Պատասխանատվության պահը

Պատասխանատվության պահը

Բնական ընտրությունը՝ որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, առաջին անգամ ներկայացվել է անգլիացի բնագետ Չ. Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունում: Բնական ընտրության շնորհիվ, ըստ Դարվինի, կենդանական աշխարհի այս կամ այն տեսակը հարմարվում է բնական միջավայրի փոփոխություններին, գրանցում զարգացում եւ կամ դուրս է մղվում միջավայրից ու անհայտանում: Մեծ հաշվով, այդ գործընթացը կարելի է պրոյեկտել ինչպես անհատների, այնպես էլ ազգերի ու պետությունների վրա: Կախված նրանից, թե ինչպես կհարմարվենք դինամիկ զարգացում ապրող աշխարհում, մենք կա՛մ կրկին մեր տեղը կզբաղեցնենք այդ աշխարհում եւ կա՛մ աստիճանաբար որպես ազգ կվերանանք: Բայց հենց սկզբից արձանագրենք, որ առաջնորդվելով իր «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վտանգավոր թեզով՝ Փաշինյանն անվարան դեպի անդունդ է տանում մեզ եւ մեր պետությունը: 

Այդ գործընթացը կարող էր կասեցվել մի քանի անգամ. 2020 թ. նոյեմբերի 10-ին, երբ Փաշինյանը թաքնվել էր բունկերում, իսկ ժողովուրդը «գրավել» էր կառավարական շենքերը, 2021-ի փետրվարին, երբ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունն անվստահություն հայտնեց Փաշինյանին, 2021 թ. հունիսի 20-ին, երբ առկա էր փոփոխություններ իրականացնելու ընտրական հնարավորություն: Սակայն բոլոր այդ հնարավորությունները փոզմիշ եղան:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը  փորձեց հերթական հնարավորությունը պատվիրակել Սահմանադրական դատարանի դատավորներին՝ հղում տալով հայրենիքի նկատմամբ պատմական պատասխանատվության երեւույթին: Կարծում եմ, որ այս մեկը եւս գրավելու է իր «պատվավոր» տեղը անհաջողությունների շարքում, եւ դրա վկայությունը տվեց ՍԴ նախագահը՝ ելույթ ունենալով Դ. Հարությունյանի եզրափակիչ խոսքից հետո: Մի այնպիսի տպավորություն ունեմ, որ ինչ-որ դաժան ճակատագրի անտեսանելի, սակայն հզոր ձեռք մեր հանրությանն անշեղորեն առաջնորդում է դեպի կործանում:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ տեղի է ունենում ինչ-որ անհասկանալի խնջույք ժանտախտի պահին: Սակայն, ի տարբերություն Ա. Ս. Պուշկինի ստեղծագործության հերոսների, մեր այսօրվա խնջույքի մասնակիցները չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը: Գիտակցելուն չեն կարողանում նպաստել նաեւ փոքրաթիվ այն անձինք, ովքեր վազվզում են սեղանի շուրջբոլորը՝ փորձելով սեղանակիցներին բան հասկացնել: Թե որքան կտեւի անբնական այդ խնջույքը՝ հայտնի է երեւի միայն վերը նշված անտեսանելի ձեռքին:

Եթե չլիներ այնպես, ինչպես ներկայացվեց, ապա չէր լինի նաեւ ՍԴ նախագահի նմանօրինակ արձագանքը Դ. Հարությունյանի սթափեցնող կոչին: Չէր լինի որպես դատաքննության երրորդ կողմ ներկայացված պետական կառույցների ղեկավարների կամ ներկայացուցիչների մերժելի դիրքորոշումը հունիսի 20-ի ընտրության արդյունքների բողոքարկմանը: Եվ, վերջապես, չէր լինի պատասխանատվության պահին, պետության նկատմամբ պատասխանատվության բացարձակ բացակայությունը դրան կոչված անձանց կողմից: