Կանայք լուրջ ուժ են

Կանայք լուրջ ուժ են

«Իմ քայլի» աղջիկները՝ Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Լուսինե Բադալյան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ դեմարշի ակտիվ մասնակիցներն են։ Օրեր առաջ նրանցից՝ իրենց պահվածքի առնչությամբ, բացատրություն են պահանջել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը։ Ասել են, որ նրանք «իրենց մտքերը չեն հայտնում»․ ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, ինչո՞ւ են սեւեռվել Արսեն Թորոսյանի վրա, եւ հորդորել են այլեւս նման բան չանել:

Ղեկավարությանը վրդովեցրել է նաեւ եռյակի պահվածքը Տիգրան Ավինյանի պառլամենտական ելույթի ժամանակ: Ի դեպ, ԱԺ գենդերային հատվածը «կրակի տակ է պահում» նաեւ Գագիկ Ծառուկյանին. Լուլուն ընդհանրապես չի բարեւում նրան, թեեւ եղել է «Կենտրոնի» երկարամյա «աշխատակիցը», իսկ Քրիստինե Պողոսյանն էլ 2005-2007 թթ․ աշխատել է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, ինչպես գրված է կենսագրականում: Մեր հարցին ի պատասխան, թե ունեցե՞լ են աղջիկների հետ զրույց, Լիլիթ Մակունցը չժխտեց: