ՔՊ-ականներն ունեն մեկ կարմիր գիծ

ՔՊ-ականներն ունեն մեկ կարմիր գիծ

Երբ վերլուծում ես Նիկոլ Փաշինյանի խոսույթը՝ սկսած 2018-ից, մեկ տրամաբանական գիծ է նկատելի՝ մի սուտը մեկ այլ ստով, կեղծիքը՝ կեղծիքով, տարաբնույթ մանիպուլյացիաներով բոլորին մեղավոր ու պատասխանատու ճանաչել, միայն թե ինքն ու իր խմբակը, որպես իշխանություն, չկրեն պատասխանատվություն՝ պատերազմի պարտության, Արցախը հանձնելու, ազգային մեծ ողբերգության եւ շարունակական աղետների համար։ 

2018-ին նա հայտարարում էր, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն այս հրապարակում՝ նկատի ուներ Հանրապետության հրապարակը, ժողովրդի մասնակցությամբ, կամ ասում էր, որ Արցախի հարցում ինքը լիազորված չէ որոշումներ ընդունելու, որովհետեւ արցախահայությունն իրեն չի ընտրել, բայց ոչի՞նչ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը բունկերում ստորագրեց խայտառակ կապիտուլյացիան եւ հայտարարեց՝ դրանով փրկել է 25-30 հազար կյանք, հետո առանց կրակոցի հանձնեց շատ ավելի տարածքներ, քան գրավել էր թշնամին։ Ավելի ուշ էլ ինքնախոստովանեց, որ կարող էինք ունենալ նույն արդյունքը, առանց պատերազմի ու զոհերի, սակայն չի գնացել դրան, որովհետեւ իրեն դավաճան կհամարեին։

Նիկոլն ավանդույթ դարձրեց, անտեսելով ազգային շահերը, միանձնյա, ընտանեկան միջավայրում որոշումներ ընդունելը՝ կազմաքանդելով պետության անվտանգային համակարգը, առաջին հերթին՝ բանակը։ ՔՊ-ականները Նիկոլի հրահանգներով հաճախ են խոսում կարմիր գծերի մասին եւ անընդհատ շրջանցում իրենց իսկ նախկինում արած հայտարարություններն ու կարմիր գծերը։

Մասնավորապես՝ Նիկոլը հայտարարեց․ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», կամ՝ Արցախի հարցում ինչ ցանկանա, կբանակցի, եւ որ բանակցությունները սկսում է զրոյական կետից, իսկ պատերազմից հետո ԱԺ արտահերթ ընտրություններին հայտարարեց «անջատում՝ հանուն փրկության» կարգախոսը։ Ընտրություններից հետո էլ, հղում անելով միջազգային հանրությանը, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման դեպքում հնարավոր է միջազգային հանրության մեծ կոնսոլիդացիա, եւ նրանց մասնակցությամբ հնարավոր է ապահովել երկխոսություն՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ, երաշխավորելով արցախահայության անվտանգությունը եւ իրավունքները։
Իրականում Նիկոլը սպասարկեց Ադրբեջանի նախաձեռնած Արցախի էթնիկ զտումը։ Սեպտեմբերի 21-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից մեկ օր առաջ եւ նիստի օրը հայտարարեց, որ արցախահայությանն այս պահին վտանգ չի սպառնում, եւ գործում է պլան-Ա-ն, այսինքն՝ էթնիկ զտման վտանգ չկա, որով Ադրբեջանին հնարավորություն տվեց՝ հղում անել Հայաստանի վարչապետի հայտարարությանը, այն ներկայացնելով որպես հիմնական փաստարկ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի հաջորդ օրվանից, նույն միջազգային հանրության թողտվությամբ եւ հանդուրժողականությամբ, սկսվեց ուժի սպառնալիքի տակ համատարած արտագաղթը, բայց Արցախի հայաթափումից հետո ՄԱԿ-ի դիտորդները չարձանագրեցին էթնիկ զտման տարրեր, այն դեպքում, երբ 9 ամիս Ադրբեջանն Արցախը պահել էր լիակատար շրջափակման մեջ՝ անջատելով գազը եւ հոսանքը։ Նրանք չնկատեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն Արցախում։ Իսկ Նիկոլը, իր ոճին համապատասխան, թիրախավորեց բոլորին՝ ռուսներին, Արեւմուտքին, միջազգային հանրությանը, միաժամանակ խուսափեց՝ որպես իշխանություն, ներկայացնել պատասխանատվության ու մեղքի իրենց չափաբաժինը։

Ավելի վաղ Հայաստանի 29 800 ք/կմ տարածքը հայտարարել էին կարմիր գիծ․ երբ թշնամին գրավեց Սեւ լիճը, Փաշինյանը 24 ժամ տվեց՝ ադրբեջանական զորքերը դուրս բերելու համար, անցել է ավելի քան 2 տարի, թշնամին շարունակում է ագրեսիան եւ արդեն գրավել է 150 ք/կմ տարածք Հայաստանից։

Հիմա կարմիր գիծ են հայտարարում Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, բայց անցած 5 տարիները ցույց տվեցին, որ ՔՊ-ական խմբակի համար գոյություն ունի միայն մեկ կարմիր գիծ, այն է՝ ոչ մի դեպքում իշխանությունը չհանձնել, ամեն գնով պահել, ոչի՞նչ, որ այդ ընթացքում թշնամուն հանձնեցին Արցախը, շարունակում են մաս-մաս հանձնել Հայաստանը, հերթը հասել է «Զանգեզուրի միջանցքին» ու «անկլավներին», բայց նիկոլականները մանիպուլյատիվ ձեւերով՝ շահարկելով ժողովրդից ստացած «մանդատը», բոլորին պատասխանատու ու մեղավոր նշանակելով, մի նպատակ են իրենց առաջ դրել՝ արդարացնել իրենց խմբակին, Նիկոլի գլխավորությամբ։

ՀԳ․ «Վաբշե ո՞վ ես դու»՝ հայտնի անձի հայտարարությունը չեղարկեց երեք միլիոն վարչապետների գոյությունը, երկրի առաջին դեմքն իրավունք չունի իջնել քուչի տղու մակարդակին՝ ՀՀ քաղաքացու հետ նման տոնով ու պահվածքով խոսելով։

Պետրոս Մակեյան