«Հրապարակ». Ծառահատումները դադարեցվել են մինչեւ աշուն՝ երեւանցիներին սթրեսի չենթարկելու համար

«Հրապարակ». Ծառահատումները դադարեցվել են մինչեւ աշուն՝ երեւանցիներին սթրեսի չենթարկելու համար

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանի հետ զրույցը վերաբերում էր ծառային սպանդին, որը վերջին շրջանում իրականացնում է քաղաքապետարանը՝ հայտարարելով, թե հին, սնամեջ ծառերը փոխարինում են նոր ծառատեսակներով։ Ճապոնական բալենին կամ սակուրա ռոյալ բուրգուդին վերջնականապես գրավեց Երեւանի փոքր կենտրոնը՝  Մոսկովյան փողոց-Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտայի վերջնամասը։ Ուլնեցու փողոցում են թեղիներ կտրվել, եւ հատված առ հատված նոր ծառեր են տնկվել՝ ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա կամ, ինչպես ասում են, կաշտաններ։  
«Այնտեղ մնացել է մի կվարտալ, որտեղ սոսիներ պետք է դնենք։ Լրացումներ ենք արել Բաղրամյան պողոտայում կաղնիներով, այսինքն՝ դրանք նոր ծառեր են, ոչ թե հների տեղը տնկված։ 15 սմ լայնությամբ, 3-4 մետր բարձրությամբ լոգոներով ծառեր, նույն ոճով, որով սակուրաներն են դրված։ Բաղրամյան պողոտան՝ կաղնիներով, Էրեբունի փողոցը՝ կաղնիներով, Ազատության պողոտան՝ սոսի արեւելյանով։ Փոխարինում իրականացրել ենք Սայաթ-Նովայի պողոտայում, Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Տերյան խաչմերուկ, որտեղ տնկվել են 55 գնդաձեւ սոսիներ»,- ամփոփում է Արթուր Խալաթյանը։

- Ծառահատումներն ավարտե՞լ եք եւ ինչո՞ւ գոնե զուգահեռ չեք տնկում նոր ծառերը, ապա կտրում հին ծառերը։

- Այնպես չի եղել, որ մենք ծառը հատենք ու տեղը չդնենք։ Մենք աշխատանքներն այնպես ենք կազմակերպում, որ եթե մտել ենք մի ինչ-որ փողոց, ապա աշխատանքները խաչմերուկից խաչմերուկ ավարտում ենք ու այնպես ենք պլանավորում, որ հատումն ու տնկումը մեկ օրվա խնդիր լինեն։ Այսինքն՝ չկա էնպիսի բան, որ ծառը կտրենք, ու վայ՝ եղանակ չկա, մի ամիս հետո նոր տնկենք։

- Հիմա ծառահատումն ու ծառատունկը շարունակվո՞ւմ են դեռ, թե՞ դադարեցրել եք։

- Քանի որ դրանք թանկարժեք ծառատեսակներ են, մեծ հողագնդերով, գիտությունը թույլ է տալիս եղանակային տարբեր պայմաններում իրականացնել տունկ։ Բայց հաշվի առնելով մեր բնակչության գերսրտացավությունը, ինչը միմիայն գովելի է, մենք ավելորդ սթրեսային վիճակներից զերծ մնալու համար, եղանակային խիստ տաքացումներին ընդառաջ, աշխատանքները դադարեցնում ենք ու տեղափոխում ենք աշուն։

- Նախատեսված աշխատանքների քանի՞ տոկոսն եք իրականացրել։

- Շուրջ 30։

- Այսինքն՝ քանի՞ ծառ դեռ պետք է հատվի։

- Այստեղ ուրիշ խնդիր էլ ունենք։

- Ինչո՞ւ թիվ չեք ասում։

- Մոտս ֆիքսված թուղթ չկա, բայց կարող եմ ասել, որ դա ուղիղ կապով կապված է տնկանյութի հետ, որը պետք է փոխարինվի։ Կան մատակարարներ, որոնք չեն մատակարարել տնկանյութը։ Երբ որ բոլոր տեղերով խոսվում էր 1000-2500 ծառի մասին, դրանք բոլորը չեն մատակարարել։ Եվ երկրորդ՝ երբեք խոսք չի գնացել, որ այդ 2 հազար 500 հատ ծառն էլ փոխարինվող են։ Այլ ասվել է, որ շուրջ 1000-ը փոխարինվող են, իսկ 1500-ը լրացման տակ են, այսինքն՝ նոր ծառեր են։ Հիմա Շենգավիթում՝ Ղռեր կոչվող թաղամասում հիմնովին նոր թանկարժեք ծառերով այգի է հիմնվում։ Կատապլայի, սոսիի տեսակներ են այնտեղ լինելու, կարմիր տերեւ, սոսիատերեւ թխկիներ։ Հենց այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Դրո-Սեւակի խաչմերուկում եւս նոր այգի է հիմնվում։ Մարդկանց մոտ տպավորություն է ձեւավորվում, որ 2 հազար 500 ծառ ենք բերել, հենց այդ 2 հազար 500 ծառը կտրելու ենք, որ փոխարինենք։ Այնինչ դա այդպես չէ։ Ուլնեցու փողոցում, օրինակ, մի հատված կա, որ սոսիներով պետք է պատենք, բայց այնտեղ արդեն 79 դիակասկ է տնկվել։ Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, որ ամեն փողոցի վրա միջինացված 100 տնկի է օգտագործվելու՝ պաշտպանելով դենդրոլոգիական բոլոր նորմերը։ Օրինակ՝ դիակասկերը 8 մետրի վրա ենք տնկում, սոսի արեւելյանը՝ շուրջ 10։ Այս տրամաբանությամբ, երբ որ 1000 ծառը փոխարինենք, դրանք կլինեն 7-10 փողոցներում։

- Ուզում էի ընդհանուր ծավալն իմանալ, քանի՞ ծառ է հատվելու, փոխարինվելու, եւ որքա՞ն ժամանակ դա կտեւի։

- Ընդհանուր առմամբ, մոտ 1000 ծառ է փոխարինվելու։ Այդ աշխատանքները նախատեսված են 2023 թվականի համար։ Դադարները պայմանավորված էին նրանով, որ բնակչությունը պատրաստ չէր, որ իրազեկման խնդիրներ եղան։

- Քաղաքապետի ընտրությունների հետ այդ հետաձգումը կապ չունի՞։

- Ոչ, ես դեռ 2020 թվականի փետրվարին խոսել եմ այս ծրագրի մասին՝ Հանրային հեռուստատեսությամբ։  Դա ասվել է եւ ոչ միայն իմ կողմից, այլեւ այլ պաշտոնյաների։ Ամենաբարձր ամբիոններից սա հնչել է։

- Այս ամբողջ աղմուկից հետո դուք կարո՞ղ եք ասել՝ Երեւանի համար սակուրաները հարմա՞ր էին, ինչպե՞ս է որոշվել այդ թանկ խնամք պահանջող թփերը տնկել Երեւանի կենտրոնում։

- Սոսիները գնդաձեւ եւ դիակասկերը, որոնք արդեն դրված են Ուլնեցու փողոցում, վստահեցնում եմ Ձեզ, նույն խնամքն են պահանջում։ Այսինքն՝ ոռոգումը պետք է լինի տեղին, աշխատողները պետք է ապահովեն համապատասխան խնամքը՝ հաշվի առնելով, որ դրանք թանկարժեք ծառեր են։ Երբեւիցե չմտածեք, որ սակուրան ավելի թանկարժեք ու ավելի մեծ խնամք պահանջող է։ Ուղղակի սակուրան տարբեր նպատակներով ուռճացվեց ու ներկայացվեց, որ նա գերխնամք պահանջող, յուրահատուկ մոտեցմամբ աշխատանքներ է ենթադրում։ Իրականում ծաղկող ծառ է, որը ծաղկող ծառերի մեջ ամենագեղատեսիլներից մեկն է։

- Բայց անընդհատ պետք է ջրես, չէ՞։

- Անընդհատ՝ չէ։ Այն բոլոր ծառերը, որոնք տնկվել են, պահանջում են նույն խնամքը։ Եթե այն չլինի, իմ նշած տեսակներից ոչ մեկը չի ունենա ապագա, որովհետեւ դրանք հասուն ծառեր են։ Անտառները հիմնելուց տնկանյութը փոքր էինք դնում, որովհետեւ դրանց կպչողականությունը գերմեծ է, իսկ այստեղ մենք մեծ ծառեր ենք դնում, շատ մեծ հողագնդերով, բայց եթե հետեւողականությունը թուլացնենք, դիակասկերը, կաղնիները, մյուսները չեն աճի։ Որպես այդպիսին, սակուրա ռոյալ բուրգունդին առանձնացնել մյուսներից եւ դարձնել խոսակցության թեմա՝ ուղղակի ազնիվ չէ։

- Հիմա Դուք երաշխավորո՞ւմ եք, որ բոլոր Ձեր նշած ծառատեսակները ժամանակին ջրվելու են, խնամվելու են, որ չի լինի միառժամանակ հետո մի վիճակ, որ հին ծառերը կտրած կլինեն, իսկ նորերը՝ չորացած։

- Շահագրգռվածությունը թե՛ մեր, թե՛ վարչական շրջանների ղեկավարների կողմից է մեծ։ Ինչ էլ չանի կազմակերպությունը, խնամքը պետք է հասցնի։ Դա մեր պարտավորությունն է, ու առաջ Աստված, որ մի հատ չորացում անգամ չունենանք։