Այնուամենայնիվ` 80-ականների «ամոթալի» զենքով…

Այնուամենայնիվ` 80-ականների «ամոթալի» զենքով…

Այս օրերին ոմանք կարծիք են հայտնում, որ եթե չլիներ այսօրվա իշխանությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա թշնամին վաղուց մտել էր Հայաստան: Նման կարծիք հայտնում են հատկապես իշխանության ներկայացուցիչները: Համեմատություններ են տարվում ապրիլյան եւ այսօրվա պատերազմների միջեւ: Ըստ այդ «վերլուծաբանների»՝ այսօրվա բանակը փայլուն դիմակայում է թշնամուն, քանի որ Փաշինյանի օրոք ՀՀ բանակը սպառազինվել է վերջին սերնդի զինտեխնիկայով, բանակի իրավիճակը բարելավվել է:  

Ս․թ․ հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. «2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» եւ «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ՝ չօգտագործված»:

Օրերս TV 5-ի «Հարցազրույցի» տաղավարում հյուրընկալվել էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ագնեսա Խամոյանի հարցին` կապված մեծ աղմուկ հանած ՍՈՒ-30-ի կիրառման օգտակարության մասին, Արծրուն Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց, չմանրամասնեց, թե կոնկրետ ինչպես է այն կիրառվում՝ համարելով դա ռազմավարական գաղտնիք: Հարկ է նշել, որ որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ աղմուկ հանած այդ կործանիչը գնելն ապարդյուն էր, քանի որ բավականին թանկ է եւ գնի համեմատ` ոչ արդյունավետ:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց նաեւ, որ ՍՈւ-30-ն աշխարհի բարդագույն կործանիչներից է, բարդ զինատեսակ է եւ ունի ադապտացիոն շրջան, յուրացման տեւական փուլ, ու քանի որ այն ընդամները մեկ տարի առաջ է ձեռք բերվել, դրա բոլոր ռազմական կարողությունները չեն կարող կիրառվել, դրանք հայ մասնագետների կողմից յուրացման փուլում են: Լրագրողի մյուս հարցին ի պատասխան, թե այս 30 օրվա ընթացքում մենք կռվում ենք, ըստ էության, այդքան աղմուկ հանած 80-ականների, 60-ականների զենքերով, ՊՆ ներկայացուցիչը մասնավորապես ասաց. «Ամբողջ աշխարհում, նույնիսկ ԱՄՆ-ի ամենաարդիական սպառազինության  մեծամասնությունը 80-ականների զինատեսակներն են, ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը 80-ականների զինատեսակներն են: Այսօր մեր հրետանային լավագույն միջոցները` սմերչները, որոնցով մենք շատ հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Դրանք արդարացնում են իրենց, շատ հաջողված զինատեսակներ են, իմաստ չունի փոխել… Այս ամբողջ պատերազմի ընթացքում Դ 30-ը կրակում է, այն մեր հրետանու ողնաշարն է, ի՞նչ անենք, որ 60-ականների է, իրեն արդարացնում է»: Փաստորեն, ստացվում է, որ այս պատերազմում հայկական բանակը լայնորեն կիրառում է 80-ականների, 60-ականների զինատեսակները, որոնք, սակայն, վարչապետ Փաշինյանի կողմից ժամանակին արժանացել էին «ամոթանքի»…

ՀԳ․ Հիշենք, որ Արտակ Զաքարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կապանյան հայտարարությանը, Ֆեյսբուքում գրել էր․«ՀՀ զինված ուժերում կան ե՛ւ 80-ականների, ե՛ւ 90-ականների, ե՛ւ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը։ Որպես պաշտպանության նախկին փոխնախարար՝ խորհուրդ եմ տալիս՝ եւս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված «ԶՈՒ արդիականացման 2018-24 թթ․ ծրագիրը»: Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈւ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում եւ հետեւողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակը տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկաները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման եւ ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները»:

Արտակ Զաքարյանի խոսքերն այսօր իրականություն են դարձել…