Moodle համակարգ․ ինչո՞ւ են բարդացնում դասախոսների առանց այն էլ բարդ կյանքը

Moodle համակարգ․ ինչո՞ւ են բարդացնում դասախոսների առանց այն էլ բարդ կյանքը

Նոր ուսումնական տարուն ընդառաջ, Երեւանի պետական համալսարանում մեծ ժողով-վեբինար են կազմակերպել՝ բոլոր դասախոսների ու հատկապես դեկանների մասնակցությամբ։ Նպատակը դասախոսներին հեռավար ուսուցման Moodle համակարգի տեխնիկական նրբություններին ծանոթացնելն է։ Այս համակարգին անցումն էլ պարզաբանվել է նրանով, որ ինչ-որ ուսանողներ բողոքել են, թե դասախոսները նորմալ դասեր չեն արել Zoom-ով։ Իսկ Moodle համակարգը կիրառվում է աշխարհում եւ ապահովում է լիակատար վերահսկողություն։

Այն, ինչպես հուշում են ոլորտի մասնագետները, Zoom-ի ավելի բարդ տարբերակն է, որից ոչ բոլորը, հատկապես ավագ սերնդի դասախոսները գլուխ կհանեն։ Եվ, ինչպես պատմեցին, շատերը խիստ վրդովված են եղել, մի մասը՝ շվարած, որ ոչ միայն չեն հասկանում, թե ինչ է խոսում վեբինարը վարողը, այլեւ հույս էլ չկա, որ իրենք կտիրապետեն, ինչին ի պատասխան՝ այդ համակարգի մանրամասներին ծանոթացնող տեխնիկական մասնագետը՝ Արթուր Ավագյանը, դասախոսներին առաջարկել է իրար օգնել։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քննարկմանը ներկա գտնված դասախոսների հիմնական մասն ակնհայտորեն դժվարացել է, եւ միայն Ամերիկյան համալսարանի որոշ երիտասարդ դասախոսներ են գլուխ հանել համակարգից, քանի որ անցյալում օգտվել են դրանից։ Ամեն դեպքում, ԵՊՀ ավագ սերնդի որոշ դասախոսներ, այդ թվում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնում 50 տարի դասախոսող Վազգեն Գաբրիելյանը, օրինակ, ասել են, որ այդ պարագայում կհրաժարվեն։ Մեր տեղեկություններով, հիմա ԵՊՀ-ում մտածում են, թե ինչ անեն, որ նրա, նաեւ այլ երկարամյա դասախոսների համար բացառություն անեն։ Մտածում են փոքր՝ 5 հոգանոց խմբերով դասեր կազմակերպելու տարբերակի շուրջ։ Վեբինարի մեկ այլ մասնակից զայրացած էր այդ անփութությունից, ասում էր, որ ընդամենը հարկավոր էր մի տեսաուղեցույց պատրաստել՝ քայլ առ քայլ ներկայացնելով, թե ինչպես պետք է աշխատի համակարգը, եւ անգամ երիտասարդ դասախոսների համար ժամանակ է պահանջվելու, որ հասկանան Moodle-ի կառուցվածքն ու բնույթը։ Եվ նույնիսկ կասկածներ ունեին, որ հերթական անգամ «փող են լվանում»՝ գրանտներ կամ ֆինանսավորում են ստացել եւ ոչինչ չեն արել դրա դիմաց։

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Հրապարակի» հետ զրույցում հաստատելով քննարկումն ու օրակարգը, փորձեց ներկայացնել, թե բոլորը չեն դժգոհ եղել․ «Ինչ-որ դասախոսներ դեռեւս լավ չեն պատկերացնում, բայց շատերն այդ ծրագրին տիրապետում էին։ Նախորդ տարի վերջին կիսամյակն էր (արտակարգ դրության հաստատումից հետո, երբ դպրոցներն ու բուհերն անցան հեռավար ուսուցման), բայց մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ տեղն ընկավ․ պարապեցին, տիրապետում են։ Հիմա պարզապես հարթակ է փոխվում, 1-2՝ կանցնի, բոլորը կտիրապետեն։ Ի՞նչ կա որ»։ Ակնհայտ է, որ դեկանն անգամ չգիտի, որ Moodle-ը եւ Zoom-ն էականորեն տարբերվում են իրարից, եւ դրանցից օգտվելը բոլորովին նույն բանը չէ։
Արծրուն Ավագյանին հարցրինք՝ ինքը տիրապետո՞ւմ է։ «Որոշ առումով՝ այո։ Դեռ մինչեւ ամսի 15-ը դասեր չկան, դասախոսները, այդ թվում եւ ես, քննարկումներ կանենք, կտիրապետեն, ամսի 15-ից նորմալ դասերը կսկսվեն»։

Լավատեսական տրամադրություններ ուներ նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը․ «Եթե Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գտնեք դասախոս, որը կհրաժարվի, անպայման անունն ինձ ասեք։ Մեր ֆակուլտետում նման խնդիր չկա՝ տեխնիկական հնարավորությունների, տարբեր հարթակներ օգտագործելու։ Անցած կիսամյակը՝ մարտի 16-ից սկսած, հեռավար ուսուցման ընթացքը վկայեցին մի բան, որ, իհարկե, մեր մասնագիտության յուրահատկությամբ պայմանավորված, շատ հեշտ անցում արեցինք դեպի վիրտուալ ակադեմիական միջավայր։ Տեսեք՝ ինչ ձեւակերպում եմ անում, բայց ես այն անում եմ, որովհետեւ դրա հնարավորությունը մեր դասախոսներն ունեին, նրանք տիրապետում են տեխնիկական հնարավորություններին։ Այլ ֆակուլտետների որեւէ դասախոսի համար չեմ կարող որեւէ բան ասել»։
Նշենք, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսների միջին տարիքը 36-37-ն է։ Իսկ, օրինակ,

Հայոց լեզվի դասախոս Նարինե Դիլբարյանն ասաց․ «Ճիշտն ասած, ասել, որ երջանիկ եմ՝ ոչ, որովհետեւ հարմարվում ես ինչ-որ ձեւաչափի, հետո այն փոխում են։ Նաեւ ինձ շատ զարմացրեց նիստավարի խոսքը, որ «բազմաթիվ բողոքներ են եղել ուսանողներից, որ դասախոսները չեն պարապել»։ Անկեղծ ասած՝ ինձ համար դա զարմանալի էր, որովհետեւ մենք տքնագին պարապել ենք։ Ես, իհարկե, չհարցրեցի, թե ովքեր են, հարցնողը Պետրոսյան Համլետն էր, որն իր գործի հրաշալի մասնագետ ու պատասխանատու անձ է։ Սա այն դեպքում, երբ այդքան տքնագին պարապում ենք, մի քիչ վիրավորական է։ Ավելի ճիշտ կլիներ ասել, թե այդ որ ուսանողն է բողոքել, որ առարկաներից, որ ֆակուլտետներում»։ Նարինե Դիլբարյանը ոչ միայն հաստատեց, որ որոշ դասախոսների համար դժվար է լինելու նոր համակարգով աշխատելը, այլեւ ասաց, որ դրանից դժգոհում են նաեւ Հայ բանասիրության ֆակուլտետի հեռավոր մարզերի ուսանողները։ Նաեւ՝ Ջավախքից ուսանողները։   

Դիլբարյանն ասաց, որ անձամբ համոզվել է, որ երբ համակարգին միանում են տասնյակ մարդիկ, տեխնիկական խնդիրներ են լինում․ սերվերի, ձայնը լավը չի լինում։ Մյուս կողմից՝ արդեն ապրիլի վերջերին նույն՝ Zoom համակարգով արձանագրվում էր  ուսանողների գրեթե 80 տոկոսանոց մասնակցություն դասապրոցեսին։ Այնպես որ, նա հարցնում է․ «Ինչո՞ւ բարդացնել առանց այն էլ մեր բարդ կյանքը»։ Դիլբարյանը պատրաստվում է առաջարկել, որպեսզի՝ ինչպես առաջադեմ բուհերում, դասախոսները մեկշաբաթյա դասախոսությունները ձայնագրեն եւ հետո դրանք սփռեն Moodle-ով կամ Zoom-ով։