Ոտքի կանգնեցնելով, ասֆալտին փռելով, գովեստներ կորզելով՝ հարգանք չես նվաճի

Ոտքի կանգնեցնելով, ասֆալտին փռելով, գովեստներ կորզելով՝ հարգանք չես նվաճի

2018-ից հետո գործող իշխանությունը, ճիշտ է, շատ հարցերում կամաց-կամաց նմանվեց նախկիններին՝ ե՛ւ պահվածքի, ե՛ւ նիստուկացի, ե՛ւ գործունեության թափանցիկության, ե՛ւ հասարակության, լրատվամիջոցների հետ շփվելու, ե՛ւ շատ ու շատ այլ հարցերում։ Ու հատկապես նորերը սիրեցին իշխանական «կայֆերը»՝ փափուկ կյանքը, շրջագայությունները, պարգեւավճարները, տարբեր տենդերների մեջ մտնելը, ազգուտակերին, քավոր-սանիկներին աշխատանքի տեղավորելը։ Իսկ, որ առավել տխուր է՝ երիտասարդները Քրեական օրենսգիրքն ու ուժայիններին ամբողջ ծավալով սկսեցին օգտագործել իրենց իշխանությունը պահելու, մեկ անձի սպասարկելու համար։ 

Բայց ինչ-որ հարցերում, այնուամենայնիվ, ներկաները տարբերվում են նախկիններից։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ նոր ժամանակներում նաեւ որոշ նոր ավանդույթներ են ձեւավորվել։ Առաջներում երբեք իշխանություններին այսպես դաժանաբար եւ անխնա չեն քննադատել-հայհոյել։ Միշտ մի սահման պահպանվել է, եւ ընդդիմախոսները չեն անցել գոնե հայհոյանքի սահմանը։ Իսկ եթե ոմանք անցել են թույլատրելի սահմանները, ապա դա եղել է արմատական ընդդիմությունը, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը, նույն՝ Նիկոլ Փաշինյանը, որն առանց արգելակների ԱԺ ամբիոնից «օդում կախված լուրեր» էր հրապարակում տարիներ շարունակ։ 

Այսօր ոչ մի սահման պահպանված չէ, եւ դրանում, անշուշտ, մեղքի մեծ բաժինը հենց իշխանություններինն է՝ նրանք 2018-ին բացեցին «շլյուզները»։ Դագաղներն ու սեւ ժապավենները, սանձարձակ, սեռական հայհոյանքներ հնչեցնող ֆեյքերն ու համակիրները, ԱԺ եւ մյուս բոլոր ամբիոններից հնչող սպառնալիքներն ու ոչ քաղաքական խոսքը, որի առաջամարտիկը նույն Նիկոլ Փաշինյանն էր, իրենց սեւ գործն արեցին։ Հասարակությունը կարծեց, որ ամեն ինչ թույլատրելի է, ոչինչ պատժելի չէ, եւ ամենակարեւորը՝ չկան կարմիր գծեր, չկան հեղինակություններ, չկան կին ու տղամարդ, ընտանիք ու երեխա՝ բոլորին ամեն ինչ կարելի է ասել ու մարսել։

Ավելին՝ ընդդիմությանը, նախկիններին, լրագրողներին հայհոյողներն ու սպառնացողներն անգամ խրախուսվում էին, եւ մարդիկ տեսնում էին դրա՝ իրենց համար դրական հետեւանքները։ Մեկը լավ աշխատանք էր ձեռք գցում, մյուսը եկամտի տեր էր դառնում, երրորդին ԱԺ էին տանում եւ այլն։ Հիմա, երբ իշխանությունները երբեմն բողոքում են, որ իրենց հայհոյում են, «ընտանիք են մտնում», վարչապետի հասցեին անթույլատրելի լեքսիկոն են օգտագործում, դժվար է զսպել քմծիծաղը․ ինչ որ ցանես, այն կհնձես՝ ասում է ժողովրդական ասացվածքը։

Այլ ավանդույթներ էլ ձեւավորեցին 18-ին փողոցից իշխանության եկածները։ Նրանք իրենց հանդեպ հարգանքի պակասը սկսեցին լրացնել ուժով եւ պարտադրանքով։ Ինչո՞ւ են Սյունիքի համայնքապետերին այսօր հալածում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի դեմ են դուրս եկել։ Իշխանությունը մտածում է՝ եթե քրեական գործեր հարուցենք, ըմբոստ համայնքապետերին բանտ նստեցնենք, մյուսների համար դա դաս կլինի՝ այլեւս չեն ընդվզի, կանցնեն Նիկոլ Փաշինյանի թրի տակով։ 

Իշխանական քաղտեխնոլոգները մտածում են՝ հասարակության շրջանում նվազե՞լ է հարգանքը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հանդեպ՝ կստիպենք, որ կառավարության, Անվտանգության խորհրդի անդամները հոտնկայս դիմավորեն նրան, դա կցուցադրենք, դրա վրա կսեւեռենք հանրության ուշադրությունը, եւ մարդիկ կսկսեն հարգել նրան։ Գուցե անցյալում էլ են ՀՀ նախագահին այդ նիստերի ժամանակ հոտնկայս դիմավորել, բայց ոչ մեկի մտքով չի անցել այդ կադրերը հատուկ լուսանկարել եւ տարածել՝ որպես նախագահի հանդեպ հարգանքի դրսեւորում։ Պարզ է, որ մարդկանց ստիպողաբար ոտքի կանգնեցնելով՝ հարգանքը ղեկավարի հանդեպ չի ավելանալու։ 

Կամ՝ Մեղրիի հարգված քաղաքապետին՝ Մխիթար Զաքարյանին, ոչ միայն ապօրինի կկալանավորենք, այլեւ կպառկեցնենք գետնին, որ իմանա՝ ինչ է Փաշինյանին քննադատելը։ Ո՞վ կարող էր երբեւէ մտածել, որ ոստիկանությունը կարող է փողոցում նման շոուներ բեմադրել, նկարահանել ու ցուցադրել։ Հենց միայն միջազգային կառույցներն ու իրավապաշտպաններն այնպիսի աղմուկ կբարձրացնեին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, որ Հայաստանը կդառնար իզգոյ երկիր, իսկ նրա իշխանությունը՝ վայրենության մարմնացում։ 

Եվ մի նոր ավանդույթ եւս․ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, բիզնես աշխարհի հայտնի դեմքերի։ Այդ հանդիպումները տեսագրվում, նկարահանվում են, ապա դրանց մասին կառավարության լրատվականը հաղորդագրություններ է տարածում։ Դրանց բոլորի մեջ անպայման շեշտվում է հյուրի խոսքը՝ «պարոն վարչապետ», եթե կա քաղաքավարական մի արտահայտություն, գովեստի նոտա, համագործակցության մասին գեթ մեկ միտք, ապա անպայման դա տեղադրվում է տեքստում։ Իմաստն այն է, որ տեսեք՝ Փաշինյանին լավ են վերաբերվում, ընդունում են, հարգում են։ Մենք համեմատեցինք Էդուարդո Էռնեկյանին ընդունելու մասին հաղորդագրությունը նախկին իշխանությունների ժամանակ նրա ընդունելության հաղորդագրությունների հետ, իսկ Էռնեկյանն ընդունվել է բոլորի կողմից, բոլորի հետ համագործակցել է եւ, մի կասկածեք, բոլորի հասցեին էլ դրական խոսքեր է ասել։

Ասենք, Կարեն Կարապետյանին այցելելուց հետո լակոնիկ, պաշտոնական տեքստ է տարածվել, իսկ Նիկոլ Փաշինյանին այցելելուց հետո՝ է՛լ, «ես շտապում էի, որ գամ շնորհավորեմ Ձեզ», է՛լ «ես Ձեր տրամադրության տակ եմ», է՛լ «ահռելի ներդրումներ եմ անելու» եւ այլ զեղումներ։ 

Կամ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը վերջին 1-2 տարին առհասարակ չկար ասպարեզում, հրավիրվել է կառավարություն՝ հանդիպման, եւ երկու էջանոց հաղորդագրության կեսն այս մոռացված կուսակցության նախագահի հուզված խոսքն է, որտեղ նա շեշտում է, որ Փաշինյանը շատ բարդ խնդիրներ պետք է լուծի, նա ի վիճակի է դա անել եւ այլն։ Նկատելի է, որ մարդը երախտապարտ է, որ իրեն հիշել են, հրավիրել են, կարեւորել են։

Ակնհայտ է, որ իշխանությունը մի կողմից «փչացնում» է այս մարդկանց՝ նրանց հրավիրելով կառավարություն, նրանց գովեստները՝ վարչապետի հասցեին հրապարակելով, մյուս կողմից փորձում է դրանով վարչապետի խաթարված հեղինակությունը վերականգնել։ Հետաքրքիր է՝ այդ մարդիկ նախապես տեղեկացվո՞ւմ են, թե ինչ հաղորդագրություն են տարածելու իրենց այցից հետո։
Եվ մի նոր ոճ եւս․ մարդկանց ազատելով բարձր պաշտոններից՝ անպայման որեւէ այլ գործ են առաջարկում, որ նոր հակառակորդներ ձեռք չբերեն։

Չէ՞ որ հայ մարդն իր մի կտոր հացը բոլոր սկզբունքներից վեր է դասում։ Երեկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե՝ հերթական անգամ հերթական խայտառակ կադրին ներկայացնելու․ Արգիշտի Քյարամյանը փոխարինել է Հայկ Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տարբեր աղբյուրների եւ տեւական ժամանակ ստացվող տեղեկատվության, բազում խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ եւ հրաժարվել է այնպես ու այնքան ծառայել, ինչպես ու ինչքան ծառայում են ՀՀ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը։ Նրա ազատման պատճառը հենց դա է։ Սակայն կառավարությունից ստացված հաղորդագրության մեջ մի կտոր Հայկ Գրիգորյանի խոստովանությունն է՝ ուղղված վարչապետին։

«Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ եւ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ, եւ թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ եւ իմ գործընկերներին»,- ասել է աշխատանքից ազատված ՔԿ պետը:

Սա եւս նոր ձեռագիր է՝ նվաստացնել, ստիպել, որ դիֆերամբներ կարդան, շնորհակալություն հայտնեն, չնայած զրկվել են պաշտոնից։ Թե ինչն է նման դեպքերում առաջնորդում այդ անձանց՝ հետապնդումների հանդեպ վախը, սպառնալիքները, հետագա պաշտոնի ու կարգավիճակի ակնկալիքները, թողնում ենք իրենց խղճին։

Սվետա Մարտիրոսյան