Դեղագործները ճանապարհ են փակել․ «համբերության բաժակը» լցվել է

Դեղագործները ճանապարհ են փակել․ «համբերության բաժակը» լցվել է

ՀՀ ԳԱԱ-ի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ու աշխատակիցներն այսօր ճանապարհ էին փակել՝ «համբերության բաժակը» վերջնականապես լցվել էր։ Գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում բազահարկ շենքի կառուցման մասին մենք բազմիցս գրել ենք» Կենտրոնի աշխատակիցները տեւական ժամանակ է ահազանգում, որ նման բան անել չի կարելի, որ դա անօրինական է։ Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ստիպված են եղել ճանապարհ փակել, որ պատկան մարմինների ուշադրությունը սեւեռեն այս խնդրի վրա։ Գասպարյանի խոսքով՝ դատարանը որոշել է կասեցնել կառուցվող շենքի աշխատանքները, սակայն կառուցապատող ընկերությունը համառորեն շարունակում է աշխատանքը։

«Դատարանը որոշել է կասեցնել շինարարությունը, իրենք շարունակում են աշխատանքը՝ հայտարարելով, թե չեն ստացել դատարանի որոշումը։ Մենք էլ փողոցը փակել ենք, որ բոլորը տեղյակ լինեն։ Տարբեր կառույցների ենք դիմել՝ ոչ մի արձագանք չկա։ Վերջապես ոստիկանների միջոցով թաղապետը եկավ։ Խոսելու են կառուցապատող ընկերության հետ, տեսնենք ինչ կլինի»,-նշեց տնօրենը։

Բնակելի շենքը, ըստ կենտրոնի տնօրենի, կառուցվում է քիմիական կենտրոնների մասնաշենքերի արանքում՝ ջրավազանի տարածքում։ Ասում է՝ հետագայում, քիմիական նյութերի հնարավոր արտանետումների պարագայում, ստիպելու են փակել Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնը։ Խոսակցություններ են լսել, որ հնարավոր է իրենց էլ տեղափոխեն կառուցվելիք ակաեմիական քաղաք։

«Խելքին մոտ չէ այստեղ բնակելի շենք կառուցելը։ Վաղը մյուս օրն ասելու են՝ կողքի քիմիական շենքից հոտեր է գալիս, պիտի փակենք ինստիտուտը՝ խանգարում է։ Թող մեզ տեղափոխեն, հետո ինչ ուզում են սարքեն, բայց կոնկրետ որոշում չկա։ Ակադեմիական համակարգում սա միակ կառույցն է՝ գործում է, եթե դա էլ փակեն, ուրեմն վերջ՝ Հայաստանում էլ օրգանական քիմիայի առումով գիտություն չի մնա»,-նշեց նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ էլ են հանդիպել, խոստացել է մի լուծում գտնել, բայց ոչինչ չի արել։ «Ասաց՝ կաշխատի աջակցել, որ այս հարցը կարգավորվի, բայց մեր կողքին այդ շենքի շինարարությունը հիմա գնում է, հարցն էլ չի կարգավորվել։ Չի կարող եւ՛ շինարարություն լինել այդ տարածքում, եւ՛ մեր գործությունը։ Մեր շենքերն արդեն ցնցվում են»,-հավելեց։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակ»-ին ասաց, որ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք է «Գրին Փրոփերթի դիվելոփմենթ ՓԲԸ» կառուցապատող ընկերությանը քիմիական կենտրոնի տարածքում բնակելի շենք կառուցելու թույլտվություն տրվել։ Կոստանյանի խոսքով՝ ընկերությունը ծանուցվել է դատարանի որոշման մասին, այսօրվանից կդադարեցնի շինաշխատանքները։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ 16 հարկանի շենք է կառուցվում չորս քիմիական մասնաշենքերի արանքում, սա ռումբ է քաղաքացիների տակ։ Շենքը կառուցվում է գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում։ Օտարված տարածքը 2014-ին ընդգրկվել է պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Տարիներ առաջ այն օտարվել է մասնավորին, որն էլ այս իշխանության օրոք այնտեղ 16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել։