Արյունոտ խրախճանք

Արյունոտ խրախճանք

Թրամփն ի՞նչ իմանա, որ այս ամենը նաեւ իր մեղքով է կատարվում: ԱՄՆ նախագահական ընտրությունները լինեին եկող տարվա գարնանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, գուցե, չհամաձայնեին պատերազմ սկսել այս տարվա սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ Թրամփի համար մի շատ անհարմար պահի, երբ թափ էր հավաքում նախագահական ընտրարշավը: Բայդենն անխնա կրակում է, քարը քարին չի թողնում, որ հայ համայնքի ձայները տանի… Ի՞նչ կարող է հակադրել դրան Թրամփը… Մի խոսքով՝ ԱՄՆ-ում շատ խառն են, բայց եւ ստիպված են մի բան անել, որ ցույց տան, թե շատ են ուզում, որ Արցախում կրակը դադարի: Այնպես էլ չէ, որ Բայդենը կամ Թրամփը հաղթելուց հետո առաջին այցը կատարելու են Հայաստան կամ Արցախ: Նրանց համար կարեւորն այս մի քանի օրն անփորձանք անցկացնելն է, իսկ հետո՝ ինչ կլինի Արցախի եւ Հայաստանի հետ, մեղմ ասած՝ նրանց տեսլականին չէ:

Այս իմաստով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գրառումն ուղղակի շեդեւր է հիշեցնում: Թրամփը, որի համար սովորական բան է երկրներն ու դրանց ղեկավարներին շփոթելը, կարծես միայն CNN-ից է լսել Արցախի վերջին կռիվների մասին. «Շնորհավորանքներս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ հենց նոր համաձայնեցին պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, որն ուժի մեջ է մտնում կեսգիշերին։ Կփրկվեն բազում կյանքեր։ Հպարտանում եմ իմ թիմով»: Ինչպիսի՛ սեր, ոգեւորություն եւ գուրգուրանք առ Ադրբեջան եւ Հայաստան: Պարոն նախագահ, իսկ Թուրքիա՞ն… Ո՞ւր մնաց Թուրքիան, որ այս պատերազմի թիվ մեկ հրձիգն է ու ինքն է որոշում՝ լինի՞ հրադադար, թե՞ չլինի, փրկվե՞ն բազում կյանքեր, թե՞ չփրկվեն: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ Թրամփի այս գրառման ի հայտ գալու նախօրյակին Էրդողանն այնպես էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, որ թվում էր՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը հիմա-հիմա պատիվ կպահանջի այդ քոչվոր առաջնորդից: Բայց ոչ, ԱՄՆ-ում ընտրություններ են, իսկ ընտրությունների վրա ազդեցություն ունի նաեւ թուրքական տարրը:

Քանի դեռ ԱՄՆ-ն չի կողմնորոշվել հայ-ադրբեջանական էթնիկ հակամարտության մեջ, կողմնորոշման լուրջ խնդիրներ ունի նաեւ Միավորված ազգերի կազմակերպությունը: Ահավասիկ՝  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Սա էլ նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարությունն է. «Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կողմերին՝ լիարժեք եւ առանց հապաղելու, ըմբռնմամբ իրագործել համաձայնությունը եւ վերսկսել առարկայական, առանց նախապայմանների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Բարեւ Ձեզ, ինչպես ասում են: Պարոն Գուտերեշը, հավանաբար, տեղյակ չէ, որ այս պատերազմը սկսվել է օրեր անց հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից, որտեղ նույնպես կողմերին կոչ էր արվել նստել առարկայական, առանց նախապայմանների բանակցությունների: Եվ մինչ հայկական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչ կնշանակի «վերսկսել առարկայական, առանց նախապայմանների բանակցություններ» ձեւակերպումը, Ադրբեջանը սկսեց «առարկայական ու առանց նախապայմանների» պատերազմը: Եվ ապա՝ պարոն Գուտերեշ, ենթադրենք՝ Թրամփը վերընտրվելու խնդիր ունի եւ մոռանում է Թուրքիային իր տեղը ցույց տալ:

Իսկ ի՞նչ խնդիր ունեք Դուք, որ ոչ միայն Թուրքիան եք մոռանում հիշատակել, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրից Ադրբեջան բերվող զենք-զինամթերքն ու ահաբեկչական հորդաները: Մի՞թե դա ՄԱԿ-ի խնդիրը չէ:

Փակելով արցախյան խնդրում ԱՄՆ-ՄԱԿ խաղաղասեր տանդեմի թեման՝ նկատենք նաեւ, որ ԱՄՆ նախագահը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, չնույնականացնելով նախահարձակ կողմին, ընդամենը ջուր լցրին մարդասպան Էրդողանի եւ Ալիեւի ջրաղացին: Նրանք իրենց ոչինչ չասող հայտարարություններով փոշիացրին նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին հայտարարություններից ու մեկնաբանություններից միջազգային հանրության մեջ առաջացած տպավորությունները: Վերջապես մի նորմալ խոսք էր ասվել միջազգային հանրությանը, ասվել էր գերտերության ղեկավարի կողմից, ու մեկ էլ Մնացականյան Զոհրաբին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ տանում են Վաշինգտոն, որ կրկին հավասարության նշան դնեն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ:

Ռուսաստանը կողմնակից չէ այն տեսակետին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով՝  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, АМНА լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածությունն ունեն իրենց նյուանսները: Սա հստակ ակնարկ է այն մասին, որ ռազմական լուծում չունեցող հարցին միջամտում է Թուրքիան՝ շահարկելով իր «նյուանսները»: Ռուսաստանի «նյուանսները» հասկանում ենք, հասկանում են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ողջ աշխարհը: Չմոռանանք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դեռ բազմաթիվ հարցեր են մնացել չլուծված, այդ թվում նաեւ ազգային հարցը, որ ժամանակին, իբր, լուծվել էր կոմունիստ ղեկավարների կողմից: Իսկ ազգային հարցերը երբեք չեն շրջանցում տարածքային վեճերը, եթե տվյալ տարածքը բնակեցված է կոնկրետ ազգության պատկանող բնակչությամբ:

Այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունները, թե Արցախի հարցն իր ներքին հարցն է, թե Արցախը երբեք անկախություն չի ստանա եւ այլն, մեղմ ասած, տափակ մտասեւեռումներ են, որովհետեւ Արցախը ոչ թե Ադրբեջանից անկախանալու հարց է դրել, այլ անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը՝ որպես Խորհրդային Միության ազգային-ինքնավար սուբյեկտ: Եվ միանգամայն այլ հարց է, որ Ադրբեջանը 90-ականների սկզբներին զինված հարձակում գործեց Արցախի վրա՝ մտածելով օգտվել իրավիճակից եւ զավթել ԽՍՀՄ-ից անկախացած այդ «հողակտորը»: Եվ ահա, 30 տարի անց, երբ Արցախը մոտ է միջազգայնորեն ճանաչվելուն, Ադրբեջանին բացահայտ միացել է Թուրքիան՝ հասկանալով, որ Արցախի անկախության ճանաչմամբ վերջ կդրվեն նաեւ իր ծավալապաշտական նկրտումներին՝ ընդարձակվել դեպի Ադրբեջան, ապա՝ Առաջավոր եւ Միջին Ասիա: Թուրքիայի՝ Ռուսաստանի համար սարսափելի վտանգներով հղի այս ձգտումները, բնականաբար, հասկանալի ու տեսանելի են Լավրովին, բայց մյուս կողմից էլ հմուտ դիվանագետը պարզորոշ տեսնում է Թուրքիային հովանավորող եւ առաջ մղող ուժը՝ Արեւմուտքը, որից դեռ պետք է պաշտպանել Ղրիմը, Կովկասը, միջինասիական ազդեցության գոտիները եւ անգամ հեռավորարեւելյան կղզիները:

Թուրքիայի ներգրավվածությունն այս մեծ խաղում, մասնավորապես Ղրիմի, Վրաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ, հազիվ թե կարելի է «նյուանս» որակել եւ հուսալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծում կունենա երբեւէ: Լավրովը խաղաղ լուծման հնարավորությունը փորձում է բացատրել հայերի եւ ադրբեջանցիների հետ Ռուսաստանի եղբայրությամբ եւ բարեկամությամբ, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն արդեն դուրս է եկել եղբայրության եւ բարեկամության կոչերով կերակրվելու տարիքից ու ամբողջությամբ տրվել իր եղբայր Թուրքիայի եւ Արեւմուտքի ծրագրերի իրականացմանը: Ասվածի ապացույցը հրադադարի երեք պայմանավորվածությունների խախտումն է: Եվ Ադրբեջանին սաստելու միակ ձեւն այսօր կոշտ ու ցավեցնող հակահարված հասցնելն է, մի բան, որ Ռուսաստանի մոտ միշտ էլ լավ է ստացվում: Դա կարվի մե՞ր, թե՞ հակաահաբեկչության դեմ պայքարի նպատակով Ադրբեջանում հայտնված ռուս խաղաղապահների ձեռքով, էական չէ այլեւս: Էականն այս դեպքում չուշանալն է: Կշարունակի՞ Լավրովը հայ-ադրբեջանական խաղաղության կոչերով առաջ գնալ, խնդրեմ, բայց այդ պարագայում նա չի հասցնի նկատել, թե ինչպես թուրք ենիչերիները հայտնվեցին Ղրիմում ու Դոնբասում: