Եթե մենք չենք կարողանում արդյունավետ գործել, նշանակում է ընդդիմությունն էլ է ճգնաժամի մեջ 

Եթե մենք չենք կարողանում արդյունավետ գործել, նշանակում է ընդդիմությունն էլ է ճգնաժամի մեջ 

«Հրապարակի» զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն է:

- Դուք անջատվեցիք Հայրենիքի փրկության շարժումից, բայց առանձին պայքար չեք ծավալում, մինչդեռ շարժումը վերսկսել է փողոցային պայքարը։ Ձեր որոշումը չե՞ք վերանայել, չե՞ք ուզում միանալ և միասնական ընդդիմադիր ճակատով պայքարել։

- Ձեր տեղեկությունը սխալ է, մենք հիմա շատ ակտիվ կոնսուլտացիաների մեջ ենք այն քաղաքական ուժերի, անհատների, հասարակական խմբերի հետ, որոնք դուրս են նախկինների և ներկաների հակադրության դաշտից, և քննարկումների, քաղաքական կոնսոլիդացիայի որոշակի գործընթացի ավարտից հետո փորձելու ենք մեր հասարակությանը ներկայանալ, մեր կարծիքով, իրական այլընտրանքի թե՛ ձևաչափով, թե՛ ծրագրով, թե՛ տեսականով։ Մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կարծում էր և կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ ինստիտուցիոնալ և լեգիտիմ գործիքը արտահերթ ընտրություններն են, և մենք մեր օրակարգը կիսող քաղաքական այլ ուժերի, հասարակական խմբերի միջոցով փորձելու ենք կյանքի կոչել այդ օրակարգը։ Այլ խոսքով՝ մեծացնել իշխանության նկատմամբ հանրային, քաղաքական ճնշումը, որպեսզի հնարավոր լինի արտահերթ ընտրությունների անցկացումը։

- Բայց կոնսուլտացիաներով ճնշումը չես մեծացնի, ընտրությունների էլ չես հասնի։ Դուք փողոցային պայքար չեք ծավալում։

- Ես չեմ տեսնում, որ այսօրվա ընդդիմությունը փողոցում կարողանում է շատ մեծ արդյունքների հասնել, մենք ընդամենը տեսնում ենք մի քանի հարյուր ոստիկանի և մի քանի հարյուր ցուցարարների բախումներ փողոցում, որից առանձնապես ռացիոնալ ճնշումը չի էլ մեծանում։ Այսինքն՝ մենք հիմա առայժմ այնպիսի ձևաչափի և օրակարգի ձևավորման փուլում ենք, որը, մեր կարծիքով, կբերի հասարակական ռացիոնալ ճնշման ուժեղացմանը։ Շատ շուտով՝ գարնան առաջին օրերին, մենք կունենանք հնարավորություն՝ հասարակությանը ներկայացնելու մեր ճանապարհային քարտեզը, որտեղ կլինի և՛ գործողությունների մանրամասն նկարագրություն, և՛ քաղաքական բովանդակային բաղադրիչ։

- Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք կոնսուլտացիաներ անում։

- Դրանք ո՛չ իշխանության ներկայացուցիչներ են, ո՛չ էլ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ուժեր են։ Քաղաքականության մեջ մի ոսկե կանոն կա, համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, հետևաբար՝ մեր պոտենցիալ դաշնակիցների շրջանակը մենք կհրապարակենք ճանապարհային քարտեզի հետ միասին։ Այսինքն՝ հիմա կոռեկտ չէ, որ ես ներկայացնեմ մեր հնարավոր գործընկերների շրջանակը՝ առանց նրանց թույլտվության։ Եթե մենք արդեն ամեն ինչը քննարկած և թղթի վրա ձևակերպած լինեինք՝ ավարտուն տեսքով, բնականաբար, մեր կողմից կհնչեր համապատասխան հայտարարություն։

- Նիկոլ Փաշինյանը «ջրեց» արտահերթ ընտրությունները, ասաց, որ հանրային պահանջ չկա, Դուք ինչպե՞ս եք հանրային պահանջ ձևավորելու։

- Ուրեմն ոչ մի իշխանություն, քաղաքական ոչ մի թիմ, թերևս, աշխարհի ոչ մի երկրում ինքնակամ չի ուզում ժամկետից շուտ հրաժարվել իշխանությունից։ Նույնիսկ ԱՄՆ-ի պես դեմոկրատական երկրում Թրամփը մինչև վերջին պահը համառորեն դիմադրում էր, բայց քաղաքական ուժերն ու նրանց շուրջ կոնսոլիդացված հասարակությունը հենց նրա համար են, որպեսզի կարողանան իշխանությանն օրակարգ թելադրել։ Այդ նույն տրամաբանությամբ, Հայրենիքի փրկության շարժման օրակարգի որևէ կետ իշխանությունը չի կատարում, բայց մարդիկ փորձում են ամեն դեպքում տարբեր ակցիաներով հասնել իրենց առաջադրած օրակարգի լուծմանը։ Նույնկերպ մենք ենք փորձելու այնպիսի օրակարգ և այնպիսի ճանապարհային քարտեզ առաջարկել, որ հասարակությունը դա համարի ճգնաժամի հաղթահարման ռացիոնալ ճանապարհ։ Գիտե՞ք՝ խնդիրը միայն իշխանափոխությունը չէ, խնդիրն այն է, որ տոտալ քաղաքական ճգնաժամը վերանա, որովհետև այսօր Հայաստանում ճգնաժամը շատ ավելի խորքային է, քան թե իշխանության մեխանիկական փոփոխությունը, տոտալ ճգնաժամի մեջ են ամբողջ պետական և քաղաքական համակարգերը։ Եթե ընդդիմությունը, այդ թվում՝ նաև մենք, առայժմ չենք կարողանում արդյունավետ գործել, նշանակում է` ճգնաժամի մեջ է ոչ միայն իշխանությունը, այլև` ընդդիմությունը։ Մինչև մենք չկարողանանք որակապես նոր ընդդիմադիր հարթակ ստեղծել, ճգնաժամը չի հանգուցալուծվի։ Այսինքն՝ միայն որակապես այլ հարթության վրա գտնվող ընդդիմությունը կարող է օրակարգ ձևավորել և օրակարգ պարտադրել իշխանությանը, ի վերջո հասնել՝ սոլիդ իշխանության ձևավորմանը։

- Որակյալ ընդդիմությանը փողոցում ոստիկանությունն ուժով չի՞ ցրի։

- Եթե ընդդիմությունը լինի սոլիդ, փողոց դուրս կգան ոչ թե մի քանի հարյուր մարդ, այլ տասնյակ հազարավոր մարդիկ, և հավատացած եղեք, որ այդ պարագայում ոստիկանությունը որևէ ցուցարարի վրա ձեռք չի բարձրացնի։ Դուք երևի նկատել եք, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման մարդաշատ հանրահավաքների ընթացքում ռեպրեսիաները շատ ավելի քիչ են լինում, այսինքն՝ որ հանրահավաքները մարդաշատ են լինում, ոստիկաններն իրենց ավելի զուսպ և կանխատեսելի են պահում։ Իսկ այժմ փողոցում տեսնում ենք մի քանի հարյուր ագրեսիվ մարդկանց ու նրանց հակադրվող ագրեսիվ ոստիկանների։