Լեգիտիմ թալանի մանդատը

Լեգիտիմ թալանի մանդատը

«Միր» միջպետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում բենզինի գները նվազում են: Մեծածախի գները նվազում են ավելի զգալի, քան մանրածախինը: Հեռուստաընկերությունը տեղեկություններ է հաղորդում, թե Ռուսաստանի որ մարզում ինչ չափով են նվազել: Հաղորդման Youtube-յան էջի դիտորդները մեկնաբանություններում բողոքում են, որ իրենց մոտ գների նվազումն այնքան էլ զգալի չէ, որքան տեղեկացնում է հեռուստաընկերությունը, իսկ մեկն էլ մեկնաբանում է, թե պատճառն այն է, որ ռուսաստանյան նավթավերամշակող ընկերությունները ստիպված են գնալ նման քայլի, քանի որ բազմաթիվ երկրներ միացել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, եւ ռուսական ընկերությունները ստիպված են գներն իջեցնում՝ ներքին շուկայում իրենց տեղը չկորցնելու եւ եկամտից չզրկվելու համար:

Հայաստանը Ռուսաստանի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին չի միացել: Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը Ռուսաստանից նավթամթերքները ներմուծում է առանց հավելյալ հարկերի: Բայց Հայաստանում բենզինի գները ոչ միայն չեն իջնում, այլեւ բարձրանում են, իսկ դիզվառելիքի գներն ընդհանրապես ռեկորդներ են սահմանում՝ գրեթե հավասարվելով միջին եվրոպական գներին: Հայաստանում մարդիկ զարմանում են, սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող է պատահել, որ Հայաստանի ազգային արժույթն արժեւորվում է, իսկ գները բարձրանում են: Ինչպե՞ս կարող է մեկ-մեկուկես տարի առաջ 280 դրամով վաճառվող դիզվառելիքը հիմա վաճառվել գրեթե երկուսուկես անգամ թանկ` 670 դրամով: Ռուսաստանում 1 տոննա АИ 92 մակնիշի բենզինի մեծածախ գինը մոտ 42 հազար ռուբլի է, քանի որ մեկ տոննա բենզինը մոտ 1361 լիտր է։ Ստացվում է՝ մեկ լիտրի մեծածախ գինը 30 ռուբլի է կամ 200 դրամ: Ինչո՞ւ հայաստանյան ընկերություններն էլ գները չեն իջեցնում, որ կարողանան իրենց դիրքը պահել կամ ավելացնել իրենց եկամուտը, ինչ է՝ շուկայական տնտեսության օրենքները Հայաստանում չե՞ն գործում:

Պատճառն այն է, որ Հայաստանում չկա ազատ շուկայական տնտեսություն. հիմնական ապրանքների ներմուծումը քվոտավորված է, եւ այդ պայմաններում գներն էլ կարգավորվում են իշխանության կողմից: Մրցակցություն չկա, ինչպես չի եղել նախկինում: Իսկ նման պայմաններում գները որ իջեցնեն, դրանից ի՞նչ կփոխվի. միայն մոնոպոլիստների ու դրանց հովանավոր իշխանության տիրակալի եկամուտը կպակասի: Մինչեւ 2018 թվականը ընդդիմությունը քաղաքացիներին բացատրում էր, որ Հայաստանում բարձր գների պատճառը հիմնական ապրանքների գծով առկա մենաշնորհներն են: Իշխանությունն է որոշում՝ ով ինչ ապրանք ներմուծի եւ որքան ներմուծի: Եթե Հայաստանում պայմանական վաճառվում է օրական 1 տոննա բենզին, ու իշխանությունը որոշել է, թե ով պետք է բերի ու վաճառի այդ քանակը, նա էլ ինչ գին ուզի՝ կսահմանի: Կուզենա՝ 520 դրամի փոխարեն 620 դրամով կվաճառի: Չորս տարի առաջ մարդկանց բացատրում էին, որ բավական է մոնոպոլիաները վերացվեն, շուկայում նոր ներմուծողներ կհայտնվեն, կառաջանա ազատ մրցակցություն, դրանից գները կնվազեն, տնտեսությունն էլ կզարգանա, մարդիկ էլ կօգտվեն:

Հիմա չորս տարուց ավելի ժամանակ է անցել. վառելիքի շուկա նոր ընկերություններ են մտել, մրցակցություն է առաջացել: Էլի նույն ներմուծողներն են, միայն մի տարբերությամբ, որ իշխանության փայատերերից Խաչատուր Սուքիասյանը գնեց «Ռան օյլ» ընկերությունն ու մեծացրեց այդ ընկերության մասնաբաժինը վառելիքի շուկայում, որ իր բիզնես կայսրությունում այդ մի գերշահավետ բաղադրիչն էլ լինի: Ու այդպես՝ մյուս բոլոր ապրանքների գծով. նույն մոնոպոլիաներն են, նույն մոնոպոլիստները: 

Հիշում եք, իշխանափոխությունից հետո բանան-օպերացիա բեմադրվեց, իբրեւ թե բանանի շուկայում մենաշնորհը, որը պատկանում էր Միհրան Պողոսյանին, վերացվեց, նոր ներմուծողներ հայտնվեցին, գներն իջան, մարդիկ մի քանի կիլո հեղափոխական էժան բանան կերան: Իրականում, իշխանությունները մարդկանց հետ վարվեցին որպես սովորական պրիմատների. կարեւորն արտաքին էֆեկտն է՝ մի քանի կիլո էժան բանանը, հետո ամեն ինչ վերադարձավ հնին, ու մոռացվեցին մոնոպոլիան էլ, էժան գներն էլ: Որովհետեւ նոր իշխանությունը մտածեց, որ հին համակարգն իրեն շատ ձեռնտու է, ինչո՞ւ քանդի, եթե կարող է նույն համակարգից ինքն էլ օգտվել, միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների հարստություն կուտակել: Հիմա միակ տարբերությունն այն է, որ ընդդիմությունը չի խոսում բիզնեսի ու քաղաքականության սերտաճման անթույլատրելիության, տնտեսության ապամոնոպոլացման եւ քաղաքական դաշտի ապաօլիգարխացման անհրաժեշտության մասին:

Ընդդիմության հիմնական մասը չի խոսում, որովհետեւ դրա բարոյական իրավունքը չունի. կասեն՝ բա ձեր ժամանակ նույնը չէ՞ր, դուք ի՞նչ իրավունքով եք դրա մասին խոսում։ Մի մասն էլ չի խոսում, քանի որ սնվում եւ ապրում է այդ մոնոպոլիաներից ստացվող գերշահույթի ու օլիգարխներից ստացվող դրամական հատկացումների հաշվին:

Մի խոսքով, Փաշինյանի իշխանությունը շարունակում է աշխատել հին ավանդույթով` թալանելով հասարակությանը, բայց... ավելի հանգիստ պայմաններում, անաղմուկ, առանց դիմադրության: Բացի այդ, հասարակությունն իրեն թալանով զբաղվելու լեգիտիմ մանդատ է տվել, վկան՝ 2018 եւ 2021 թվականների ընտրությունների արդյունքները:

Ավետիս Բաբաջանյան