարգը: Եթե պետք է իր ինքնիշխանության մի մասը զիջել, օրինակ՝ Թուրքիային, ուրեմն ինքը դա անում է․ կարեւորը` դա նպաստում է

Ադրբեջանի ազգային եւ պետական շահերին»,- նկատում է վերլուծաբանը։
Ադրբեջանը հասկանում է, որ պետք է համագործակցել տարածաշրջանի բոլոր ուժային կենտրոնների հետ, իսկ Հայաստանը փորձում է համագործակցել միայն Թուրքիայի հետ՝ մերժելով այն օրակարգը, որն առաջարկում են Ռուսաստանը, Իրանը, եւ փաստացի դեմառդեմ է մնում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ բՀայաստանի կողմից նման քաղաքականությանը Ռուսաստանում երկու մոտեցում կա։ Մի թեւը պնդում է, որ անհնար է ռազմավարական վեկտորը փոխել` այն առումով, որ Հայաստանը տնտեսությամբ փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Երկրորդը՝ Հայաստանի օրակարգում չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, չկա ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, Հայաստանը դե յուրե մնում է բոլոր այդ կառույցների անդամ, եւ տնտեսական կապերը գնալով աճում են։

«Եվ կա երկրորդ թեւը, որն ասում է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե դե ֆակտո ստեղծված իրավիճակին, այլ՝ միտումներին։ Միտումը հետեւյալն է․ Հայաստանը ռատիֆիկացրեց Հռոմի ստատուտը, Հայաստանում սկսեցին քննարկումները ՀԱՊԿ-ի վերաբերյալ, Հայաստանում զուգահեռ այլ միտում կա, իսկ ավելի ճիշտ՝ համագործակցում Արեւմուտքի՝ Ֆրանսիայի հետ։ Հայաստանը մերժեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն ու ընդունեց ԵՄ-ն, Հայաստանը պայմանագրեր է ստորագրում Ֆրանսիայի հետ եւ այլն։ Հիմա հստակ մոտեցման մասին չենք կարող ասել»,- եզրափակեց Մելքոնյանը։ 

Ակնհայտ է, որ Հայաստանի վարած այս հողմաղացային քաղաքականությունը ոչ մի լավ բան չի հուշում` մեր իշխանությունը չունի հստակ կողմնորոշում, չունի կայուն դաշնակիցներ եւ թշնամիներ եւ չգիտի, թե աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ժամանակ ինչ ուղի բռնի եւ որ ուղղությամբ գնա: