Փաշինյանը ծածուկ է պահում իր համախոհների՝ Սյունիք գործուղումների նպատակները

Փաշինյանը ծածուկ է պահում իր համախոհների՝ Սյունիք գործուղումների նպատակները

Գրեթե երեք տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը տարեկան մի միլիոն անգամ ասել է, որ իր օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ: Փաշինյանից ավելի քան 100 տարի առաջ Հովհաննես Թումանյանը միայն մեկ անգամ ասել է՝ գործն է անմահ, լավ իմացեք: Պատմական անցքերն ապացուցել են Թումանյանի իրավացիությունն ու Փաշինյանի անկապությունը:
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ 1302-Ա որոշմամբ, Սյունիք գործուղեց իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին: Որոշման մեջ ո՛չ գործուղման նպատակ էր նշված, ո՛չ գործուղումից հետո հաշվետվություն ներկայացնելու կարգադրություն կար: Սա առնվազն տարօրինակ էր, որովհետեւ պաշտոնյաների գործուղումների որոշումներում այս երկուսը պարտադիր կետեր են: Սա արել են նախկին բոլոր վարչապետերը:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ 2017 թվականին, e-gov.am կայքում բացվեց «Գործուղումների հաշվետվություններ» բաժինը, որտեղ դրված առաջին փաստաթուղթը 2017 թ․ մայիսի 7-9-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ Լեհաստան այցի հաշվետվությունն էր:
Դառնանք գործուղումների նպատակներին ու արդյունքները հրապարակելուն: Կարեն Կարապետյանը, 2016 թ․ հոկտեմբերի 26-ի 992-Ա որոշմամբ, Շվեյցարիա էր գործուղել կառավարական պատվիրակություն՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 65-րդ նստաշրջանին Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ 5-րդ եւ 6-րդ պարբերական զեկույցների քննարկմանը մասնակցելու նպատակով: Նույն որոշմամբ հանձնարարել էր ՀՀ արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Նիկոլ Փաշինյանն էլ է նման որոշումներ կայացրել: Օրինակ. 2020 թ․ հունվարի 30-ի 96-Ա որոշմամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանին գործուղել է Շվեդիա՝ «Հասնելով գլոբալ նպատակներ 2030-ին» խորագրով ճանապարհային անվտանգության ոլորտում նախարարական 3-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու: Նույն որոշմամբ Պապիկյանը պարտավորեցվել է՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

2020 թ․ փետրվարի 26-ի 258-Ա որոշմամբ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին եւ նույն կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին գործուղել է Գերմանիա՝ «ITB Berlin 2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու։ Էկոնոմիկայի նախարարը պարտավորեցվել է ապահովել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ ՀՀ ԱԳՆ ներկայացնելը:

Իսկ ահա Արայիկ Հարությունյանի՝ Սյունիք գործուղումը մնաց անհասկանալի: Աղմուկ բարձրացավ, բայց բոլոր հարցերը քաղաքացիների հետ համաձայնեցնելու խոստում տված Նիկոլ Փաշինյանը բանի տեղ չդրեց այդ քաղաքացիներին: Ու շարունակում է այդ կեցվածքը: 2021-ի հունվարի 21-ին Փաշինյանը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին է գործուղել Սյունիք՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: Սա ընդհանրական ոչինչ չասող ձեւակերպում է: Ում հետ է հանդիպելու, ինչ հարցեր է քննարկելու՝ պարզ չէ, ու որոշման մեջ չկա հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

Մինչդեռ նույն օրվա 45-Ա որոշման մեջ հստակ գրված է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը եւ արտգործնախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը Իրան են գործուղվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու: Վահան Քերոբյանը հաշվետվություն է ներկայացնելու: Սա առնվազն տրամաբանական չէ: Նույն օրը գործուղման 2 որոշում կայացնել․ մեկը՝ հստակ եւ պարզ, մյուսը՝ մութ ու անհասկանալի: Սա նշանակում է, որ վրիպում չկա: Թշնամու հետ բանավոր պայմանավորվածություններով Սյունիքում տարածքներ հանձնող հողատու վարչապետը ծածուկ է պահում միայն իր հավատարիմների Սյունիք գործուղման նպատակները: Վատ, շատ վատ հոտ է գալիս սրանից:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ