Կուտ ա՝ ուտում ենք

Կուտ ա՝ ուտում ենք

Ի՞նչ ասեմ, Ջհանգիրյանը լավ էլ կերավ Պետրոսի կտերը: Հ1-ի եթերում, ըստ էության, նա հաստատեց այն ամենը, ինչ ասել էր «գաղտնի» ձայնագրության մեջ: Գոնե ես այդ տպավորությունը ստացա: Զորօրինակ, Ջհանգիրյանը չհերքեց, որ իր վզին բան կար դրած, ընդհանրապես լռեց նախագահներ կառավարելու, ՀՀ երկրորդ նախագահի հասցեին ծանր վիրավորական խոսքեր հնչեցնելու մասին: Ի՞նչն էր փորձում հերքել Ջհանգիրյանը կամ ինչի՞ համար էր փորձում արդարանալ: Թե բա՝ կուտ էի տալիս… Ո՞ւմ էիր կուտ տալիս, Վարդազարյանի՞ն: Իսկ գուցե Վարդազարյա՞նն էր քեզ կուտ տալիս ու ձայնագրում: Դե ասա, Գագո, կուտն ո՞վ կերավ՝ դո՞ւ, թե՞ Վարդազարյանը:

Պետրոս, իսկ դո՞ւ ինչու շտապ հարցազրույցի հրավիրեցիր Ջհանգիրյանին: Այդ ի՞նչդ էր վառվում կրակի վրա: Երեւի ուզում էիր թեման շտապ փակել, հա՞: Գրի՝ չստացվեց: Քո հարցազրույցից հետո սոցիալական ցանցերն ուղղակի ղժժում են երկուսիդ վրա: Այո, այո, Պետրոս, նաեւ քեզ վրա, որ, առանց մտածելու, Ջհանգիրյան էիր բերել առաջին պլան: Ի՞նչ էիր ուզում անել, արդարացնե՞լ նրան, նրան արդարացնելով՝ Նիկոլի հետո՞ւյքը փրկել: Իզուր է ջանքդ, Պետրոս: Ում ուզում ես՝ բեր առաջին պլան. եթե դա Նիկոլն է կամ Նիկոլի թիմից մեկը, միեւնույն է, խայտառակությունն անխուսափելի է: Հիշիր, Պետրոս, ստի ոտքերը կարճ են, իսկ սուտասանի վազքն էլ մինչեւ մարագն է: Նիկոլն այնքան է ստել եւ այնքան բացահայտ, որ Ջհանգիրյանի նման 100 հատ փորձված աղվես էլ լինի, չեն կարող ճիշտ հանել:

Ջհանգիրյանից առա՞ջ ով էր բլբլում մոտդ, Պետրոս: Այ, ապրես՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Դու ինչո՞ւ ես առաջին պլան բերում մի մարդու, որ Պուտինի մոտ ասել է՝ ես նոր մարդ եմ քաղաքականության մեջ, ուղեղս էդ գծով «շարիտ» չի անում… բա որ «շարիտ» չի անում, պարոն Խաչատուրյան, ինչո՞ւ ես լպստում Պուտինի կոշիկները՝ գովելով նրան, որ, այո, կարելի էր հոկտեմբերին կանգնեցնել պատերազմը, բայց մենք՝ անհասկացողներս, նոյեմբերի 9-ին կանգնեցրինք եւ այն էլ՝ Ձեր (Պուտինի) բարձր հովանու ներքո: Եվ բնական է, որ Վահագն Խաչատուրյանի կարգի «քաղաքական» եւ «պետական» գործիչը պիտի հայտարարեր, թե իր իրավունքների մեջ չի մտնում Ջհանգիրյանի ձայնագրությանը գնահատական տալը:

Խաչատուրյանին, ասացեք, խնդրեմ, քաղաքակիրթ պայմաններ են պետք՝ ընդդիմության հետ երկխոսելու համար: Բա հիմա մենք քաղաքակիրթ պայմաններ որտեղի՞ց գտնենք, երբ քաղաքակրթությունը Նիկոլի Հայաստանից գնացել է, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ական Վահագն Խաչատուրյանի ջանքերով, որ չխորշեց նստել երկրի թիվ մեկ ապաքաղաքական աթոռին: Ո՛վ Ձերդ մեծություն Սահմանադրության երաշխավոր նախագահ Հայոց, ընդդիմությունն արդեն քանի՞ օր է՝ քաղաքակիրթ եղանակով Ձեզ լսեցնում է, որ Ջհանգիրյանն այդ ձայնագրությամբ Սահմանադրության յոթն ու քառսունքը մեկ է արել: Որեւէ բան ձեռնարկե՞լ եք, թե՞ ավելի շատ հակված եք Ջհանգիրյանին հավատալու, որ ասեմ, թե կուտ է տվել իր ուսանողին: Ո՞ւմ եմ ինչ հարցնում…

Ավելի լավ է՝ մի քիչ Նիկոլի հետ լեզու թրջեմ: Լսիր, Նիկոլ, բայց ջոկեցի՞ր, որ Պետրոսի մոտ Ջհանգիրյանն ասում էր, որ դու իր ուսապարկերից մեկն ես, այն է՝ ճիտին պարտքը, որ հլու-հնազանդ տանում է: Բայց ո՞նց պետք է ջոկեիր, եթե դու Հ1 չես նայում, իսկ էն դդումը-բանը չեն զեկուցել:

Ի դեպ, ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ավելի պարզ է արտահայտվում ՀՀ ղեկավարների մասին․ ասում է՝ ես եմ նրանց կառավարում: Դա, իմ կարծիքով, քեզ էլ է վերաբերում, Նիկոլ, եթե դու քեզ պետության ղեկավար ես համարում: Եվ քո ժողովրդավարությունն էլ աչքս մի կոխիր, Նիկոլ: Ժողովրդավարությունը հաստատ էն բանը չէ, որ Ջհանգիրյանի նման մեկը, երկու բաժակ կոնծելուց հետո, ինչ ուզենա՝ դուրս տա, գլուխ գովա, թե ինքն է այս երկրում օրենքը․ ուզում է՝ գործ է հարուցում, չի ուզում՝ չի հարուցում, եւ դա իր ճիտին պարտքն է, որ իր վզին դու ես դրել, Նիկոլ: Այնպես որ, գնդակը հիմա քո դաշտում է, Նիկոլ, պիտի խոսես, պիտի հռռաս կամ բռռաս, լռելով ոչինչ չի ստացվի: Ջհանգիրյանի ձայնագրությունից պարզորոշ հասկացվում է, որ 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հենց ինքն է եղել գլխավոր դիրիժորը եւ Մուկուչյանի դասախոսը: Այսպիսի խայտառակությունից հետո ժողբաստիոնը պիտի խոսի՞, թե՞ ոչ: Բայց մինչ Նիկոլը որոշի ինչ անել, մի փոքրիկ լիրիկական զեղում թույլ տամ ինձ.

Սա է մեր նոր օրակարգը՝
Ջհանգիրյանի ճիտին պարտքը,
Երբ չես ջոկում՝ ի՞նքն է արդյոք,
Թե՞ Նիկոլն է ուսապարկը։

Է՛, բալամ… Ջհանգիրյան մեր հույս թողե գլխավոր դատախազին: Տեսնենք՝ ինչ կանի գլխավոր դատախազը: Կարծիք կա, որ Ջհանգիրյանի ճիտին պարտքի մեջ է մտնում նաեւ գլխավոր դատախազի հարցերը լուծելը: Ասում են՝ եթե գլխավոր դատախազն այսքանից հետո Ջհանգիրյանին չբռնի, այլեւս երբեք չի կարողանա բռնել: Ժամանակը չի հերիքի: Բայց ես չեմ կարծում, որ ժամանակի խնդիր կա այստեղ: Ճիշտ է, Արթուր Դավթյանը գնացող գլխավոր դատախազ է, բայց Գլխավոր դատախազությունը նրա գնալով հո չի՞ մեռնում: Այնտեղ էլի մարդիկ կան… Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է: Եթե Ջհանգիրյանը սա մարսեց, նշանակում է, որ նա կարող է քացով բացել ապագա գլխավոր դատախազի դուռը, մի հատ ճըտտըցնել գլխին ու կարգադրել, թե ում վրա է պետք գործ հարուցել եւ ում վրա՝ ոչ:

Վերջ, սիրելի ընթերցող, այսքան բան: