Հե-ռա-ցիր…

Հե-ռա-ցիր…

- Պարոն վարչապետ, լա՞վ եք…

Ասի՝ Նվեր Մնացականյանի հարցով սկսեմ այս զրույցը, համ էլ ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնեմ իր աղջիկ ժամանակների բառապաշարը… Հեյ գիտի ժամանակներ: Մտնում էր լայվ ու սկսում. «Բարեւ ձեզ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հուսամ՝ լավ եք…»: Էականն այստեղ «հպարտ» քաղաքացիների հալ-հարաքյաթը հարցնելն է, ոչ թե այդ հարցի պատասխանը լսելը: Նվերի մոտ էլ մոտավորապես այդպես ստացվեց, որովհետեւ չլսեցինք, թե «լա՞վ եք» հարցին ինչ պատասխանեց վարչապետը: Բայց այս հարցում իմ կռիվը, այնուամենայնիվ, Նվերի հետ է: Նվերը չգիտե՞ր, որ ամեն երկրի վարչապետ իր երկրի պես է լինում՝ ոչ ավել, ոչ պակաս: Հետեւաբար, ո՞րն էր նման հարց տալու իմաստն առհասարակ:

Անցնենք առաջ: Վերջին 2.5-3 տարում Նիկոլ Փաշինյանի իմիջմեյքերներին 25-30 անգամ ասած կլինեմ, որ ձեր «խնամյալին» սովորեցրեք հեռուստացույցի էկրանից հանրության հետ շփվելու կուլտուրան, թույլ մի տվեք, որ նա ճաշելուց անմիջապես հետո նստի տեսախցիկների առաջ: Նվերի հետ իր վերջին արեւելումի ժամանակ Փաշինյանն այնպիսի եռանդով էր ատամների արանքից լեզվով մսի կտորներ հանում ու կուլ տալիս, որ 2 րոպե անց անջատեցի հարցազրույցը: Անտանելի էր թե՛ նայելը եւ թե՛ լսելը: Ասել եմ՝ դա գեղցիություն է, բայց ես ասել, ես լսել եմ:

Իսկ ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին նրա արած սկանդալային հայտարարությանը, ապա այդ մասին ես լսել եմ ռուսական աղբյուրներից եւ հիմա ուղղակի տեղս չեմ գտնում: Փաստորեն, ինչպես նշում են ռուսական թերթերն ու կայքերը, Փաշինյանն ուզեցել է Սերժ Սարգսյանի հարցի պատասխանը տալ ու… խայտառակվել է: Հետն էլ այնպես չի խայտառակվել, որ ասենք՝ հերթական անգամն էր, ոչինչ: Սա գլոբալ մասշտաբի խայտառակություն է, եթե հաշվի առնենք «Իսկանդերի»՝ սարսափելի զենք լինելու հանգամանքը եւ այն, թե ով է այդ սարսափելի զենքը տվել մեզ: Որտեղի՞ց իմանար խեղճ Փաշինյանը, որ զենքը, առհասարակ, պաշտամունքի առարկա է Ռուսաստանում, իսկ պաշտամունքի առարկային վատ բան ասելը դիտվում է որպես աններելի մեղք: Եվ զարմանալի չէր, որ «Իսկանդերին» անուն կպցնելու համար ռուսական մամուլը, բառիս բուն իմաստով, բանադրում էր Փաշինյանին, դեռ մի բան էլ ավելի: Հիշո՞ւմ եք՝ մահմեդականներն ինչ էին անում եվրոպացիներին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների համար: Իմ ռուս գործընկերները Փաշինյանին, ահա, այդ օրն են գցել: 

Այսուհանդերձ պետք է նշեմ, որ ռուսական լրատվամիջոցները հարցին նայում են միայն իրենց, այն է՝ «Իսկանդերի», Ռուսաստանի Դաշնության եւ ՌԴ նախագահի տեսանկյունից. ո՞նց թե մեր «Իսկանդերին» բան ասես, դե ասելը դու հիմի տես… Եվ այդ ամենը՝ «էշն ի՞նչ գիտի նուշն ինչ ա» ոճի մեջ: Կարծում եմ՝ շուտով կիմանանք նաեւ, թե Փաշինյանի «իսկանդերշչինան» ինչպիսի վնաս է հասցրել ՌԴ ռազմարդյունաբերությանն ու զենքի միջազգային շուկայում ռուսական արտադրության զինատեսակների պահանջարկին: Դա՝ իր հերթին, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է Փաշինյանի դարակազմիկ հայտարարության մյուս կողմը, որ արդեն անմիջական կապ ունի մեր եւ Ադրբեջանի զինված ուժերի հետ: Ի՞նչ ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի պարզ հարցին՝ ինչո՞ւ «Իսկանդեր» չի գործադրվել: Փաշինյանի պատասխանը, թե «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով (ենթադրում եմ՝ հրթիռների մասին է խոսքը, ոչ թե համակարգի), իր մեջ մեկ միասնական հաղորդագրություն է պարունակում՝ ուղղված թե՛ մեզ եւ թե՛ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը:

Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ասել, ապա ՀՀ վարչապետն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայոց բանակի պարծանք «Իսկանդերը», որով սպառնում էինք Ադրբեջանի կոմունիկացիաներին, ընդհուպ՝ Բաքվին, ոչ այլ ինչ է, եթե ոչ «ֆուֆլո», որի հրթիռները կա՛մ չեն պայթում, կա՛մ պայթում են 10 տոկոսով: Աշխարհում շատ հզոր բանակներ են զինաթափվել եւ ընդունել իրենց պարտությունը, բայց այսպե՞ս, խաղաղ պայմաններո՞ւմ: Իլհամ, լսո՞ւմ ես, մենք «Իսկանդեր» էլ չունենք, տես՝ ինչ ես անում:

Հնարավո՞ր է, որ Փաշինյանը միտումնավոր է նման բան հայտարարել՝ մեր թշնամիներին խաբս տալու եւ ռեւանշի հասնելու համար: Ես սա միանշանակ բացառում եմ՝ ճանաչելով այդ հայտարարության հեղինակին: Ավելի շուտ՝ սա թշնամուն ռազմական գաղտնիք փոխանցելու եւ սեփական զինված ուժերն էլ ավելի բարոյալքելու քայլ էր, որ չէր կարելի անել: Իսկ պատահաբա՞ր է այդ քայլն արել Փաշինյանը: Ոչ: Մարդը մտածում է, որ ունեցած զենքին անուն դնելով՝ կկարողանա թեթեւացնել 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտության մեղքի իր բաժինը: