Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Պլանային տնտեսությամբ եւ միակուսակցական ավտորիտար կառավարմամբ Խորհրդային Միության փլուզմամբ հետխորհրդային հանրապետությունները բախվեցին լրջագույն խնդիրների եւ մարտահրավերների: Պատմական այդ առանցքային փուլում, սակայն, հետխորհրդային յուրաքանչյուր հանրապետության համար հնարավորություն էր ընձեռվել կերտել իր երազանքների երկիրը:

1991թ. սեպտեմբերին Հայաստանը հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը:
Ավաղ, մեր պետականաշինության մեկնարկն ուղեկցվում էր պատերազմով, տնտեսական շրջափակմամբ, էներգետիկ ճգնաժամով, ավերիչ երկրաշարժի դեռեւս չամոքված վերքերով եւ բազում այլ մարտահրավերներով: Քաղաքական եւ տնտեսական համակարգերը գրեթե կաթվածահար վիճակում էին: Առկա պետական ինստիտուտներն այլեւս կենսունակ չէին, նորերն էլ դեռ չկային: Մեր երկրում պետական կառավարման նոր մոդելի ձեւավորման եւ կայացման անհրաժեշտությունը դարձել էր ժամանակի հրամայականը: Խնդիրը նոր էր, անծանոթ եւ բարդ․ անհրաժեշտ էր հասկանալ` ինչպիսի պետություն ենք ցանկանում կառուցել: 

1995թ. ընդունված Սահմանադրությունը հռչակեց` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Այսպես, արմատապես փոխվեց պետության դերը տնտեսության եւ հասարակական-քաղաքական կյանքում: Անհրաժեշտ էր դնել բազմակուսակցական քաղաքական համակարգով եւ ազատ շուկայական տնտեսությամբ պետության հիմնաքարերը: Կարեւորագույն եւ առանցքային հիմնաքարերից մեկն էլ պետական կառավարման համակարգի լիովին նոր մոդելի նախագծումն ու ներդրումն էր, որը պետք է երաշխավորեր եւ նպաստեր Հայաստանի կայուն զարգացմանը:

Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին պետական ծառայության անցնելու իրավակարգավորումների բացերն էականորեն ձեւախեղել էին կադրային քաղաքականությունը. այն իրականացվում էր առանց որեւէ չափանիշների եւ սահմանափակումների, ուղեկցվում սուբյեկտիվիզմի, հովանավորչության եւ նեպոտիզմի լայն դրսեւորումներով: Խախտված էր պետական ծառայության կարեւորագույն սկզբունքներից մեկը` կայունության սկզբունքը: Այս եւ բազմաթիվ այլ բացասական երեւույթների կանխարգելումն ու բացառումը պետք է դառնային նոր նախագծվող պետական կառավարման համակարգի հիմնական եւ կարեւորագույն թիրախները:
Հարկ է նշել, որ արդյունավետ, պետության կայուն զարգացումն ապահովելու ներուժով օժտված պետական կառավարման համակարգի խնդիրն է՝ գտնել լավագույն կոմպրոմիսն անհատի եւ պետության միջեւ` ներդաշնակորեն եւ նվազագույն կորուստներով համադրելով նրանց շահերը: Իսկ ո՞րն է այն խելամիտ բալանսն անհատի եւ պետության շահերի միջեւ, որը կարող է ապահովել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հավասարակշռություն:

1995 թվականին ընդունված Սահմանադրությունն «իշխանակենտրոն» սահմանադրություն էր, որի առանցքում ոչ թե մարդն էր՝ իր հիմնական ազատություններով եւ իրավունքներով, այլ` հանրապետության նախագահը` իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով: 
Իրավական եւ քաղաքական մշակույթի բավականին ցածր մակարդակի պայմաններում գրեթե անհնար էր արմատավորել եւ իրագործել Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավար եւ իրավական պետություն ունենալու ձգտումը:

Հանրային կյանքի կազմակերպման գործում առաջնությունը շատ հաճախ տրվում էր օրվա քաղաքական նախապատվությանն ու նպատակահարմարությանը` ռացիոնալությունն ու տրամաբանությունը մղելով ետին պլան: Իշխանության օրակարգից կարծես դուրս էր մղվել երկրում արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողական հանրային կառավարում ունենալու ձգտումը. դեռեւս զգացվում էր խորհրդային գերկարծր կառավարման համակարգի իներցիոն բեռը, բացակայում էին երկիրը դեպի ժողովրդավարացման տանող որակյալ, արդիական եւ ժամանակի պահանջներին համահունչ հանրային կառավարման համակարգ ունենալուն միտված անհրաժեշտ քաղաքական կամքն ու հստակ տեսլականը: Իսկ հանրային կառավարման համակարգի եւ հանրային ծառայության ինստիտուցիոնալ կայացումը, ինչպես նաեւ դրա համար անհրաժեշտ գործիքակազմերի ստեղծման ու ներդրման խնդիրը հեշտերից չէր:

Անհրաժեշտ էր սկսել ինչ-որ կետից եւ 1990-ականների երկրորդ կեսին, թերեւս, զգալի ուշացումով, Հայաստանի կառավարական շրջանակներում սկսվեցին կարեւորվել երկրում կառավարման արդյունավետ համակարգի դերն ու նշանակությունը` կանոնակարգված հանրային ծառայության ներդրմամբ: 1998 թվականի հունվարի 23-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային խումբ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով: Նշանակալի քայլ էին նաեւ 1999թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի որոշմամբ ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն ու առաջնահերթ միջոցառումների հաստատումը:
Այսպես մեկնարկեց Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման գործընթացը, որը դեռ շատ խութեր եւ խոչընդոտներ պետք է հաղթահարեր իր ճանապարհին:   

Շարունակելի

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ