Հոգեբանական դրամա՝ ԱԳՆ շենքում

Հոգեբանական դրամա՝ ԱԳՆ շենքում

Վաղուց չէի մասնակցել ԱԳՆ մամուլի ասուլիսներին: Բայց այս մեկը չէի կարող անտեսել: Չէ՞ որ գալու էր Ֆրանսիայի արտգործնախարարը: Հրավերում գրված էր, որ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը նախատեսվում է անցկացնել ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին: Հետո, սակայն, հայտարարվեց, որ նախարարների հանդիպումը հետաձգվել է եւ տեղի կունենա հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 11:30-ին: Եվ որ հանդիպմանը, ժամը 12:00-ին, կհետեւի երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: 

ԱԳՆ շենք եկած լրագրողներին սպասվում էր անակնկալ՝ ասուլիսը տեղի ունեցավ 2,5 ժամ ուշացումով: Ինքս ինձ հարց էի տալիս՝ ի՞նչը կարող էր լինել նախարարների հանդիպման նախատեսվածից ավելի երկարատեւության պատճառը:  
Այն, որ ասուլիսը տեղի ունեցավ մեկ օր ուշացումով, ուներ բացատրություն․ Կատրին Կոլոնան ցանկացել կամ համաձայնել էր այցելել Ջերմուկ եւ տեղում ծանոթանալ անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքներին, որը կանխվել էր ԱՄՆ միջամտության շնորհիվ: Բայց ո՞ր հարցի պատասխանն էր երկարաձգել նրանց հանդիպման տեւողությունը: Այդ հանելուկի լուծումը, ըստ երեւույթին, կարելի է գտնել ֆրանսիական լրագրողի տված հարցում, որը նա ուղղեց մեր արտգործնախարարին: Ֆրանսուհուն հետաքրքրում էր, թե որ բանակցություններն են նախընտրելի Հայաստանի համար՝ եվրոպական եւ ամերիկյան հովանու ներքո անցկացվողնե՞րը, թե՞ Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցողները: Թե՞, գուցե, դրանք երկուսն էլ միաժամանակ նախընտրելի են: Եթե, իհարկե, այդպիսի բան հնարավոր է: 

Ֆրանսուհու հարցը, համոզված եմ, հետաքրքրում է շատերին: Նրան, փաստորեն, հետաքրքրում էր, թե որքան ժամանակ կարող է տեւել Հայաստանի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը, որը նման է իրարից ահռելի չափով հեռացած Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կատարվող «շպագատի»: Այնքան հեռացած, որ հենարաններից զրկված  «շպագատ» անողը կարող է հայտնվել օդում եւ կատարել ազատ անկում: Հետաքրքրում էր, թե այսօրվա պատերազմական իրականության պայմաններում մի՞թե հնարավոր է շարունակել Վարդան Օսկանյանի օրոք տարվող փոխլրացման՝ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: 

Պարզվեց, որ այդ հարցի պատասխանը հետաքրքրում էր նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որը, ի տարբերություն շատերի պատկերացրած դիվանագետների, էմոցիոնալ եւ հարուստ դիմախաղ ունեցող կին էր: Ես ուշադիր հետեւում էի նրա դեմքի արտահայտությանը, որի վրա արտացոլվեց նախարարի անթաքույց հիասթափությունը, երբ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Հայաստանը հարթակների միջեւ տարբերություն չի դնում եւ, փաստորեն, շարունակելու է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: 

Հասկանալի դարձավ, թե ինչ հարցում է եղել ՀՀ եւ ՖՀ ԱԳ նախարարների տարաձայնությունը, որը դարձել էր նրանց հանդիպման այդքան երկար տեւելու պատճառը: Պարզ դարձավ, թե 3 ժամ տեւած ինչ հոգեբանական դրամա է տեղի ունեցել ԱԳՆ պատերի ներքո:

ԱԳՆ խոսնակը՝ շառից-փորձանքից հեռու, որոշեց այլեւս չփորձել բախտը եւ հարց տալու իրավունք չտրամադրեց դահլիճում ներկա արտասահմանյան այլ լրագրողներին: Այլապես բացառված չէր, որ հնչեր նաեւ շատերին հետաքրքրող մյուս հարցը. «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ե՞րբ է պահանջելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի գումարում՝ քննարկելու համար Ադրբեջանի կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշման չկատարման հարցը»: Չէ՞ որ այդ դատարանի դատական ակտերի հարկադիր կատարողի դերը վերապահված է հենց ՄԱԿ ԱԽ-ին: Որն էլ պատժում է օրինազանցին՝ կիրառելով տնտեսական, ֆինանսական եւ այլ պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչեւ միջազգային զինված ուժեր ուղարկելը: 

Կարող է հարց ծագել, թե ինչու ես՝ ինքս կամ մեկ այլ հայաստանցի լրագրող չտվեցինք այդ հարցը: Պատասխանում եմ․ ավա՜ղ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք տեղի ունեցող ԱԳՆ ասուլիսների՝ լրագրողների համար երանելի ժամանակներն անցել են: Երբ մենք, համարյա առանց ժամանակի սահմանափակման, կարողանում էինք Հայաստան ժամանած բոլոր հյուրերին տալ մեզ հետաքրքրող հարցերը: Այժմ, ասուլիսի ընթացքում միայն 4-5 լրագրողի է թույլատրվում տալ մեկական հարց: Ընդսմին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հայաստանյան լրագրողների կողմից տրվող հարցերը նախապես համաձայնեցված են ՀՀ ԱԳՆ-ի հետ:

Գրիգոր Էմին-Տերյան