Ինչու՞ լաց եղավ Սևակը

Ինչու՞ լաց եղավ Սևակը

Հուշեր կան, որոնք այնքան հարազատ են, ինչքան քո կյանքը: Ու չպետք է այդ հուշերը կյանքիդ հետ առնես ու գնաս:  Այն պետք է հանձնել նրանց, որոնց համար թանկ են հոգևոր արժեքները: 

Սևակը իմ հայրական տուն էր եկել: Հինգերորդ, թե վեցերորդ դասարանում էի սովորում։ Երբ բանաստեղծը մտավ հորս սենյակն ու տեսավ նրա մահճակալի գլխին կախված հին, գունավոր թելերով կարված ու գույները խունացած տրեխներ, շանթահարվեց.

-Սրանք ի՞նչ են,-  զարմանքից այլայլվել էր դեմքը:

- Հորս տրեխներն են,- մի տեսակ քաշվելով ասաց հայրս:

- Իսկ ինչու՞ քո գլխավերևում,- համարյա շշնջալով հարցրեց բանաստեղծը:

- Որպեսզի անընդհատ հիշեմ իմ անցած կյանքը ու չփոխվեմ…

Այդ ժամանակ հայրս բարձր  պաշտոնյա էր, բայց բոլորն ասում էին, իրեն պահում էր գյուղից նոր եկած պատանու պես՝ պարզ, անկեղծ, անմիջական, մարդասեր… Մենք չորս երեխաներով կանգնել ու լսում էինք այդ զրույցը: Պոչը կտրած գդալի պես, հիշում եմ, մեջ ընկա ու խոսքիս կարևորություն տալով ասացի.

-Ամեն օր մենք երեխաներով մտնում ենք այս սենյակը ու համբուրում  պապիի տրեխները:

- Ինչու՞,- Սևակի աչքերում արցունքներ կային:

- Որովհետև նա մեր պապին է,- ասաց փոքրիկ քույրս:

Այդ ամենն արտահայտել էի մի փոքրիկ բանաստեղծությամբ, որը թղթերիս մեջ տարիների հնությունից խունացել էին ու զարմացա, որ այն գրել է դպրոցահասակ մի աղջնակ ու կարողացել է մի քանի քառատողով լիարժեք պատմել այդ օրվա մասին.

Դու մեր տանը լաց ես եղել, Պարույր Սևակ,
Լաց ես եղել՝ հորս գրկած, քեզ մոռացած,
Մինչև հիմա հորս ուսին՝ թու՜յլ կռացած.
Մնում են քո արցունքները մարգարտացած:
Դու մեր տանը հաց ես կտրել, Պարույր Սևակ
Ու ասել ես՝ թող չկպնի հացին դանակ,
Աստվածային այս օջախում սու՜րբ, սրբացած
Թող չմորթվի գերդաստանի հացը նշխար:
Համբուրել ես հորս ձեռքը, Պարույր Սևակ,
Երբ տեսել ես մեր տան պատին ամուր մեխված
Պապիս գյուղի տրեխները՝ հի՜ն, պատռոտված,
Շոյել ես դու տրեխները սու՜րբ- սրբացա՜ծ:
Անկազմ գիրքը նվիրել ես հորս, ասել՝
Տալիս եմ քեզ իմ սիրտը բաց, իմ սիրտը թաց,
Թող այն լինի քո սեղանին սրբասուրբ հաց,
Ինձ տվիր դու արևային անձրևալաց:
Ի դեպ այդ անկազմ գիրքը՝ չնայած հայրս վաղուց չկա, քույրս սրբությամբ պահում է։