Այլևս ներքին քննարկումները իմ համար ավարտված են․ Անի Խաչատրյան

Այլևս ներքին քննարկումները իմ համար ավարտված են․ Անի Խաչատրյան

Երեկվանից մամուլը եւ համացանցը ողողված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությամբ՝ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին ետ կանչելու մտադրության վերաբերյալ։

Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ խոսքը ամենեւին էլ Խաժակյանի աշխատանքից գոհ լինել-չլինելու հետ կապված չէ, այլ՝ խմբակցության մյուս անդամների՝ «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի վարքագծի։

Խմբակցության ներսում քննարկում եղե՞լ է, Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես քննարկելու ոչինչ չունեմ, եթե Դավիթը ուզում է խոսել, խնդրեմ, մենք մեր ասելիքը ասել ենք, իրենք թող որոշեն՝ ինչ են անում»։

Ինչ վերաբերում է իրենց վարքագիծը վերանայելուն, ապա, ըստ ավագանու անդամի՝ դա Դավիթ Խաժակյանը և «Լուսավոր Հայաստանը» չեն կարող քննարկել․ «Եթե նախկինում հնարավոր էր քննարկումը, հիմա այլևս ներքին քննարկումները իմ համար ավարտված են: Երեկ հրապարակային քննարկվել է արդեն և փակ դաշտ գնալը արդեն հնարավոր չէ»։

Հարցին՝ եթե Խաժակյանը շարունակի մնալ ավագանու անդամի պաշտոնում, ինչպե՞ս են աշխատելու, ասաց, որ սովորական, այնպես, ինչպես եղել է․ «Բայց կարծում եմ, որ ես իմ տեսակետները այլևս կոնսեսուսի բերել դժվար կարողանամ, որովհետև չգիտեմ՝ վաղը քնից արթնանամ հրապարակային ինչ անհամաձայնություն կարող են հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից»: