Այդ մոգական ազգանունը, որով պահվում է Փաշինյանի իշխանությունը

Այդ մոգական ազգանունը, որով պահվում է Փաշինյանի իշխանությունը

Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների: Դրանք բացառիկ են բազմաթիվ պատճառներով` 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից մինչեւ ՀՀ ավերակված արտաքին հարաբերություններ, Փաշինյանի` նոյեմբերի 10-ին բունկերից գուժած կապիտուլյացիայից մինչեւ 3050 զոհ, սննդամթերքի թանկացումից ու դրամի արժեզրկումից մինչեւ Մարտի 1-ի բացահայտման լիովին տապալում եւ այլն: Փաշինյանի եւ «դըմփ-դըմփ-հու»-երի եռամյա աղետաբեր, ավերիչ ու մահասփյուռ իշխանության միակ լուսավոր կետը դրա վերջանալն էր, որ ազդարարվեց մայիսի 10-ին` ի դեմս խորհրդարանի արձակման: Իհարկե, ընտրությունների արդյունքում Փաշինյանն ու «դըմփ-դըմփ-հու»-երը կանցնեն խորհրդարան, խմբակցություն կկազմեն, բայց իշխանության մոտենալու նրանց շանսերն ավարտված են: Նրանք վերջացած են: Առաջիկա ընտրությունները, սակայն, Փաշինյանի պատուհաս իշխանության վերջաբան լինելուց բացի եւս մի դրական կողմ ունեն` շատ ավելի հիմնարար ու հեռահար, երբ հասարակության գրեթե բոլոր խմբերի համար ստեղծվել է ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծվող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն:

Եթե հետահայաց նայենք, ապա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երեւի հատուկենտ ընտրություններ են եղել, երբ իսկապես ապագա է ընտրվել: Դա, ինչ խոսք, եղել են 1990-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայոց համազգային շարժմանը ձայն տալով՝ Հայաստանի անկախացման հիմքն է դրվել դեռեւս չփլուզված Խորհրդային Միությունում: 1991-ի նախագահական ընտրությունները, երբ Հայաստանը վճռականորեն կանգնել է երկրի անկախության կառուցման ուղու վրա` Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ կայանալով իբրեւ պրագմատիկ պետություն, վստահելի ու հավասարակշռված հարաբերություններ կառուցելով աշխարհի հետ եւ զերծ մնալով հայդատական արկածախնդրությունից: 98-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը պրագմատիզմի, պատասխանատվության, հաջողությունների ու կայացման ուղու ընդհատումն էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: 

Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջած հայտնի ուժերը կեղծեցին 1998-ի ընտրությունները եւ նախագահ հռչակեցին Ռոբերտ Քոչարյանին: Ընդամենը 1 տարի առաջ Հայաստան տեղափոխված, Հայաստանի հետ առնչություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը «հաղթեց» կոմունիստական Հայաստանի վերջին առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, ում օրոք Հայաստանը զարգացած արդյունաբերության երկիր էր դարձել, Հայաստանի ատոմակայանը, մետրոպոլիտենը, «Զվարթնոց» օդանավակայանն ու մնացյալն էին կառուցվել, եւ ում վերադարձը քաղաքականություն տասնամյա բացակայությունից հետո կատարյալ ֆուրոր էր առաջացրել:

«Հայտնի ուժեր» եռյակից Վազգեն Սարգսյանը Քոչարյանին նախագահական աթոռին բազմեցնելուց շատ չանցած՝ գիտակցեց սխալը` անծանոթ ու անընդունելի մեկին երկրին պարտադրելու դատապարտվածությունը եւ բազմաթիվ մարդկանց միջնորդություններից, ամիսներ տեւած բանակցություններից հետո Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց եւ գնաց խորհրդարանական ընտրությունների: 

1999-ին վերջին անգամ էր, երբ Հայաստանի ժողովուրդը քվեի ուժով ապագա ընտրեց` ձայնը տալով Դեմիրճյան-Սարգսյանի «Միասնություն» դաշինքին, որն ինչ-որ տեղ էկզոտիկ միություն էր: Սարգսյանի ռազմական կենսագրությունը, քաղաքական-դիվանագիտական դիլետանտությունը եւ Դեմիրճյանի լրջությունը, պրագմատիզմը, փորձը, ղեկավարման կարողականությունը դժվար թե հատման շատ կետեր ունենային: Թե «Միասնություն» դաշինքը որքան կյանք կունենար եւ Հայաստանը ուր կհասցներ, ենթադրությունների հարց է, բայց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը խորհրդարանում գլխատեց այդ դաշինքը: 

99-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլեւս միայն իշխանության վերարտադրություններ են եղել ու ոչ թե ընտրություններ: Քոչարյանի օրոք ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2008-ի իշխանական վերարտադրությունը եղավ բիրտ ուժի կիրառումով, համատարած կեղծարարությամբ, քվեատուփերի լցոնումներով, արձագրությունների կեղծումներով, ծեծուջարդերով, փշալարերով, վերջապես՝ Երեւան զինուժ մտցնելով եւ 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում 10 անմեղ ու անզեն ցուցարարի սպանելով: Սերժ Սարգսյանի վերարտադրությունները իշխանության ղեկին եղել են soft power-ի կիրառմամբ` ընտրակաշառք, պաշտոն, աշխատանք բաժանելով, թաղային քրեական հեղինակությունների հետ գործարքներով, միահեծան իշխանական քարոզչությամբ: 
Տարբեր մեթոդներով, բայց վերջնահաշվում ընտրակեղծարարության ուժով 20 տարի շարունակ Հայաստանին պարտադրված Քոչարյանի, այնուհետ Սարգսյանի իշխանությունը ավարտվեց նրանով, որ 2018-ի ապրիլին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` Փաշինյանին առջեւը գցած` ՀՀԿ-ից, ղարաբաղյան կլանից, Քոչարյանից ազատվելու: Եվ, իհարկե, ազատվեցին: Նրանցից շատերը թերեւս այժմ կընդունեն, որ սխալ գործեցին «նախկիններին» հեռացնելու մտասեւեռմամբ Փաշինյանին իշխանության բերելով: Բայց քչերը կգտնվեն, ովքեր համարեն, թե սխալ են վարվել ՀՀԿ-ին ու ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացնելով: Սա է այն հաստատուն իրողությունը, որի մատրիցայի մեջ ծավալվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդեն երեք տարի: 

«Նախկինների» հանդեպ իռացիոնալ ատելությունն ու մերժումն այնքան ուժեղ են, որ երեք տարի շարունակ Փաշինյանի համատարած ձախողումներին ու կառավարելու կատարյալ անկարողությանն ականատես լինելուց հետո, անգամ պարտված պատերազմից ու շուրջ 3 հազար, հնարավոր է նույնիսկ ավելի զոհ տալուց հետո Փաշինյանին գահընկեց անելու բոլոր հանրային շարժումներն ու ջանքերը տապալվեցին, քանի որ Փաշինյանը թափահարում էր իր փրկօղակը` Քոչարյանը ձգտում է իշխանության, եւ ես Ձեր պատնեշն եմ նրա դեմ: Քոչարյանի մոգական ազգանունն ի զորու եղավ հակակշռել Փաշինյանի անչափելի ու անկշռելի տապալումները: Այս իրականությամբ, երբ Քոչարյանն աջուձախ հայտարարում է, թե ինքը գալիս է Հայաստանը փրկելու (դե դիմացիր, որ չմտածես` եթե Քոչարյանը փրկիչ է, թող տեղափոխվի իր հայրենի ղարաբաղյան եզերք եւ կարողացածի չափ ու կարողացածի պես Ղարաբաղը փրկի. Հայաստանը պլացդարմ չէ Ղարաբաղի համար), Փաշինյանն էլ ի պատասխան էլ ավելի բարձր աղաղակում է, թե տեսնո՞ւմ եք իշխանության ձգտող Քոչարյանին, նրան մերժելու ճանապարհն ինձ ընտրելն է` երկիրն ավելի անելանելիության հորձանուտն էր մղվում, քան որեւէ այլ տեղ:

Պարզ է, որ թե՛ Փաշինյանի կողմում, թե՛ Քոչարյանի, շատ ավելի դատարկ աղմկում են, քան ընտրություններում հաջողության հասնելու հիմքեր ստեղծում: Ուղղակի լավ է, որ նրանք երկուսն էլ ասպարեզում են, եւ վերջապես կտեսնենք, թե Հայաստանում ընտրողների քանի տոկոսը կարող է ձայն տալ նրանցից որեւէ մեկին: Այս պահին պարզ է միայն այն, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում նրանցից ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի առաջնորդության ներքո. բավական է փաստը, որ երկրի ընտրողների շուրջ կեսը, ներկայանալով որպես չկողմնորոշված, հրաժարվում է ձայն տալ նրանցից որեւէ մեկին, որքան էլ երկուսն էլ չեն իջնում հեռուստաէկրաններից ու փողոցներից եւ ամեն վայրկյան հիշեցնում են իրենց գոյության մասին: 

Եթե ընտրությունը Փաշինյան-Քոչարյան դիխոտոմիայի տրամաբանությամբ ընթանար, որեւէ լուծում չէր լինի, միայն ճգնաժամի անկառավարելի խորացում, քանի որ ո՛չ քոչարյանականները կարող են իրենց ատելությունը զսպել ու Փաշինյանի թեկուզ տեսական հաղթանակի հետ համակերպվել, ո՛չ էլ փաշինյանականները կարող են Քոչարյանի թեկուզ տեսական վերադարձ հանդուրժել:

Ահա այստեղ պետք է շնորհակալություն ասել նախ Սերժ Սարգսյանին, ապա եւ հատկապես` առաջին նախագահին` Տեր-Պետրոսյանին, որ նրանք մտան խաղի մեջ եւ հասարակության մեծամասնության համար ստեղծեցին ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն: 1999-ից, իսկ գուցե 1990-91-ից ի վեր առաջին անգամ երկրում չկա վերարտադրվող իշխանություն, քանի որ դեմ առ դեմ կանգնած են գաղափարական հավասարազոր ուժեր՝ ՀՅԴ-քոչարյանական հայդատականությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի պատասխանատվություն ու պրագմատիզմ, սերժսարգսյանական՝ բոլորի հանդեպ ու ամեն ինչում կոմպլեմենտարիզմից մինչեւ Փաշինյանի մարտնչող ՀԿ-ական էքստրիմ: 

Կան նաեւ այլ մանր-մունր ուժեր, ոմանք՝ գիտուն, ոմանք` անհասկացող, ոմանք` «կլասիկ», ոմանք՝ ուլտրանոր, բայց նրանց ուշադրություն չի դարձվի, քանի որ ասպարեզում են եւ պայքարում են երկրի բոլոր նախկին եւ ներկա առաջնորդները` իրենց տարբեր հայացքներով, գաղափարախոսություններով եւ տեսլականներով: Մնում է երեսուն տարվա փորձություններից հետո առաջին անգամ տեսնել, թե հասարակության որ հատվածը նրանցից ում  կնախընտրի: