Զինվորականների պարգեւատրման արարողությունը` սեփական PR ակցիա

Զինվորականների պարգեւատրման արարողությունը` սեփական PR ակցիա

Օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ հուլիսյան մարտական գործողությունների մասնակից զինվորականների պարգեւատրման արարողություն: Պարգեւները հանձնեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրադարձությունը, ինչպես սիրում է ասել ՀՀ վարչապետը, աննախադեպ էր: Աննախադեպ էր շքանշաններրի, մեդալների, պարգեւների շռայլությամբ. Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զինված ուժերի 55 գործող զինծառայող միանգամից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, 16 զինծառայող՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զինված ուժերի գործող զինծառայողն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը. նա հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանն է:

Իհարկե, ողջունելի է, երբ զինվորականն իր կենդանության օրոք է արժանանում բարձր գնահատականի, ողջունելի է, որ գնահատվում է նրա սխրագործությունը, եւ, այնուամենայնիվ, ինչո՞ւ վարչապետը այդքան շռայլեց պարգեւներն ու կոչումները: Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծված ձեւով ուզում է մեծ հնչեղություն տալ հուլիսյան իրադարձություններին, քանի որ սա իր ղեկավարության օրոք տեղի ունեցած բացառիկ դրական իրադարձությունն էր, եւ չէր կարելի առիթը բաց թողնել ու չգովազդել սեփական իշխանությունը: Ակնհայտորեն, առաջ է տարվում ապրիլյան պատերազմին հակակշիռ` հուլիսյան հաղթական պատերազմ ունենալու փաշինյանական մոտիվը: Վարչապետի ելույթի մեջ կարմի թելի նման գնում էր «հուլիսյան հաղթական մարտեր» արտահայտությունը։ Այն այնքան ասվեց, այնքան մեծարվեց, որ քիչ էր մնում հավասարվեր 90-ական թթ․ արցախյան հաղթական պատերազմին: Այնպես էր խոսվում, կարծես թե Հայաստանի սահմաններում ու Արցախում  պարբերական ու սովորական երեւույթ չեն ռազմական գործողությունները: Նման ռազմական ոտնձգություններ այս վերջին երկու տասնամյակում հաճախ են եղել: Բայց սա աննախադեպ էր նրանով, որ տեղի ունեցավ փաշինյանական իշխանության ժամանակ: Չի բացառվում, որ այս իրադարձության առիթով հայկական տոնացույցում մեկ օր էլ ավելանա` հուլիսյան հաղթանակի օր: Այնպես, ինչպես անհասկանալի ձեւով մեր տոնացույց մտավ «Քաղաքացու օր»-ը: 

Վարչապետն իր ելույթում ասաց. «Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ»: Իսկ ինչո՞ւ նա ընդգծեց հենց վերջին տասը տարին, չցանկացավ ավելի հետ գնալ ու ընդգծել, ասենք, վերջին 23-25 տարին, հասնելով մինչեւ տերպետրոսյանական ժամանակաշրջանը…

Վարչապետը խոսեց նաեւ հայկական ռազմարդյունաբերության մասին այնպես, կարծես թե այն ստեղծվել է իր շնորհիվ ու իր ղեկավարության օրոք: Այն զարգացած է եղել նաեւ նախորդ իշխանությունների օրոք:   

Փաշինյանն իր ելույթով հպարտությամբ նշեց. «Հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաեւ մարտահրավերները եւ պատասխանատվությունը»:

Իսկ ամենազարմանալին վարչապետի ելույթում հետեւյալն էր. «Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթեւ վիրավոր՝ այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը եւ հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում:

Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»: Փաշինյանը խոսում է ոչ մի զոհ չունենալու մասին՝ այն դեպքում, երբ ինքը Եռաբլուրում անձամբ է ներկա եղել տավուշյան մարտերի ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը, ելույթ ունեցել, հիշատակել ու հարգել նաեւ մյուս զոհերի` կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանի, կապիտան Սոս Էլբակյանի հիշատակը: