Մարինե Գասպարյան. 5-րդ հարկ

Մարինե Գասպարյան. 5-րդ հարկ

***
Դռան վրա գրված չէ` մուտքը միայն COVID 19-ով, բայց կարելի է այդպես պատկերացնել, իրականությունն է այդպիսին: Ֆիլմերի պես է. երբ չնախատեսված ժամի դուռը չըրըխկ բացվում է, ուրեմն նոր մարդ է գալու: Չնախատեսված ժամը հիմնականում գիշերն է, ու, բնականաբար, մենք բոլորս պիտի դիմավորենք նորեկին, սկզբում ականջ ենք դնում, հետո դռնից հանում գլուխը, քանի որ աչքերն առանց գլխի չենք կարող հանել, ապա նաեւ՝ ամբողջ մարմինը: Գիշերազգեստով գիշերը միջանցք դուրս գալն ամոթ չէ, բայց ցերեկն այլ բան է` անհարմար է: Կենցաղային ու գործնական վազքը եկել ու կենտրոնացել է մի կետի շուրջ: Շտապելու տեղ չունես, հանդիպում չունես, փոխարենն ունես մտքեր, որոնց պետք է ուղղորդել: Ոչ մի հիվանդություն, ոչ մի վարակ այնքան ուժեղ չէ, ինչքան մեր մտքերը: Մեր մտքերը մեզ ստեղծողն են, մեզ զորացնողը, մեզ նեղացնողն ու տկարացնողը: 

*** 
...Հիվանդանոցի հոտը մանկուց սիրել եմ, հիմա կասեք` գժվել եմ: Չէ, պարզապես իմ կյանքի առաջին բժշկի հետ է կապված, որին հանդիպեցի 6 տարեկանում եւ որին աղոտ եմ հիշում, ով մտապատկերումս դասավորվել է մերոնց պատմածով: Պատմում են, որ ինձ շատ է սիրել, հարցեր է տվել, որոնց միամիտ-միամիտ պատասխանել եմ, ինքն էլ ծիծաղել է: Հետո՝ գիտակցական կյանքումս, էլի առիթներ եղել են առնչվելու հիվանդանոցի հոտի հետ, կորուստների հետ: Երեւի մտածեցիք, թե կորուստ չտեսած մարդն է միայն էսպես սիրուն պատմում հիվանդանոցի մասին: Չէ, ուղղակի կորուստ տեսած մարդու մոտ արդեն բթացել է սեփական կորստի վախը: Գուցե, չգիտեմ, բայց Covid-ն ինձ համար կորստի թեմա չէ: 

***
Արդեն ասել էի, որ ով գալիս է էստեղ, առաջին օրը պարտադիր լաց է լինում, հետո դառնում է սովորական: Դրսում, հեռախոսների հակառակ կողմում վախ կա, իսկ էստեղ` 5-րդ հարկում, թագավարակը սովորական բան է: Մինչեւ վերջերս կորցրել էի հոտառությունս, հիմա մասամբ վերականգնվել է, բայց, միեւնույն է, 5-րդ հարկից հիվանդանոցի հոտ չի գալիս, փոխարենը՝ քլորի եւ այլ ախտահանիչ նյութերի (որոնց անունները չգիտեմ եւ չեմ էլ ջանում իմանալ): Առավոտյան, երբ դեռ քնած ենք, բուժաշխատողի աշխատանքային ժամն արդեն սկսված է, ովքեր բառի բուն իմաստով մեզնից բացի, ախտահանում են բոլոր մակերեսները: Իսկ այս գործողությունները հուշում են ջերմաչափման ժամը, որը պարտադիր է, այն էլ՝ օրվա մեջ 3 անգամ: Հնաբնակներն արդեն առողջացել եւ դուրս են գրվել, բայց ինձ հետ կապը չի ընդհատվել, զանգում ենք, գրվում իրար հետ:

***
5-րդ հարկը «հիմնականում» անաղմուկ է, ինչու` հիմնականում, քանի որ «բնակիչներն» արդեն նմանվել են իրար, եւ մի անդրդվելի օրենք կա՝ հումորի օրենքը: «Անհանգիստներին» պարտադիր «սովորեցնում» ենք հանգստության ու հումորի կանոնները: Թողնում ենք, որ լաց լինեն, հետո հիշեցնում` չփակվել սենյակում, գուցե բժշկական օրենքին դեմ է, մենք էլ օրենք ենք խախտում, բայց մարդկային առումով հոգեբանական լավագույն լուծումն է: Մարդուն իր նման մեկն է պետք՝ երբ մենակ է մնում, կործանվում է: Մի գիշեր ընդհատվեց այդ հանգստությունը, ամեն ինչ պարզ էր՝ նոր մարդ է եկել, սարսափից աղմկում էր: Հետո՝ օրեր անց, հումորով էր հիշում իր արարքը, կարծել էր, թե դժոխք են բերել, եւ որ այստեղ հուղարկավորելն ավելի հեշտ կլինի: Նույնիսկ զանգահարել էր հարազատներին եւ ասել. «Ես ոչնչացված եմ, ինձ այլեւս չսպասեք»: Էլմիրայի հետ ընկերացանք հենց առաջին օրը, երբ աղմկում էր, երբ ինձ որպես օրինակ բերեցի, որ, ահա, իր առջեւ կանգնած եմ ու ոչնչացած չեմ, որից հետո խոստացա, որ առավոտյան սուրճ կխմենք միասին...:

***
Երբ մտա 5-րդ հարկ եւ տեղավորվեցի ինձ հասանելիք սենյակում, հնաբնակներից առաջինը, ով ընդառաջ եկավ ինձ, Դավիթն էր։ Ասաց` հանկարծ սենյակում չփակվես: Իհարկե, փակվեցի, իսկ այդ ընթացքում ականջիս հասնում էին միջանցքից եկող խոսքուզրույցի, ծիծաղի ձայներ: Անծանոթ միջավայրում մարդկանց մեջ ներգրավվելը դժվար է ստացվում ինձ մոտ․ այդ հարցում Դավիթի օգնությունը չուշացավ: Հետո արդեն ես սկսեցի նորեկներին նույնձեւ օգնել: 5-րդ հարկն ինձ անասելի խաղաղ ու կյանքով լեցուն թվաց, չնայած որ, ըստ փաստական տվյալների, բոլորս կրում ենք մահացու մի վարակ: Ինչեւէ, հաճույքով լսեցի հավաքվածների պատմությունները, որոնք տեղի էին ունեցել մինչեւ իմ գալը: Ես մխրճվեցի հումորի աշխարհ… վիրուսը մնաց միայն զանգերին պատասխանելու թեմա: 

***
Դրսում բոլորը տրտնջում են, թե օրը կանգնած է, աշխարհը կանգ է առել, իսկ ես շտապում եմ, օրը վազում է, աշխարհն անցնում է իմ կողքով: Թագավարակը սիրո մասին նոր պատկերացում չբերեց, ոչ ոքի նոր չատեցի, ոչ ոքի նոր չսիրեցի, ամեն ինչ մնաց նույնը՝ դատարկված ու լցված, մեկուսացած ու ապրած, թեթեւացած ու տագնապած: Մարդկային արժեքն էլ մնաց նույնը՝ ոչ ոք ինձ չատեց, ամեն դեպքում՝ բարձրաձայն ոչ ոք դա չասաց, ոչ ոք չհեռացավ, փոխարենը՝ ավելացան: Միայն մի բան փոխվեց՝ թեյը փոխարինեցի լուծվող սուրճով, ընկերներս կապշեն, երբ իմանան սրա մասին, երբեք այսպես անհագ սուրճ չեմ խմել, իսկ հիմա սնվում եմ, որ վազեմ սուրճ խմելու, այն էլ՝ օրը 3 անգամ, սա նույնիսկ ինձ համար է ապշելու...:

***
Այսքանը շարադրել էի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում» անցկացրած 19-րդ օրը: Այսօր խմբագրում եմ, երբ 40-րդ օրն է, եւ ես արդեն հյուրանոցում եմ: 37-րդ օրը, որպես անախտանիշ, 4 հոգու հետ միասին տեղափոխվեցինք հյուրանոց՝ 8-րդ հարկ, որտեղի պատուհանից բացվող տեսարանը գրեթե նույնն է, բայց այլ դիտանկյունից` չի կրկնում 5-րդ հարկից երեւացող տեսարանի արժեքը: 5-րդ հարկի պատշգամբների դռներից յուրաքանչյուրի վրա 10 տարեկան Լաուրիկի հետ գրություններ էինք փակցրել, թե որ պատշգամբն ինչի համար է նախատեսված: Օրինակ՝ մեկը «Մարզասրահ» գրությունն էր կրում, մյուսը՝ «Մարինե Գասպարյանի անվան դիտակետ», որը Սերգեյի քոմենթից հետո մնաց, հաջորդը՝ «Լվացքատուն», վերջինը՝ «Հանգստասրահ»: Ահա, այսպես կառուցել էինք մեր առօրյան եւ վարակել մյուսներին: Վարակը տարածելը հեշտ է, ուղղակի պետք է իմանալ, թե ինչ վարակ ես տարածում: Ցավոք, երջանկության վարակը տարածելը դժվար է, երեւի դժվա՞ր է երջանիկ լինելը...: Մենք ապրում ենք անընդհատ ինչ-որ բանի դեմ պայքարելով, կարոտելով, սպասելով, բայց չենք ապրում երջանկություն տարածելով: 5-րդ հարկից ինձ պարբերաբար գրում են, որ դատարկվել է հարկը մեր դուրս գալուց հետո. հուզվում եմ: Մարդն առանց մարդու ապրել չի կարող, եւ ցանկացած վարակ անզոր է մարդու դեմ, եթե մարդը տարածությունը լցնել գիտի, դատարկողները շատ են, դատարկվելը` հեշտ, լցնելն ու լցվելն է դժվար: 

***
Յուրաքանչյուրը պիտի գտնի իր բանաձեւը: Բանաձեւեր շատ կան: 5-րդ հարկում ես գտել էի իմ բանաձեւը՝ լուսանկարում էի: Պատշգամբից բացվող տեսարանը՝ հանձնված բնության քմահաճույքին, ինձ նման վարակվածների ու բուժանձնակազմի հայացքները` իրենց ապրումներով, լցրեցին ինձ ու հեռախոսիս պատկերասրահը: Օրթոպեդիկ տեղափոխվելուց ուղիղ կես օր հետո հայտնաբերեցի պատշգամբը, որտեղից բացվող տեսարանը դարձավ սկսվող եւ ավարտվող իմ օրերի ուղեկիցը: Քաղաքը սկսեցի նկարել օրվա տարբեր ժամերի: Առաջին լուսանկարն արեցի ապրիլի 10-ի առավոտյան՝ ժամը տասին, երբ մի գիշեր անցկացնելուց հետո ֆիզիկապես ու հոգեպես ընտելացել էի տարածքին: Քաղաքը խենթացնող էր վերեւից, այդ խենթությունն ավելի վարակիչ էր, քան վիրուսի վարակը, հատկապես, երբ բարեւում էր արեւը, վրա էր տալիս քամին, իր հերթին քաղաքը կուլ էր տալիս մառախուղը, հետո լաց էր լինում երկինքը: Այս ամենը բնության ու քաղաքի հարաբերությունն էր: Քաղաքը կնոջ նման ընդունում էր բնության քմահաճույքներն ու իր հերթին պաշտպանվում, ընդվզում, պայքարում: Այս ընթացքում ինձ անընդհատ ասում էի. «Վերեւում սեր կա, ներքեւում՝ խուճապ», սիրով էի նայում այս հարաբերությանը ու «անխնա» ժպտում: Քաղաքին զուգահեռ, սկսեցի ֆիքսել մարդկանց հայացքները, հետո սկսեցի ձայնագրել մեզ՝ վարակվածներիս, մեր հուզական ու հումորային պատմությունները (իհարկե՝ թույլտվություն ստանալուց հետո)․ սա էլ դարձավ վարակիչ: Եվ այսպես, ուղիղ 33 օր ապրեցի 5-րդ հարկում՝ շնչելով իմ ստեղծած սերը, վախենալով ներքեւի խուճապից…: Այսօր արդեն 40-րդ օրն է, հուսամ՝ տուն կգնամ...:  
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ