Ոստիկանությունից ոչ մի բան պետք չէ ակնկալել՝ նա միշտ եղել եւ մնալու է իշխանության կողքին

Ոստիկանությունից ոչ մի բան պետք չէ ակնկալել՝ նա միշտ եղել եւ մնալու է իշխանության կողքին

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, որին 2019 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից իբրեւ թե քաղաքական հայտարարություն անելու պատճառով, այժմ զբաղվում է փաստաբանությամբ։ 

«Ուրիշ ոչ մի բանի ունակություն չունեմ»,- մեզ հետ զրույցում իր կարողություններն այսպես համեստ գնահատեց նախկին փոխոստիկանապետը, որին մի քանի քաղաքական հարց ուղղեցինք։

- Ի՞նչ եք մտածում առաջիկա արտահերթ ընտրությունների մասին, տեսնում եք՝ արդեն դաշինքներ են ձեւավորվում, Դուք ի՞նչ կողմնորոշում ունեք։

- Ես լիարժեք կողմնորոշված մարդ եմ եւ պատրաստ ընտրություններին։

- Եվ ո՞ր ուժի կողմ եք կողմնորոշվել։

- Այ, էդ մեկը բեր չասեմ։

- Համենայնդեպս, կարծում եմ՝ ընդդիմադիր կողմնորոշում ունեք։

- Ես այդ հարցի պատասխանը չեմ տա։

- Հաշվի առնելով Ձեր ներկայիս գործունեությունը եւ այն, որ Ձեզ պաշտոնից ազատեցին քաղաքական հայտարարության համար, կարո՞ղ ենք ասել, որ Դուք այս պահին ընդդիմադիր հայացքներ ունեք։

- Ես այս պահին ո՛չ ընդդիմադիր հայացքներ ունեմ, ո՛չ՝ դիմադիր։ Էդ պատասխանը թող Ձեզ անակնկալի չբերի, ես կողմնորոշված ընտրող եմ, էսպես ասեմ։

- Բայց Նիկոլ Փաշինյանին դժվար թե ձայն տաք։

- Ես նման բան չասացի, դա Դուք եք ասում։

- Իսկ հնարավո՞ր է մասնակցեք ընտրություններին որեւէ քաղաքական ուժի ցուցակով։

- Բացարձակապես, ես քաղաքականությունից գրեթե ոչինչ չեմ հասկանում։

- Բայց Ձեզ ազատեցին քաղաքական հայտարարություն անելու պատճառով (ոստիկանության հետ կապված օրենսդրական փոփոխություններից մեկը քննադատելու համար)։

- Քաղաքական հայտարարություն որակվեց։ Բնականաբար, ես՝ ինքս, համաձայն չեմ այդ հայտարարության հետ, բայց դե՝ ի՞նչ պիտի անեի, որ։

- Իսկ երբ հետհայաց նայում եք, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության աշխատանքը։

- Ոստիկանության աշխատանքում ոչինչ չի փոխվել, ոնց աշխատել է, էնպես էլ աշխատում է, հավատացնում եմ Ձեզ։

- Բայց ոստիկանությանը մեղադրում են, որ դարձել է մեկ անձի պաշտպանը, մի քանի հազար հոգով մեկ անձի պաշտպանությամբ են զբաղված, փոխանակ հասարակական կարգը պահպանեն։

- Ոստիկանությանը տարբեր մեղադրանքներ միշտ ներկայացնում են, ոստիկանությունից ոչ մի բան պետք չէ ակնկալել՝ դրական ոչ մի փոփոխություն։ Ոստիկանության գործելակերպը միշտ եղել է նույնը՝ նա միշտ եղել է իշխանության կողքին, մնալու է իշխանության կողքին, ապագայում էլ է լինելու իշխանության կողքին, եւ ոստիկանությունից որեւէ ակնկալիք քաղաքական գործընթացների մեջ, որ նա իր գործելակերպով թարմություն մտցնի, պետք չէ սպասել։

- Գուցե աշխատաոճի մասով բարեփոխումներ փորձեն անել, Վովա Գասպարյանը, օրինակ, բարեփոխումներ էր ձեռնարկում ոստիկանական համակարգում։

- Ոստիկանությունից բարեփոխումներ էլ պետք չէ սպասել, ոստիկանությունը չի բարեփոխվելու, ոստիկանությանը պետք է դրսից բարեփոխել։ Ներսից չի բարեփոխվելու ոստիկանությունը։

- Իսկ դրսից՝ ովքե՞ր կոնկրետ։

- Քաղաքական իշխանության մարմինները։

- Բայց դրա համար պետք է քաղաքական կամք ցուցաբերեն։

- Դրա համար պետք է պրոֆեսիոնալիզմ։

- Հնարավո՞ր է ունենալ այնպիսի ոստիկանություն, որն օրվա իշխանությանը չի ծառայի, այլ կծառայի միայն պետությանը, հասարակությանը։

- Այո, հնարավոր է ունենալ այդպիսի ոստիկանություն։

- Քաղաքական իշխանությունները կցանկանա՞ն դա, նման պրակտիկա կա՞, առհասարակ։

- Քաղաքական իշխանությունը, եթե, էսպես ասեմ, երկու-երեք լեգիտիմ ընտրություն անցկացվի էս երկրում, նման ոստիկանություն մենք կունենանք։ Դրա համար ոստիկանների քաղաքական կախվածությունն է պետք թուլացնել ոստիկանապետերի քաղաքական իշխանությունից։ Այ, դա հնարավոր է։

- Եվ մենք կունենանք այնպիսի ոստիկանություն, որը մատի մեկ շարժումով չի կատարի օրվա իշխանության քմահաճույքնե՞րը։
- Այո, դա հնարավոր է։ Այդպիսի ոստիկանություն կարող ենք մենք ունենալ, որ ծառայի ամբողջ հասարակությանը։